Հումանիստական ագրեսիա

Հումանիստական ագրեսիա

Ագրեսո՞ր է, արդյոք, Ռուսաստանի Դաշնությունը: Համենայնդեպս, այդպես են համարում նախկինում խիստ ակտիվ, իսկ վերջերս համարյա լեթարգիական քուն մտած մի շարք հասարակական կազմակերպություններ եւ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող հայտարարություն են ընդունել: 

Այդ հարցը պարզելու նպատակով սկսենք բառարանից: Ըստ բառարանների, ագրեսորը որեւէ երկրի նկատմամբ ագրեսիա իրականացնող, զինված միջամտություն նախաձեռնող, զավթիչ, նվաճող, նախահարձակ երկիրն է: Իսկ ի՞նչ է ագրեսիան: Այն որեւէ պետության կողմից այլ պետության սուվերենության, տարածքային անձեռնմխելիության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված զինված ուժի գործադրումն է: Այսպիսով, առաջին հայացքից, Ռուսաստանն ագրեսիա իրականացնող երկիր է կամ մեկ բառով՝ ագրեսոր: Եվ կարծես թե հայտարարություն ընդունած կազմակերպությունները չեն սխալվել իրենց գնահատականում: 

Իսկ հիմա բառարաններից անցում կատարենք դեպի իրականություն: Եվ վերհիշենք, թե ինչպիսի վարք դրսեւորեց ագրեսոր պետությունը՝ Ադրբեջանը, 2020 թ․ աշնանային 44-օրյա պատերազմի ընթացքում: Իսկ որ Ադրբեջանն ագրեսոր պետություն էր (նաեւ է)՝ ենթադրաբար չեն հերքի նաեւ հայտարարություն անողները: Չնայած արեւմտյան պետությունները, չգիտես ինչու, Ադրբեջանին չեն համարում ագրեսոր: Ինչեւէ, Ադրբեջանը նախաձեռնեց հարձակում՝ այն ներկայացնելով իբրեւ հայկական զինված ուժերի հարձակմանը պատասխան հարված: Իրականացրեց բնակավայրերի հրետանակոծում, կիրառեց միջազգային իրավունքի նորմերով արգելված քիմիական զենք, հայկական զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ դրսեւորեց անմարդկային վերաբերմունք: Նույն վերաբերմունքը, բայց ավելի դաժան եւ նվաստացնող ձեւերով, դրսեւորեց գերի ընկած զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ: Հենց դա է ագրեսիան, եւ հենց այդպիսի վարք պետք է դրսեւորի այն երկիրը, որը բնութագրվում է որպես ագրեսոր: 

Իսկ ինչպիսի՞ն էր ագրեսոր ներկայացված Ռուսաստանի իշխանության վարքագիծը, եւ ի՞նչ գործողություններ է իրականացնում այդ պետության բանակը հատուկ ռազմական օպերացիայի շրջանակում: Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի նախագահը գրավոր ձեւակերպել էր փոխադարձ անվտանգության պայմաններ ներառող նախագիծ եւ հղել ԱՄՆ նախագահին: Բավական ուշացումով ստացված պատասխանը չէր բավարարել ռուսական իշխանությանը: Հետո երկրորդ ուղերձն էր հղվել Վաշինգտոնին: Դա եւս արժանացել էր առաջինի ճակատագրին: Ավելին՝ փոխանակ Ուկրաինային, որն այդ խնդրի առանցքային տարրն էր, տրվեր Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ բուֆերային երկրի դեր՝ պահպանելով վերջինիս չեզոքությունը, Արեւմուտքը հսկայական քանակությամբ զենք մատակարարեց: Ոգեւորվելով դրանից՝ Ուկրաինան նախաձեռնեց ահաբեկչական խմբերի թափանցումներ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածք: Ինչը դրդեց Ռուսաստանին ճանաչելու այդ հանրապետությունները եւ նրանց հետ կնքելու փոխադարձ օգնության պայմանագրեր:

