Արսեն Դավթյանը «սուսուփուս» տղա էր․ առողջապահության ֆինանսավորումը լի է կոռուպցիոն ռիսկերով

Արսեն Դավթյանը «սուսուփուս» տղա էր․ առողջապահության ֆինանսավորումը լի է կոռուպցիոն ռիսկերով

Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը, որին ԱԱԾ աշխատակիցները մարտի 30-ին ձերբակալել են հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու կապակցությամբ, համակարգում նոր մարդ չէր։ Կառավարման մասնագետ, ֆինանսիստ, նա 1999 թվականից աշխատել է առողջապահական գործակալությունում, բարձր պաշտոններ է զբաղեցրել բուժհաստատությունների ֆինանսներով զբաղվող այդ կառույցում, ֆինանսական հոսքերի կառավարման վարչության պետն է եղել, առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի տեղակալը։ Արսեն Դավթյանին համակարգում շատերը տաղանդավոր մասնագետ են համարել։ Նա կարողանում էր բարդ ֆինանսական հաշվարկներ, վերաբաշխումներ իրականացնել եւ արժեքավոր մասնագետ էր համարվում։ Դավթյանը նախարարությունում իրականացրել է մոր եւ մանկան առողջության, ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտը, առողջապահական տեղեկատվական համակարգի, ֆինանսավորման աշխատանքների համակարգումը, զբաղվել է նախազորակոչային եւ զորակոչային գործընթացի առողջապահական բաղադրիչի կազմակերպմամբ, պատասխանատու է եղել պետպատվերի տեղադրման եւ վերաբաշխման համար։ 

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի  տնօրեն Ռ․ Աբրահամյանը, ըստ ԱԱԾ հաղորդման, նպատակ ունենալով փոխնախարարի հովանավորչությունն ապահովել, «վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում, որպես կաշառք, անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո»։ 

Արսեն Դավթյանին պաշտպանում է փաստաբան Երեմ Դավթյանը։ Նա ասաց, որ հանդիպել է Դավթյանի հետ, սակայն լիազորված չէ հարցերի պատասխանել։ Անգամ չհայտնեց՝ արդյոք իր պաշտպանյալն ընդունո՞ւմ է մեղքը, թե՞ ոչ։ 

Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը միտինգային հաղորդագրություն էր հղել լրատվամիջոցներին եւ տեղադրել նախարարության կայքում․ «Կաշառք վերցնողն ով էլ լինի, պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ», «նման երեւույթներն անթույլատրելի են»,  «կաշառք տալը եւ վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են», «մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում»։ Թե ինչ է մտադիր անել նախարարը պետպատվերի բաշխման եւ վերաբաշխման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի բացառման համար, էլ ինչ բաշխումներ է հասցրել անել Արսեն Դավթյանն այս օրերին, նախարարը չի գրում, իսկ նրա մամուլի քարտուղարը երկու օր է՝ հարցերի չի պատասխանում։ Մինչդեռ հարցերն այս ակտուալ են, քանի որ մարտը վերջացել է, եւ հենց այս ժամանակ են պետպատվերի առաջին փոխանցումները նստում բուժհիմնարկների հաշիվներին։ Իսկ տարվա առաջին 3 ամիսներին հիմնարկները, սովորաբար, աշխատում են առանց պետպատվերի գումարների, իրենց միջոցներով։

Մարտը նաեւ «ատկատների» ժամանակն է՝ երեւույթ, որը, համակարգի աշխատակիցների վկայությամբ, տարիներ շարունակ արմատացած է եղել նախարարություն-բուժհաստատություններ հարաբերություններում։ Պետպատվեր ստացող հիվանդանոցը նախարարությանը սովորաբար 10 տոկոս գումար է թողել։ Այս անգամ այն կազմել է 3 հազար ԱՄՆ դոլար, որն էլ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է։ 

