Մենք խորհրդարան ունե՞նք, որ մի հատ էլ արտախորհրդարանականի մասին խոսենք

Մենք խորհրդարան ունե՞նք, որ մի հատ էլ արտախորհրդարանականի մասին խոսենք

Լրագորղ Նարինե Մկրտչյանը նոր քաղաքական մարմին է ստեղծել՝ «Քաղաքական լիգան», որի նպատակներն են, ինչպես տարածած հայտարարության մեջ է նշված, Հայաստանի ինքնիշխանության վերականգմանը նպաստող ծրագրի և գործողությունների հաջորդականության մշակումը, նոր Սահմանադրության նախագծի մշակման և հանրաքվեի անցկացման պահանջների հետապնդումը, նոր Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը ամենամոտ ժամանակներում, Հայաստանի կառավարման արդյունավետության հանրային վերահսկումը։ Մկրտչյանին հարցրինք, թե արդյոք կուսակցություն չէ ստեղծված կառույցը․
«Կուսակցություն չէ, այն ավելի շատ քաղաքական պլատֆորմ է, քաղաքական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակը, առաջնահերթությունն ու խնդիրը Հայաստանի քաղաքական օրակարգը ձևավորելն է, քանի որ այսօր Հայաստանը, ըստ էության, չունի քաղաքական օրակարգ։

Որևէ խնդրի վերաբերյալ չունի նաև հայեցակարգային մոտեցում։ Խնդիրն այն է, որ հայաստանյան քաղաքական դաշտին՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թվում է, որ քաղաքականությունը միայն ընտրություններին մասնակցելն է։

Քաղաքականությունը շատ ավելի մեծ ու հզոր երևույթ է, քան պարզապես ընտրությունները, ընտրությունները պարզապես քաղաքական գործընթացների մի մասն են։ Ստացվում է, որ Հայաստանում ընտրությունների հետ քաղաքական կյանքը սկսվում է և ընտրությունների հետ ավարտվում, ինչն էլ առաջ է բերում բավականին լուրջ խնդիրներ Հայաստանի քաղաքական դաշտի կայացվածության առումով։

Հիմա եկել է մի իշխանություն, որը, ինչպես ես քանիցս ասել եմ, ապագաղափարական է, չունի հայեցակարգային որևէ մոտեցում, գաղափարախոսություն չունի ։ Մեծ հաշվով Հայաստանում ինստիտուցիոնալ ապագաղափարականություն է տիրում՝ ընդ որում և իշխանության դաշտում և իշխանությունից դուրս։ Սա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, քանի որ չեն սահմանվում մեր քաղաքական օրակարգն ու դրա խնդիրները։ Ես իմ հայտարարության մեջ արդեն սահմանել եմ դրանք։ Ես նորից ասեմ, որ դա կուսակցություն չէ, դա ազատ հարթակ է, այստեղ քաղաքական փոփոխություններով շահագրգռված անհատներ են , հասարակական  կառույցներ և կուսակցությունները։ 


- Կա՞ն արդեն անհատներ կամ կազմակերպություններ, որոնք անդամագրվել են։

- Արդեն կան միավորման մի քանի առաջարկներ, որոնց հետաքրքրել է այս գաղափարը։ Նրանք նաև հանդիպում են առաջարկում, քննարկումներ։ Առաջին արձագանքները կան։ Այնպես էլ չէ, որ սա մեկ օրում ստեղծված նախաձեռնություն է ։ Դեկտեմբերին տարածել էի, որ սկսում եմ նախաձեռնություն և սկսել եմ հանդիպումներ հասարակական գործիչների, կազմակերպությունների, կուսակցությունների հետ, ովքեր կարևորում են ազատական, ժողովրդավարական, օրինական, արդար Հայաստանի կայացումը։ Ավելի շատ հակված էի Հայաստանում եվրոպական արժեքներ դավանող ուժերին, անհատներին ու կուսակցություններին։ Սա ծնվել է այդ նախաձեռնության հետևանքով։ Նախաձեռնության հեղինակը ես եմ, նախաձեռնողը ես եմ, այդ հանդիպումներին ես եմ գնացել, առաջարկել , քննարկել։ Նաև ամեն օր սոցցանցերով նամակներ եմ ստանում՝ անդամագրվելու վերաբերյալ։

- Ներկայումս ո՞ւմ հետ եք համագործակցում։

- Կուսակցություններում կա մի խնդիր, որ կուսակցական մեխանիզմները արագ որոշումներ կայացնելու համար բավականին վատ են աշխատում , կուսակցություններն ավելի ծանրաշարժ են։ Կան կուսակցություններ, որոնք առաջարկել են դիտորդի կարգավիճակով հանդես գալ, մինչև կուսակցությունները քաղաքական իրավիճակը կպատկերացանեն, ես որոշոեցի հանրայնացնել և սկսել գործընթացը ավելի հանրային, հրապարակային դաշտում։ Քանի իրենք չեն հայտարարել, նրանց անունները տալը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ։ 

- «Քաղաքական լիգան» կարելի է համարել արտախորհրդարանական քաղաքական ուժ։ 

- Մենք խորհրդարան ունենե՞ք, որ մի հատ էլ արտախորհրդարանականի մասին խոսենք։ Նախ և առաջ մենք պետք է ամրագրենք, որ մենք ունենք պարլամենտարիզմի հիմքերով ամրապնդված, քաղաքականությանը հետամուտ, քաղաքական հայացքներ ունեցող, ինչ-որ խնդիրներ առաջադրող օրենսդրական քաղաքական մարմին, որ մի հատ էլ մտածենք արտախորհրդարանական ուժի մասին։ Բայց սա քաղաքական այընտրանք է այսօրվա ապաքաղաքական իշխանությանը։

- Ի՞նչ մեխանիզմներ ունեք կառավարությաը կամ խորհրդարանական մեծամասնությանը որևէ բան պարտադրելու կամ առնվազն որևէ խնդիր իրենց քննարկման օրակարգ մտցնելու։

- Մեխանիզմները նույնպես մշակված են, դրանք հանդիպումներն են, քննարկումները, ֆորումները։ Դրանց արդյունքում հասարակական որոշակի դիրքորոշման մշակում, հետո մենք այդ ամենը կդնենք ավելի լայն հասարակության առջև, և թող հասարակությունը համեմատի իշխանությունների առաջարկած  տարբերակների հետ։ Մենք հստակ կներկայացնենք մեր մոտեցումները, դա կներկայացնենք լայն հանրությանը, իսկ հանրությունը այսօր առաջվանը չէ, փորձում է քաղաքականապես ավելի ակտիվ լինել, և չմոռանանք, որ մոտ ապագայում իշխանությունների նկատմամաբ նորից կարող է վերաբերմունք փոխվել։ Եվ այն քաղաքական վակուումը, որը այսօր Հայաստանում առաջացել է ընտրություններից հետո, պետք է լցվի քաղաքականությամբ»։