Աշխարհում չկա ոչ մի սովորական մարդ, որը այս իրավիճակից կորուստով դուրս չի գալու

Աշխարհում չկա ոչ մի սովորական մարդ, որը այս իրավիճակից կորուստով դուրս չի գալու

Բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հիմա շատ կարևոր է, որ բոլորը գիտակցեն մի շատ պարզ բան՝ աշխարհում չկա ոչ մի սովորական մարդ, որը այս իրավիճակից կորուստով դուրս չի գալու։ Շատ քիչ մարդիկ կշահեն այս իրավիճակից, այն էլ կարճաժամկետ, սպեկուլյատիվ շահով։ Մնացած բոլորը ինչոր բան կկորցնեն։ Շատերը կկորցնեն կյանք կամ առողջություն, հարազատներ, ընկերներ և դա իհարկե ամենավատ, անդառնալի կորուստն է։ Մնացածները կկորցնեն աշխատանք, եկամուտ, բիզնես, խնայողություններ, գույք և այլն։ Շատերը կկորցնեն ընտանիք կամ հարաբերություններ, չկարողանալով հաղթահարել հոգեբանական ծանր մթնոլորտը։

Կկորցնենք բոլորս՝ հարուստները և աղքատները, իշխանավորները և ընդդիմադիրները, սևերը և սպիտակները։
Սա պետք է գիտակցել և պատրաստ լինել։ Խուճապը չի օգնելու։ Հակառակը՝ ուժեղացնելու և ծանրացնելու է հետևանքները։ Դրա համար պետք է կարողանանք միասնական լինել, սթափ մտածել, հանգիստ վերլուծել իրավիճակը և ամենքս մեր համար և բոլորս իրար համար ունենանք գործողությունների պլան, ինչ ռեսուրսներ ունենք, ինչ խնայողություններ, անիմաստ ծախսեր չանենք, անիմաստ գնումներ չկատարենք, պատրաստվենք վատագույնի։ Միևնույն ժամանակ պետք է օգնենք իրար, չթողնենք ծանր վիճակում հայտնված մարդկանց, հատկապես տարեցներին և խոցելի խավին։

Եվ իհարկե ամենակարևորը և այս պահին ամենաէֆեկտիվ միջոցը ինքնամեկուսացումն է։ Պետք է ժամանակ շահել, որ գիտնականները հասցնեն գտնել պանացեան, դեղորայքը, որը կհաղթի այս վարակը։ Վստահ եմ, որ արդեն այս տարվա ընթացքում բուժումը կգտնվի։ Մինչ այդ պետք է մնալ կենդանի։

Մնացած ամեն ինչը երկրորդական է։ Ուժեղ մնացեք»։