Ո՞վ է տեղեկություն տվել անվտանգության ծառայությանը։ Ըստ որոշ լուրերի, նախարարության աշխատակիցները եւս նկատել են, որ փոխնախարարը մութ գործարքների  մեջ է։ ԱԱԾ-ն գուցե տեւական ժամանակ հետեւել է, եւ երբ եկել է բռնելու պահը, իր հերթին դիմել է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, որի դեմ «կոմպրոմատների» փաթեթ է տնօրինում, «խնդրել» աջակցել կաշառակերի բացահայտմանը, եւ Աբրահամյանն էլ կաշառքը տեղ է հասցրել՝ մտնելով Դավթյանի աշխատասենյակ։ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ ցուցաբերված մեղմ վերաբերմունքը, այն, որ նրա «տարիքն ու առողջական վիճակը» հաշվի առնելով, ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին, անուղղակի վկայում է, որ նա համագործակցել է ԱԱԾ-ի հետ։ Ճի՞շտ են արդյոք այս լուրերը։ 

«Դա օպերատիվ-հետախուզական  աշխատանք է, որի մանրամասները չենք հայտնում։ Բավարարվեք հրապարակված հաղորդագրությամբ»,- մեր հարցին պատասխանեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Պետպատվերի բաշխման ու վերաբաշխման մեխանիզմը, երբ տարվա սկզբին բյուջե է հաստատվում, իսկ տարվա ընթացքում տարբեր հիմնարկների չօգտագործած կամ անարդյունավետ օգտագործած գումարները հետ են վերցվում եւ տրվում են այլ հիմնարկների, ինքնին կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում։ Այս կարծիքին է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, որը 1998-2000 թթ. առողջապահության գործակալության պետն է եղել եւ աշխատել է կոռուպցիոն սկանդալի հերոս Արսեն Դավթյանի հետ։ «Սուսուփուս տղա էր, հանգիստ։ Դե, ինքը որոշում կայացնող չէր,- ասաց Արարատ Մկրտչյանը։- Հարցը անձերը չեն։

Առողջապահության բնագավառում պետք է լինի փոխհատուցման գործընթաց։ Ամեն ամսվա վերջին ֆիքսված յուրաքանչյուր հիվանդի բուժօգնության դիմաց պետք է վճարվի։ Բաշխում, վերաբաշխում՝ վերջին տասնամյակում մոգոնած ձեւակերպումներ են։ Ֆինանսավորման սկզբունքների հստակեցման խնդիր կա։ 2019 թվականի բյուջեի նախագիծը երբ քննարկվում էր, ես առիթ ունեցա ասել, ինձ թվում էր, որ պետական պատվերի տեղադրման եւ առողջապահության բյուջեի ձեւավորման սկզբունքները հիմնովին կփոխվեն։ Բայց, ահավասիկ, այդ նույն տերմինաբանական ապարատը՝ բաշխում, վերաբաշխում, շարունակում են օգտագործել։ Բաշխումը նշանակում է՝ մեկին շատ կտան, մյուսին՝ քիչ։ Բայց չափորոշիչները հստակ չեն, եթե հստակ լինեին, նման դեպքեր չէին արձանագրվի»։ 

Ըստ «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանի, կոռուպցիոն երեւույթների պատճառն առողջապահության բյուջեի սղությունն է։ «Լավագույն մեխանիզմը կլիներ այն, որ հիմնարկը որքան պետպատվերի հիվանդ ուներ, այդքան գումար ստանար։ Հիմա բյուջե է հաստատվում, որից ավելի բուժհաստատությունը պետպատվերի վրա եթե ծախսեց, չի վճարվելու»,- նշեց տնօրենը։ Ասատուր Ասատրյանին զարմացրել էր «ատկատների» գործը։ «Ես նման բան չեմ լսել, որ «ատկատ» տան։ Առաջին անգամ եմ լսում»։ 

«Աստղիկ» ԲԿ-ն այս տարի մյուս տարվանից մոտ 1 մլրդ դրամով ավելի ֆինանսավորում է ստացել։ «Ընդամենը մեր թողունակությունն է մեծ, մեր դիմելիությունն էլ՝ շատ։ Մենք, սովորաբար, ապրիլին-մայիսին ամբողջ տարվա համար բյուջեն սպառած ենք լինում։ Ուրիշ բան չկա,- ասաց նա,- իսկ գումարը միշտ էլ քիչ է։ Մեզ միշտ էլ դժվարամատչելի ախտորոշման համար գումարը չի բավարարում։ Արդեն նոյեմբեր ամիսը հերթագրել, վերջացրել ենք։ Մի ամսից տարվա պետպատվերի պլանը կավարտենք»,- ասաց նա։