Ո՞րն է սահմանադրական կարգի տապալումը

Ո՞րն է սահմանադրական կարգի տապալումը

Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի գրասենյակը հանդես է եկել ԱՀ Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին ուղղված կոչով, որտեղ ջանք չի խնայել՝ համոզելու, որ այդ գերատեսչությունները Կենտրոն հեռուստաընկերությանը Սամվել Բաբայանի հարցազրույցից ճիշտ հետեւություն չեն արել: Կոչի հեղինակը Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին խորհուրդ է տալիս  սահմանադրական կարգի տապալման փորձ փնտրել այլուր, ոչ թե՝ իրենց նպատակներում: Հետաքրքիր է, որ տեքստի հեղինակները գիտակցաբար անտեսել են, որ վերոհիշյալ հարցազրույցում Սամվել Բաբայանը բառացիորեն հայտարարել է, որ եթե անգամ ամբողջ Արցախը գլխի վրա էլ կանգնի, միեւնույն է, Արայիկ Հարությունյանը նախագահ չի ընտրվելու: ԱՀ նախագահի ընտրության կարգը սահմանված է սահմանադրության հոդված 89-ի 2-րդ կետով եւ ունի հետեւյալ իրավական ձեւակերպումը. «Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին»:

Այսինքն՝ ԱՀ նախագահի ընտրությունը կապ չունի որեւէ քաղաքական ուժի, խմբի կամ անհատի անձնական համակրանքի կամ հակակրանքի հետ: Այդ հարցը որոշում է ընտրողը՝ իր քվեն ազատորեն տալով թեկնածուներից մեկի կամ մյուսի օգտին: Եւ ընտրված է համարվում այն թեկնածուն, որ ստացել է բոլոր թեկնածուների օգտին տրված քվեների կեսից ավելին: Սա է սահմանադրության նորմը, ոչ թե՝ ամբողջ Արցախի ընտրողների կամքն անտեսելու եւ հարցը սեփական հայեցողությամբ կարգավորելու մասին ՊԲ նախկին հրամանատարի հայտարարությունը, որն իրավական գնահատման ենթարկվելու դեպքում կարելի է համարել ԱՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու ուղղակի կոչ: Ըստ երեւույթին, այդպես պետք է հասկանալ «եթե ամբողջ Ղարաբաղը գլխի վրա էլ  կանգնի, միեւնույն է՝ Արայիկ Հարությունյանը նախագահ չի ընտրվելու» հայտարարությունը: Եւ կապ չունի, թե սպառնալիքը կոնկրետ ում հասցեին եւ ինչ համատեքստում է հնչել:

Կարեւորն այն է, որ խոսքը վերաբերում է ընտրությունների արդյունքները չընդունելուն, դրանք փոխելուն ուղղված հավանական գործողություններին: ԱՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ, հենց դա էլ նկատի է ունեցել, երբ ներգրավված ուժերին եւ անհատներին հորդորել է ձեռնպահ մնալ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված քայլերից: Ողջունելի է, որ ՊԲ նախկին հրամանատարի գրասենյակը հավաստիացնում է, որ բոլոր գործողություններն իրականացնելու է սահմանդրության եւ օրենքի շրջանակներում: Մնում է, որ կատարվի մի կարեւորագույն հավելում, ասվի, որ ճանաչելու են նախագահական ընտրությունների արդյունքները՝ անկախ նրանից, թե ով կընտրվի երկրի ղեկավարի պաշտոնում: