Ալիեւի բոլորական տապալումը

Ալիեւի բոլորական տապալումը

Համաձայն Հայկազյան բառարանի՝ հայերենում գոյություն ունեն ոչ միայն «ամբողջովին» եւ «ամբողջական», այլեւ «բոլորովին» ու «բոլորական» բառաձեւերը։ Ինձ թվում է՝ այս վերջին բառը՝ «բոլորական», ճշգրիտ բնութագրում է այն համապարփակ ու ամբողջական տապալումը, որ անցյալ շաբաթավերջին վիճակվեց Իլհամ Ալիեւին՝  Արցախում։ 
Խնդիրն այն չէ, որ ողջ աշխարհը՝ Փարիզի քաղաքապետից մինչեւ ԱՄՆ պետքարտուղար ու Կոնգրեսի հանձնաժողովներ, ԵՄ բարձր ներկայացուցիչ ու Կրեմլի խոսնակ, Լաչինի միջանցքից են խոսում, ընդսմին՝ ոչ միայն պահանջելով միջանցքի բացում, այլեւ արդեն չթաքցնելով, որ եթե Ալիեւի բթամտությունը շարունակվի, արդյունքը կարող է լինել ինչպես պատժամիջոցների սահմանումն Ալիեւի ռեժիմի դեմ, այնպես էլ ԼՂ հայության ցեղասպանությունը կանխելու անվան ներքո ավելի արմատական ու հեռահար քայլերը։ Հետեւաբար, Ալիեւն այնքան էլ երկար ժամանակ չունի դատարկ գլուխը տմբտմբացնելու։

Խնդիրը նաեւ այն չէ, որ Արցախում անցյալ շաբաթվա վերջին ընտրեցին նոր նախագահ, եւ նա երդմնակալությամբ ստանձնեց պաշտոնը։ ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր նախագահի երդմնակալությունը, խորապես տպավորիչ էր՝ իր լակոնիզմով, վարողի գեղեցիկ հայերենով, իմաստալից ու կարճ խոսքերով, ԼՂՀ նախկին նախագահների ներկայությամբ,  հոգեւորականի բերած օրհնությամբ ու ներկաների աննահանջ, հաստատուն հայացքներով։ Ես սովորություն չունեմ կյանքի դրվագներն արվեստի գործերի հետ զուգադրելու, բայց Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունն ասես հայոց պատմության մեջ բազմիցս գումարված աշխարհիկ-հոգեւոր ժողովներից մեկը լիներ, որոնց մասին բոլորս գիտենք մեր պատմիչների գործերից ու պատմավեպերից, երբ ճակատագրական ժամերին հայոց ավագանին եւ հոգեւոր դասը հավաքվել են ոչ այնքան իրադրություն քննարկելու կամ քայլ որոշելու, որքան ամենքին տեսանելի եւ հասկանալի քայլի մասին ի լուր աշխարհի հայտարարելու, դրան զինվորագրվելու եւ հառաջ շարժվելու։ Արցախում 2023-ի սեպտեմբերի 10-ին Սամվել Շահրամանյանի երդմնակալության արարողությունը՝ ներքին դրամատիզմով, ժլատ խոսքերով, շարժումներից ու հայացքներից հորդող վճռականությամբ, խաչակնքումներով, ասես հազարամյակների ընթացքում գումարված հայոց ավագանու բախտորոշ ժողովների կրկնություն լիներ։ Եվ դա նույնիսկ հուզիչ էր։ 

Այլ հարց, որ ողջ այդ ներքին լարումը, հուզականությունը կարող էին հասու լինել միայն նրան, ով հայ է եւ հայոց պատմություն գիտի։ Մնացյալ աշխարհի համար տեղի ունեցողը չճանաչված պետական կազմավորումում իրականացվող պետական մարմնի ձեւավորման փաստ էր, որից Ադրբեջանի նախագահը նորից սկսեց պատեպատ զարնվել ու ինքնիրեն ծվատել։ Եվ ի՞նչ էր պահանջում աշխարհից․․․ Դատապարտել Արցախում անցկացված ԼՂՀ նախագահի ընտրությունը։ 

