Դատախազությունը ստուգե՞լ է «Հրաշք այգու» դեմ բողոքը

Դատախազությունը ստուգե՞լ է «Հրաշք այգու» դեմ բողոքը
Գեղամ Գեւորգյան

Գյուղնախարարությունը վերջերս թունաքիմիկատների մրցույթ է անցկացրել, որի ընթացքում թույլ են տրվել խախտումներ։ Մրցույթին մասնակցած 3 կազմակերպությունները, որոնք խնդրեցին չհրապարակել իրենց անունները, քանի որ կարող են հայտնվել «անցանկալիների» շարքում, դիմել են պետական մարմինների,  այդ թվում՝ դատախազություն,  եւ վստահեցնում են, որ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հակամրցակցային իրավիճակ է ստեղծել եւ ամեն ինչ անում է, որ հաղթի «Հրաշք այգի» կազմակերպությունը։ Մեր զրուցակից Ն․ Ս․-ն որպես ասվածի օրինակ է բերում 2018 թ․ նոյեմբերի 19-ին գյուղնախարարության եւ մրցույթի հաղթող ճանաչված «Հրաշք այգի» ՍՊԸ-ի միջեւ կնքված ապրանքի մատակարարման պայմանագիրը, որից ակնհայտ է դառնում, որ գյուղնախը մատակարարված 4 հազար 142 լիտր մկնասպան քիմիական նյութերը ձեռք է բերել 25 մլն 680 հազար 400 դրամով՝ յուրաքանչյուր լիտրի համար վճարելով 6 հազար 200 դրամ, այն դեպքում, երբ մրցույթի ժամանակ այլ, ավելի ցածր գնային առաջարկներ են եղել։

Մասնավորապես, Ն․ Ս․-ի կազմակերպությունը նույն նյութերի 1 լիտրի համար առաջարկել է 5 հազար 700 դրամ, սակայն հաղթել է «Հրաշք այգին»։ Նշենք, որ թունաքիմիկատների այս նույն մրցույթներին մասնակցել են նաեւ «Ջի Թի Սի», «Ագաստ» ընկերությունները, որոնք ավելի ցածր գնային առաջարկներ են ներկայացրել։ Դատախազությունից «Հրաշք այգու» մրցակիցներին պատասխանել են, որ էլեկտրոնային նամակներ չեն ստացել։ Ի՞նչ ընթացք է տրվել բողոքներին։ Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ պատասխանեց․ «Նման բողոքներ մենք չենք ստացել»։   

Էլեկտրոնային gnumner.am հարթակն ուսումնասիրելով՝ բացահայտեցինք, որ 2019-ին գյուղնախարարության անցկացրած մրցույթների մասին տեղեկությունները հասանելի չեն։ Մրցույթների վերնագրերը կան, սակայն ներդիրները չեն բացվում։ Մեր զրուցակիցը վստահ է, որ գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մրցութային տեխնիկական այնպիսի բնութագիր է մշակել, որը համապատասխանում է մեկ ընկերության՝ «Հրաշք այգի» ՍՊԸ-ին: «Այսինքն, մեր շուկայում թունանյութերի տեսակները շատ են, բայց տվյալ տեսակի թունաքիմիկատը բերում է միայն «Հրաշք այգին»:

2019-ի սկզբին «Հրաշք այգին» նախօրոք ՀՀ է ներկրել նախարարության համար պահանջվող քանակն ու տեսակը՝ այն դեպքում, երբ մրցույթը դեռեւս չէր էլ հայտարարվել: Սա նշանակում է, որ «Հրաշք այգու» հետ նախարարությունը նախապես պայմանավորվել է, իսկ զավեշտն այն է, որ գյուղնախարարությունը մրցույթը հայտարարելուց հետո անգամ մատակարարման ժամկետը հատուկ սահմանել է այնքան սեղմ, որը գործնականում անհնարին է դարձնում մատակարարում իրականացնելը, այդ ժամկետում ոչ ոք չի կարող հասցնել ներկրել»,- ասում է Ն․ Ս․-ն։ Նա վստահեցնում է, որ Գեղամ Գեւորգյանը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի «Հրաշք այգու»՝ «Թույների Մհեր» անունով հայտնի Մհեր Համբարձումյանի եւ նրա որդու՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, որն անցյալ տարվա ապրիլի 22-ին ակտիվիստներ ծեծելու գործով մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ 

«Դա ո՞վ է՝ Մհեր Համբարձումյանը, չեմ էլ ճանաչում,- ասաց նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։- Նոյեմբերի 19-ի մրցույթը չի կայացել։ Ես նախարար եմ նշանակվել 2018 թ․ հոկտեմբերի 15-ին, գնումների գործընթացով հնարավոր չի, որ հոկտեմբերի 15-ին նշանակված նախարարը կազմակերպի այնպիսի գնում, որ նոյեմբերի 19-ին կնքվի պայմանագիր։ Այսինքն՝ մրցույթը նախապատրաստեցի, հայտարարեցի, մեկ էլ, նայեք, կարո՞ղ է այդ մկնդեղի համար մայիսից տենդեր էր հայտարարված։ Մեղադրում են՝ թող մեղադրեն։ Իրենք մեզ չեն դիմել երբեւէ։ Թող իրենք մեզ հարցում ուղարկեն, կպատասխանենք։ Եթե ես բոլոր հերյուրանքներին նայեմ, ամբողջ օրը պետք է զբաղվեմ դրանով։ Ինձ չի էլ հետաքրքրում, թե ով ում դեմ է բողոքում, չգիտեմ՝ էդ տղան ով է, իր հայրն ով է»։ Հիշեցնենք, որ մինչեւ նախարար դառնալը նա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախագահն էր։ 

«Հրաշք այգի» ընկերությունը նախկին իշխանությունների օրոք նույնպես մասնակցում էր մրցույթների եւ հաղթում գյուղտեխնիկայի ձեռքբերման մրցույթներում։ Գնումների պաշտոնական կայքում այդ շրջանին վերաբերող բազմաթիվ բողոքներ կան «Հրաշք այգի» ընկերության դեմ, որոնց հիման վրա ֆինանսների նախարարությունում վարույթներ են հարուցվել, եւ բոլոր բողոքները լուծվել են հօգուտ «Հրաշք այգու»։