Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների կգնա

Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների կգնա

Անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ու տապալված հեղաշրջումից հետո Արցախում քաղաքական բուռն իրադարձություններ են զարգանում։ Արայիկ Հարությունյանը որոշել է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել եւ հույս ունի իր գծած սցենարը կյանքի կոչել, իսկ հայաստանյան իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Արցախի ներքաղաքական կյանքի նոր փորձություն է ծրագրել, որը եւս կիրագործի սահմանադրական փոփոխություններից հետո։

Հիշեցնենք․ մենք գրել էինք, որ Փաշինյանը Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել. ծրագրել են նախ տապալել բյուջեի ընդունումը խորհրդարանում, ապա այդ հիմքով Արցախի նախագահին անվստահություն հայտնել: Արդյունքում Արցախը նախագահ չէր ունենա եւ կզրկվեր սուբյեկտայնությունից ու այլեւս նախագահ չէր կարողանա ընտրել: Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դրա առաջին մասը` Արցախի 2022 թվականի բյուջեն ընդունվել է: Ինչպես տեղեկացրել էինք՝ Փաշինյանը որոշել է, որ «զադնի չի դնելու», եւ այս գործընթացի երկրորդ սերիան է սպասվում։ Տեղեկացանք, որ ՀՀ իշխանությունները ճնշումներ են գործադրում ԱՀ իշխանությունների վրա սահմանադրական փոփոխություններ անելու պահանջով։

Փաշինյանը Բաբայանին տեսնում է Արցախի վարչապետի պաշտոնում եւ սահմանադրական փոփոխությունների, ապա խորհրդարանական նոր ընտրությունների արդյունքում հույս ունի Արայիկ Հարությունյանից ազատվել եւ Բաբայանին հանձնել Արցախի իշխանությունը։ Հայտնի է նաեւ, թե ինչու է Հարությունյանը գնում Սահմանադրությունը փոփոխելու ճանապարհով, որը լի է իր իշխանության համար վտանգներով։ Նախ տեղեկացնենք, որ, տարեվերջից սկսած, Հարությունյանն արցախյան քաղաքական շրջանակների հետ ակտիվ քննարկում է այդ փոփոխությունների հարցը։ Դա հիմնավորելու են նրանով, որ ուզում են ազատվել պետության կառավարման գործող մոդելից, որը դեռեւս 2017-ին բնորոշում էին որպես «անհայտ մի բան կամ աջաբսանդալ», մոդել, որը չի աշխատում։

17-ին նախագահական կառավարման համակարգից անցում էին կատարել իբր կիսանախագահականին, փորձել տարանջատել օրենսդիր եւ գործադիր մարմինները, սակայն ստացվել էր սուպերնախագահական համակարգ, որտեղ կառավարության եւ օրանսդիրի միջեւ փոխզսպումների, հակակշիռների մեխանիզմ չի գործում, եւ այս երկու մարմինները դարձել են միմյանց փոխկապակցված, որոնցից մեկի հրաժարականը հանգեցնում է մյուսին, միաժամանակյա ընտրություններ են լինում, եւ էլի բազում ինստիտուցիոնալ խնդիրներ։

Արայիկ Հարությունյանի նպատակը ոչ այնքան ինստիտուտների տարանջատումն է (հատկապես, որ 2017-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ ինքն էր առաջնորդում «Այո»-ի շտաբը), որքան դրա անվան տակ իր իշխանության երկարաձգումը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի հանրության կողմից ոչ լեգիտիմ նախագահ ընկալվող Հարությունյանը ծրագրել է սահմանադրական փոփոխություններից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որը, ըստ էության, պարտադիր է ցանկացած նման փոփոխությունից հետո, քանի որ 6 ամիս անց նոր Սահմանադրությամբ պետք է իշխանություն ձեւավորվի։

Խորհրդարանական ընտրություններին վարչական լծակների գործադրմամբ յուրային խորհրդարան կձեւավորի, որտեղ դաշնակից ուժերի հետ կոալիցիայի արդյունքում Հարությունյանի ուժը մեծամասնական մանդատ կստանա, ապա խորհրդարանը, ըստ նոր մոդելի ընձեռած հնարավորության, գործող նախագահին՝ Արայիկ Հարությունյանին վստահություն կհայտնի, եւ նա հնարավորություն կստանա մինչեւ 2025 թվականը մնալ իր պաշտոնում՝ միեւնույն ժամանակ ձեռք բերելով կամ վերականգնելով իր լեգիտիմությունը։ Սա գրեթե Հայաստանում տեղի ունեցածի կրկնությունը կլինի։

Ուշագրավ է, որ Արցախի քաղաքական ուժերի շրջանում սահմանադրական փոփոխությունների հարցում կա կոնսենսուս։ Բացի այն, որ տեղի կունենա վերը նշված տարանջատումը, Հարությունյանը խոստացել է ընդդիմությանը հասանելիք վերահսկողական լծակները մեծացնել եւ ներգրավել պետական կառավարմանը։ Մինչեւ հունվարի վերջը, ըստ էության, կձեւավորվի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, կմշակեն հայեցակարգ, որը հանրային քննարկման կդրվի, դրա սահմանադրականությունը կհաստատվի Գերագույն դատարանում, ապա Արցախի ժողովուրդը հանրաքվեով կհաստատի կամ կմերժի նոր Սահմանադրությունը։ Եթե փոփոխությունները հաստատվեն, 6 ամիս անց խորհրդարանական նոր ընտրություններ կկայանան։ Տարբեր հաշվարկներով, փոփոխությունների համար 6-9 ամիս կպահանջվի։
Երեկ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ իր ասուլիսում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները պատերազմից հետո այլընտրանք չունեն։

Նրա խոսքով` թեեւ կառավարման մոդելի հետ կապված վերջնական որոշում դեռեւս չկա, սակայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում եկել է այն եզրահանգմանը, որ սահմանադրական փոփոխությունների առանցքում պետք է լինի ԱԺ-ի եւ նախագահի ընտրությունների առանձնացումը։ 

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա արցախյան շրջանակներում կասկած չունեն, որ պատերազմից հետո նրա վարկանիշն անկում է ապրել, եւ նա ցանկացած դեպքում չի հաջողելու իր ծրագրերում։ Իսկ եթե Փաշինյանի աջակցությամբ փորձի խժդժություններ անել, ապա Արցախի իշխանությունները ջրի երես կհանեն պատերազմական օրերի մութ կետերը, այդ թվում՝ ինչ-որ ֆինանսական մեքենայություններ։