Հենց այդ պահանջն էլ դարձավ Իլհամ Ալիեւի այնպիսի մասշտաբների ձախողման ու տապալման հիմքն Արցախում, որ այդ ֆիասկոն նկարագրելու համար պետք էր Հայկազյան բառարանում բառ փնտրել։ Ալիեւը՝ հիստերիայի նոպայի մեջ, թե այլընտրանք չգտնելուց, կոչով դիմեց միջազգային հանրությանը, պետություններին ու կառավարություններին՝ հոդորելով ու պահանջելով՝ դատապարտել Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունը։ 
Աշխարհում կա ՄԱԿ-ի անդամ հանդիսացող շուրջ երկու հարյուր պետություն, որոնց զգալի մասը հազիվ թե Ալիեւի կամ Ազերբայջանի անուն լսած լինի, ուր մնաց Բաքվից հնչող կոչերին ուշադրություն դարձնի։ Սակայն միայն Եվրոպայի խորհրդում մոտ հինգ-վեց տասնյակ երկիր կա, որոնք գիտեն ե՛ւ Ադրբեջանի անունը, ե՛ւ Ալիեւի կոռումպացված, բռնատիրական ու հանցագործ ռեժիմի էությունը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի տասնամյակների հակամարտության պատմությունը։ Նույնը գիտեն նաեւ մի քանի տասնյակ երկրներ Մերձավոր Արեւելքում, այլեւս չասած՝ այլ մայրցամաքներում գտնվող խոշոր տերությունների մասին։ Հանրագումարում՝ երեւի մի հարյուր երկիր այս երկրագնդի վրա, որ Արցախի նախագահի ընտրությունը դատապարտելու Ալիեւի կոչը լսելիս գիտեին, թե ինչ մասին է խոսքը։ Ե՞վ․․․ 

Այդ շուրջ հարյուր պետությունից քանի՞սն Իլհամ Ալիեւի կոչին ականջալուր եղավ, առավել եւս՝ Արցախի նախագահի ընտրություն դատապարտեցին։ Ոչ մեկը, տառացի եւ բառացի՝ ոչ մեկը, բացառությամբ Թուրքիայի։ Դե, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները Հայաստանում, առանց որեւէ մեկին վիրավորել ցանկանալու, զուտ ալեգորիկ արտահայտությանը տուրք տալով, բնորոշվում եւ ընկալվում են որպես «շան եւ պոչի» հարաբերություններ, որտեղ պոչի դերում Ադրբեջանն է, եւ երբեմն այդ պոչը կարողանում է շանը շարժել։ Այս դեպքում էլ էր կարողացել։ Թուրքիայի ԱԳՆ-ից մի տխմար հայտարարություն էին տարածել, որտեղ ավելի շատ ստախոսություն եւ փաստերի աղավաղում կար, քան ուրիշ մի բան։ Այն ուշադրության արժանի է ընդամենը այնքանով, որ միակն է, որ դատապարտել է Արցախում անցկացված նախագահական ընտրությունը։

Եվս մի երկու-երեք երկիր հայտարարել են, թե չեն ճանաչում Արցախի նախագահի ընտրությունը, այդ թվում՝ Վրաստանը։ Վրաստանի պարագան հասկանալի է, Վրաստանը՝ ինքը, տարածքային ամբողջականության խնդիր ունի, հետեւաբար, ազգերի ինքնորոշման պաշտպանության հարցերը չեն իր համար առաջնային։ Այդուհանդերձ, Վրաստանը հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունը, բայց այնտեղ չկա այդ ընտրությունների անցկացման փաստի դատապարտում, ինչի համար Ադրբեջանը կոչ էր արել։ 

Իսկ ընտրության արդյունքները չճանաչելը եւ ընտրությունների անցկացման փաստը դատապարտելը տարբեր իրողություններ են։ Այնպես որ, ՄԱԿ ԱԽ-ի օգոստոսյան նիստից հետո, որտեղ գրեթե բոլոր երկրները կոչ արեցին՝ բացել Լաչինի միջանցքը, դրանով ցույց տալով, որ բնական եւ ճիշտ են համարում Արցախի՝ Հայաստանին ինտեգրված մնալն ու այդ ինտեգրման պահպանումը, այժմ Իլհամ Աիեւի երկրորդ եւ ավելի մասշտաբային ֆիասկոն արձանագրվեց։ Այժմ հարյուրի հասնող երկիր՝ Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում, անտեսելով Ալիեւի կոչերը եւ առհասարակ չանդրադառնալով կամ անդրադառնալու պարագայում էլ չդատապարտելով Արցախում կայացած նախագահական ընտրությունը, լռելյայն ազդարարեց, որ իրենցից որեւէ մեկն Արցախը որպես Ադրբեջանի մաս չի ընկալում եւ «Արցախի հայության համախմբումը դե ֆակտո իշխանության շուրջ», ինչպես ԵՄ-ն էր ձեւակերպել, կարեւոր է համարում։ Հիմա Իլհամ Ալիեւը թող գնա ու որքան ցանկանում է՝ ինքզինքը կծոտի, գլուխն էլ որ պատին ցանկանում է՝ զարնի։