Ձիթապտղի ոչ ռաֆինացված Extra Virgin տեսակի յուղի մշտական օգտագործումը սննդակարգում կարող է նպաստել մարդու աղեստամոքսային համակարգի առողջ վիճակի պահպանմանը, օգտակար բակտերիաների ավելացմանը։ Այս մասին հայտարարել են Սեւիլիայի համալսարանի մասնագետները, ըստ Nutrients պարբերականի փոխանցման։ Մասնագետները նշում են, որ հատկապես օգտակար է առաջին սառը քամումից ստացված ձիթապտղի յուղը՝ մարդու առողջության համար։
Ի տարբերություն ռաֆինացված ձիթայուղի, այն պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ՝ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք դառնում են սնունդ օգտակար բակտերիաների համար։ Արդյունքում ավելանում է կարճաշղթա ճարպաթթուների արտադրությունը, ամրանում է աղիների պաշտպանական համակարգը, նվազում են բորբոքային պրոցեսները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված դասակարգի ձիթապտղի յուղը նվազեցնում է բակտերիալ տոքսինների՝ արյան մեջ հայտնվելու հավանականությունը, նվազեցնելով որոշ բորբոքային ցուցանիշներ եւ բարերար ազդեցություն ունենալով մարդու նյութափոխանակության վրա։