Բաժանարար գծեր եւ խրամատներ չպետք է լինեն

Բաժանարար գծեր եւ խրամատներ չպետք է լինեն

Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել մի շարք բուհերի դասախոսների հետ եւ քննարկել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը։

Նախարարի այն դիտարկմանը, որ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, մենք պակաս հայրենասեր քաղաքացիներ չենք ունեցել, գրականագետ Վարդան Դեւրիկյանն արձագանքում է․

«Արցախյան պատերազմի ժամանակ կամավորականության այդ մեծ պոռթկումը նաեւ անցյալի գիտակցությամբ էր պայմանավորված՝ հատկապես պատմավեպերի, խորհրդային շրջանի ամենատարածված գործերից էին պատմավեպերը, որոնք մասսայական տապաքանականերով էին լույս տեսնում։ Այսինքն այն ժամանակ անհամամետալի միջավայր էր, դա նույնն է, որ տանձն ու խնձորը իրար հետ համեմատենք։ Այն ժամանակ ուսանողությունը շատ ավելի կարդացած ու զարգացած էր եւ ընդհանրապես գաղափարական առաջնորդող այդ գիծը շատ շեշտված էր, իսկ այդ գիտակցությունը այսօր գնալով մարում է։ Ամեն դեպքում, եթե այդ առարկաների դասավանդմանը պատշաճ տեղ չհատկացնենք, երիտասարդության բնագավառում, միգուցե, լուրջ խնդիրներ ունենանք»։  

Հայոց լեզվի դասավանդումը, ըստ Դեւրիկյանի, հայրենասիրական հարցադրում չէ, այլ մասնագիտական հաղորդակցության խնդիր, իսկ հայ ժողովրդի պատմությունը՝ պատմության հայեցակարգերի դասավանդման խնդիր․ «Դա նույնիսկ քաղաքացիական մտածողության դասավանդում է եւ ոչ պարզապես դպրոցական դասվանդում։ Եթե հայոց լեզվի դասավանդումը՝ մասնագիտական դասավանդման եւ հայերենը, որպես գիտության լեզու պահելու հարց է, ապա առանց պատմության, մեր հայրենիքը վերածվում է տարածության, պատմությունը հանելը դա շատ կարեւոր հարց է։  Եթե մենք ոչ մասնագիտական բուհերից հանենք հայոց լեզուն, վաղը հայոց լեզվով գիտական գրականություն չենք ունենա»։ 

Այն, որ քննարկումից հետո նախարարը կարծես անդրդվելի մնաց եւ երկխոսություն տեղի չունեցավ, քանի որ կողմերից յուրաքանչյուրն իր տեսակետներն էր հնչեցնում, ապա․ «Ես չգիտեմ ինչ եղավ կամ չեղավ, բայց հայոց լեզուն եւ հայ ժողովրդի պատմությունը անվերապահորեն պետք է անցնեն բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ձեզ վստահեցնում եմ, որ այն կլինի, թե ինչ ձեւով այդ արդյունքին կհասնենք՝ այս պահին չգիտեմ, բայց հավատացնում եմ, որ դրանք դասավանդվելու են»,-ընդգծում է Դեւրիկյանն ու հավելում, որ չպետք է լինի ոչ մի բաժանարար գիծ «մենքերի եւ դուքերի» միջեւ․ «Ինչքան էլ շատ բաներից վրդովված լինեմ, ինչ որ տեղ նախարարին հասկանում եմ, ընդհանուր մեր երկրի մթնոլորտը, այդ լարվածությունը, նստացույցերը, հոգեբանորեն մարդուն լարում է ինչ որ ձեւով, բայց մեր կառավարության ներկայացուցիչները պետք է այնքան պետական մտածողություն, կամք ունենան, որ իրենք այդ բաժանարար գծերը չգծեն եւ այդ լիցքաթափումը բերեն»։ 

Տպավորություն էր, որ նախարարն անհարգալից է խոսում դասախոսների հետ եւ նրանց անընդհատ կշտամբում էր, սաստում, հորդորում, Վարդան Դեւրիկյանն առաջարկում է շատ չկենտրոնանալ նախարարի վարքագծի վրա, ավելին՝ նրան ինչ որ ձեւով լիցքաթափելու համար իրենց ինստիտուտի կողմից հեղինակած 2 թումանյանական հրատարակություն է նվիրել՝ ցույց տալու համար, որ այս կողմից էլ, այն կողմից էլ գիտական աշխարհի ներկայացուցիչներ են․ «Պետք է գիտակցել, որ ոչ մեկը ոչ մեկի թշնամին չէ, բաժանարար գծեր եւ խրամատներ չպետք է լինեն եւ պետք է միայն օպտիմալ լուծումներ գտնել մեր երկրի համար»։