ԿԱԻ-ն կվերածվի հիմնադրամի՞

ԿԱԻ-ն կվերածվի հիմնադրամի՞

Մենք քանիցս գրել ենք, որ կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներին մինչեւ մարտի 31-ը ժամկետ են տվել եւ զգուշացրել, որ հնարավոր է՝ այսուհետ նրանք այլեւս չաշխատեն։ 
Մեր տեղեկություններով՝ գալիք շաբաթ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հանդիպի կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցների հետ եւ քննարկի ինստիտուտի հետագա ճակատագիրը։ Ըստ այդմ էլ՝ ԿԱԻ-ն պետք է լուծարվի, տեղը նոր կառույց պետք է ստեղծվի՝ նոր աշխատակիցներով։
ԿԱԻ-ի ավագ սերնդի աշխատակիցները, որոնք կենսաթոշակային տարիքի են, ըստ մեր աղբյուրի, նախընտրում են չբողոքել, բողոքում են երիտասարդները։

Չնայած ԿԱԻ-ի ճակատագիրը անորոշ է, սակայն, ըստ մեր աղբյուրի, օր չի լինում, որ կրթության եւ գիտության նախարարությունից որեւէ հանձնարարություն չստանան, որոնք վերաբերում են հիմնականում փորձագիտական եզրակացություններին։

«Իրենք չեն հասկանում, մենք պետք է գրենք փորձագիտական եզրակացություններ։ Բայց նախարարը մի տասն անգամ ասել է, որ վերապատրաստման գործառույթը վերցնելու ենք ԿԱԻ-ից»,- ասաց մեր աղբյուրը։

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինստիտուտի լուծարումը կարող է լինել կառավարության որոշմամբ, իրենք էլ դրան են սպասում։
«Կրթության ազգային ինստիտուտը ՓԲԸ է, օրենսդրությամբ հնարավոր չէ այն վերակազմակերպել։ Եթե ուզենաս այն դարձնել հիմնադրամ, որի նպատակը կա, ՓԲԸ-ն պետք է լուծարվի, ստեղծվի հիմնադրամ»,- ասաց Նորայր Ղուկասյանը։ Նա հաստատեց մեր տեղեկությունը, որ գալիք շաբաթ նախատեսված է Արայիկ Հարությունյանի եւ կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցների հանդիպումը։ 

ԿԱԻ-ի տնօրենը հիշեցրեց, որ ինստիտուտի շուրջ պրոցեսները սկսվել են դեռ 2016 թվականից, Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակներից։ 

«Դրված էր ինստիտուտի արդյունավետության բարձրացման հարց։ Կառավարությունում այն ժամանակ կար ռազմավարական հետազոտությունների կենտրոն։ Եվրոպայից կարծեմ 2017թ․ հրավիրեցին մասնագետներ։ Նրանք եկան, մեզ հետ շփվեցին, հարցազրույցներ արեցին, ծանոթացան ինստիտուտի կանոնադրությանը, գործառույթներին, հանդիպեցին աշխատակիցների հետ, տվեցին եզրակացություն, որը ՓԲԸ-ի կարգավիճակը կրթական  կազմակերպության համար շահույթ հետապնդելու առումով  նպատակահարմար չէ։ Նույնիսկ այն ժամանակ քննարկում եղավ, տարբեր մասնագետներ հիմնավորեցին, որ շահույթ հետապնդելը ճիշտ չէ կրթական հաստատության համար։

Այսինքն՝ պետք է անցում կատարել հիմնադրամի։ Իսկ այդ անցումը ՀՀ օրենսդրությամբ հանարավոր է մեկ ձեւով՝ լուծարել եւ նորը ստեղծել։ Վերակազմակերպման ձեւով դա հնարավոր չէ։ Այնտեղ կար նաեւ ժամանակացույց։ 2017թ․ մենք անցանք օպտիմալացման առաջին փուլը՝ կրճատվեցին Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Ստեփանակերտի մասնաճյուղերը։ Սրանից զատ՝ կրճատվեց 87  հաստիք։ Ըստ եվրոպացի փորձագետների եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ 2018թ․ պետք է շարունակվեր այդ պրոցեսը, ինչը նշանակում էր լուծարել մյուս մասնաճյուղերը, իսկ երեւանյան գրասենյակը վերածել հիմնադրամի։ Եղավ հեղափոխություն, կառավարությունը փոխվեց, սակայն այդ վերլուծությունները մնացին։ Ուղղակի հեղափոխություն եղավ, նոր կառավարություն ձեւավորվեց, սակայն խնդիրը մնաց։ Պետք է ուղղակի լուծարել ու նորը ստեղծել, այլ ճանապարհ չկա»,- մեզ հետ զրույցում նշեց Նորայր Ղուկասյանը։