Իսկ այժմ՝ մեկ-երկու խոսք հատուկ ռազմական գործողության վերաբերյալ: Ռուսական զինուժը ճշգրիտ կետային հարվածներով ոչնչացնում է հակառակորդի ռազմական համալիրներ ու ենթակառուցվածքներ՝ օդանավակայաններ, հրթիռային համակարգեր, օդանավեր, թուրքական անօդաչուներ, այլ ռազմական տեխնիկա: Սական չի ռմբակոծում կամ հրետանակոծում բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Եվ դանդաղորեն առաջ է շարժվում դեպի Ուկրաինայի խորքը՝ խուսափելով պատերազմական սովորական գործողություններից, որոնք դառնում են ավերմունքի պատճառ: Գերի վերցրած կամ ինքնակամ հանձնված ուկրաինացի զինվորականներին հաշվառում է, ստորագրություն է վերցնում այլեւս պատերազմին չմասնակցելու վերաբերյալ, առաջին բուժօգնությունն է ցուցաբերում վիրավորներին: Իրականացնում է նաեւ պատերազմական հանցագործ լինելու կամ չլինելու վերաբերյալ ստուգում եւ բացասական արդյունքների (հանցագործություն կատարած լինելու առումով) դեպքում նրանց բաց է թողնում: Եթե այս ամենն ագրեսոր երկրի բանակի վարքագիծ է, ապա պիտի ընդունենք, որ այն խիստ առանձնահատուկ եւ վերին աստիճանի հումանիստական ագրեսիայի օրինակ է:

Իսկ հիմա դիտարկենք «ագրեսիայի» ենթարկված երկրի զինուժի վարքագիծը: Ռուսական զինուժի հատուկ ռազմական օպերացիայից մի քանի օր առաջ՝ մարտի 20-ին, ուկրաինական ահաբեկչական խմբեր էին ներթափանցել, օրինակ, Դոնեցկի հանրապետության մեկ-երկու բնակավայր: Այնուհետեւ, Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների սահմաններին իրականացվել էին ուկրաինական զինուժի կուտակումներ, առանձին դեպքերում տեղի էին ունեցել բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծումներ: Դրանք, բնականաբար, ակտիվացել են ռուսական հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում: Ծանր ռազմական տեխնիկա եւ հրթիռային կայանքներ են տեղադրվել բնակավայրերում՝ բնակելի շենքերի հարեւանությամբ: Եվ այդ թվում Կիեւի կենտրոնական հրապարակներից մեկում: Ծանոթ ձեռագիր է, չէ՞: Այդպես են վարվել ադրբեջանցիները թե՛ քառօրյայի եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում: Ի դեպ, նման կայանքներից արձակված հրթիռներից մեկը հարվածել էր հարեւան բարձրահարկերից մեկին՝ վնասելով այն, ինչը ներկայացվել էր իբրեւ թե ռուսական հրթիռի արձակման հետեւանք: Բայց, ի տարբերություն ադրբեջանցիների, հենց ուկրաինական բնակավայրերի բնակիչներն են տարերայնորեն փակում սեփական երկրի զինտեխնիկայի առաջ եւ զինվորականներից պահանջում հեռացնել դրանք: Իսկ ինքնապաշտպանության նպատակով մայրաքաղաքում, առանց տարբերակման եւ գրանցման՝ ում պատահի, զենք բաժանելը դարձել է մի շարք սպանությունների պատճառ:

Ինչպես երեւում է, այն երկիրը, որ միջազգային հանրության եւ նրանց տեղական խամաճիկների կողմից դիտարկվում է որպես ագրեսոր, ոնց գցում-բռնում եմ՝ իրականում չի նմանվում այդպիսի երկրի: Իսկ ագրեսիայից պաշտպանվող երկիրը, չգիտես ինչ տրամաբանությամբ, դրսեւորում է իրական ագրեսորի վարքագիծ: Բայց պատերազմը՝ որքան էլ անսովոր, այնուամենայնիվ, դառնում է շարքային քաղաքացիների ու զինվորականների մահվան պատճառ: Իսկ այդ պատերազմի պատճառը ոչ թե Ռուսաստանի զինուժի գործողություններն են, այլ Ուկրաինայի պոպուլիստ իշխանության վարքագիծը: Այն իշխանության, որն ընտրվել էր քաղաքացիների ազատ կամարտահայտությամբ՝ երկու գունավոր հեղափոխություններից հետո: Ու որը փորձեց ոչ թե լեզու գտնել իր նախկին եղբայրակից անմիջական հարեւանի հետ, այլ թշնամացավ:

Թշնամացավ՝ փորձելով արտաքին քաղաքականության ասպարեզում արեւմտականության խաղեր տալ ու Ռուսաստանի հակառակորդ եւ այսօր արդեն համարյա թե թշնամի ռազմական ուժին՝ որպես անվտանգության երաշխավոր, բերել իր երկիրը: Արդյունքում ստացավ ոչ թե անվտանգություն, այլ պատերազմ ու քաոս: Ու Ռուսաստանի հետ անմիջականորեն բանակցելու պարտադրանք: