Նախագահ Արմեն Սարգսյանին այնքան հեշտ չի խաբելը

Նախագահ Արմեն Սարգսյանին այնքան հեշտ չի խաբելը

Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում երկու անգամ միևնույն մարդկանց անունով լսարան է բացվել։ Խոսքը այս բուհի շրջանավարտներ, հայ ականավոր հետախույզներ, ԽՍՀՄ հերոսներ Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին է։ Մի անգամ նրանց անվան ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոն-լսարան բացվել է 2014 թվականին։ Երկրորդ բացման արարողությունը տեղի է ունեցել այս տարի՝ մարտի 7-ին։ Հրավիրված է եղել նախագահ Արմեն Սարգսյանը։ Բրյուսովի անվան համալսարանի որոշ աշխատակիցներ, որոնք իրենց անունը թաքցնում են, այս անգամ էլ առիթը բաց չեն թողել բողոքել համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանից։ «Հետաքրքիր է՝ պարոն նախագահին ասե՞լ էին, որ ընդամենը 2 հարկ ներքև ևս լսարան կա՝ նվիրված լեգենդար հետախույզներին»,- գրում են նրանք։ Այս հարցը մենք ուղղացինք Կարինե Հարությունյանին, նաև փորձեցինք իմանալ, թե ինչո՞ւ է մեկ բուհում Վարդանյաններին նվիրված երկու լսարան բացվել։

«Այո, այստեղ նախկինում եղել է լսարան Գոհար և Գևորգ Վարդանյանների անունով։ Հետո ընտանիքը խնդրել է շատ ավելի նոր ու ժամանակակից լսարան սարքել՝ պատրաստ լինելով դրա համար ներդրում անել, և արեցին»։ Ի՞նչ եղավ մյուս լսարանի հետ։ «Նախ, մյուս լսարանի տեղը նրանց դուր չէր գալիս, քանի որ համալսարանի ծայրամասում էր, նրանք ուզում էին ավելի  լավ, լուսավոր տեղ ունենալ, ավելի ժամանակակից սարքավորումներով հագեցված։ Բացի դռան վրա փակցված նրանց անուններից, ոչինչ չէր հիշեցնում, որ դա լեգենդար հետախույզների անվան լսարան է։ Ուզում էին, որ պատերին լինեին իրենց նկարները, իրենց խոսքերով, համակարգիչներով հագեցված, ժամանակակից պրոեկտորով։ Մենք պետք է մերժեի՞նք։ Իրականում սա ինձ հետ կապ չունի, ես պարզապես կատարել եմ նրանց կամքը»,- ասաց Կարինե Հարությունյանը։ Նա վստահեցնում է, որ նախագահին չեն խաբել։

«Դուք կարծում եք, նախագահին այդքան հե՞շտ է խաբել կամ որևէ պետական այրի։ Նախագահն անձնական մտերմություն ունի Գևորգ և Գոհար Վարդանյանների հետ։ Այդ արարողությանը ներկա էր Վարդանյանի թոռը նաև»։ Իր դեմ բողոք-նամակների հոսքը Կարինե Հարությունյանը բացատրում է նրանով, որ համալսարանը նոր ուսխորհուրդ է ընտրել՝ բաց, դեմոկրատական ընթացակարգերով և իր թշնամիները չեն հաշտվում այդ փաստի հետ։ Իրենք չեն էլ թաքցնում մեր հանդեպ թշնամանքը՝ մտնում են ուսխորհուրդ ու ասում են՝ մենք անընդհատ ձեր կյանքը պղտորելու ենք, չենք թողնելու, որ դուք աշխատեք»,- բացատրում է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը։