Հերալդիկան և մանդատներից հրաժարումը

Հերալդիկան և մանդատներից հրաժարումը

Նախորդ օրն Ազգային ժողովում Նիկոլի հերթական ելույթից որոշեցի առանձնացնել նույն թեմատիկայի երկու գաղափար: Մեկը վերաբերում է ՀՀ զինանշանին, մյուսը՝ հիմնին: Երկուսն էլ պետության ողնաշարին՝ եթե կարելի է նման համեմատություն անել: Սկսեմ զինանշանից, բայց մեկ-երկու խոսք էզոթերիկայի (թաքնագիտության) մասին: Ավելի ճիշտ՝ էզոթերիկայի տեսակետից զինանշանի պատկերի մասին: Հայաստանի երրորդ հանրապետության ղեկավարությունը խորհրդային ավանդույթից ձերբազատվելու նպատակով ընտրեց առաջին հանրապետության զինանշանը: Այն հայոց թագավորական տների զինանշանների հավաքածու էր: Բայց առաջին հանրապետության ճակատագրով պայմանավորված՝ այդ զինանշանն իր մեջ կրում է պարտության և պետության վերացման դրոշմը: Դա նշանակում է, որ էզոթերիկայի տեսակետից դա սխալ ընտրություն էր: Գումարած դրան՝ խոսվում էր, որ այն ժամանակավոր բնույթ է կրելու, բայց այդ ժամանակավորը վերջ չունեցավ: Կամ էլ ընթանում է պետության վերջին համաքայլ:

Ի տարբերություն առաջին հանրապետության՝ խորհրդային դրոշը էզոթերիկ տեսակետից դրական էր, քանի որ այն վերաբերում էր հզոր ու զարգացած պետական միավորին: Ասում եմ միավորին, քանի որ դժվար է երկրորդ հանրապետությունը լիարժեք պետություն աընկալելը: Ինչևէ, այդ միավորի գերբը համապատասխանում էր իր գաղափարախոսությանն ու ժամանակաշրջանին: Երրորդ հանրապետության զինանշանը զրկված էր թե՛ մեկից և թե՛ մյուսից: Իհարկե, կարող է ասվել, որ ընկել եմ հեքիաթների գիրկը, բայց բերեմ դանիացի հանրահայտ ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակակիր Նիլս Բորի (1885-1962) վերաբերյալ մի պատմություն: Հյուրերից մեկը նրա գյուղական տան դռան վերևում տեսնում է ձիու պայտը: Ու զարմացած հարցնում է ֆիզիկոսին, թե ինչպես է ստացվել, որ ինքը հավատում է նախապաշարմունքներին: Ինչին վերջինս պատասխանում է՝ «Ասում են, որ այն հաջողություն է բերում՝ անկախ նրանից, հավատում ես, թե ոչ»: Ի դեպ, հյուրն էլ էր ֆիզիկոս, բայց անունը մոռացել եմ: 

Ժամանակին, երբ խոսվում էր գերբի փոփոխության մասին՝ առաջարկում էի վերականգնել խորհրդայինը՝ կատարելով մեր օրերին համահունչ փոփոխություններ: Ի դեպ, եթե դա ժամանակին կատարվեր, ապա նախորդ օրը Փաշինյան Նիկոլը հնարավորություն չէր ունենա ցուցադրելու իր աշխարհագրական-կենդանաբանական գիտելիքները: Այնինչ, այն լրիվ այլ ոլորտից է և կոչվում է հերալդիկա (զինանիշագիտություն): Խոսքը գնում է զինանշանի վրա պատկերված առյուծի մասին: Իսկ Արարատ լյառն էլ ոչ թե փոքրացված տարբերակով կլիներ, այլ նախկին ֆորմատով: Ինչն, անկասկած, կզսպեր վաղուց արդեն սխալ տեղում գտնվող Նիկոլի հակահայրենասիրական պոռթկումը: Որովհետև Արարատը հանելուց հետո դրանում բան չէր մնա: Իհարկե, դժվար չէ հասկանալը, որ թուրքերի առաջ չոքած անձն ո՜ւր, հայրենասիրությունն ո՜ւր... Հանուն «սերգոջաների» լավ ապրելու՝ Արցախը տվողը Արարատն էլ կտար: Հատկապես, որ Մասիս սարը տալը ոչ թե նյութական, այլ մտածողական տիրույթից է: Իր համար՝ ավելի հեշտ, մեր ժողովրդի ապագայի առումով՝ ավելի վտանգավոր:   

Նույն կինոյից է հիմնի վերջին քառատողը դուրս գցելու գաղափարը: Քանի որ այն ևս հզոր հայրենասիրական շունչ է պարունակում իր մեջ: Գերիներին մի ժամանակ հերոսի վերածած իշխանությունը, բնականաբար, պետք է մերժեր անձնազոհոհությունը հանուն հայրենիքի: Ինչպես տեսնում ենք, կրկին առաջ է գալիս «սերգոջաների» ապրելու գաղափարը: Առանց պատվի ու արժանապատվության ապրելու գաղափարը: Կարծում եմ, որ այդ երկու փոփոխությունն էլ կյանքի են կոչվելու երբեմնի «դուխով» վարչապետի կողմից: ԱԺ-ում այդ փոփոխությանը դեմ կքվեարկեն կամ քվեարկությունը կբոյկոտեն ԱԺ ընդդիմադիր խմբակցություննների անդամները: Բայց ճիշտը ո՛չ քվեարկելն է ո՛չ էլ բոյկոտելը. Ճիշտը գոնե դրա առնչությամբ մանդատները վայր դնելն է: Որովհետև արդեն (կամ վաղուց) որևէ իմաստ չկա մանդատները պահելու առումով: Այդ շենքում ընդդիմադիրներին կա՛մ վիրավորում են, կա՛մ հեռացնում դահլիճից: Այդ շենքում հավաքված մեծամասնությունը միտք չունի Նիկոլին հեռացնելու իշխանությունից, որովհետև մինչ այն կազմակերպելը դրա անդամները կհեռացվեն այնտեղից: Դա իրենք գիտեն ու այդ պատճառով իրենք իրենց նման փորձառությանը չեն մղի: Իսկ առանց մանդատների հնարավոր է ապրել՝ դա է վկայում հրաժարվածների փորձառությունը: