Եթե այս տեմպերով գնանք, դժվար էլ երբևէ դառնանք ժողովրդավար երկիր
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանն իր իշխանավարման տարիներին դարձել է ժողովրդավարության բաստիոն, բայց նրա իշխանության տարիներին ավելի շատ մարդ է դատվում, կալանավորվում իր ընդդիմադիր հայացքների համար: Բանտերում ու դատարաններում մարդիկ են մահանում, այնպես, որ անմեղ մարդկանց տնային կալանք տալը ուրախանալու առիթ է դառնում: Իշխանության թիրախում են հայտնվում բոլորը` պատերազմի հերոսներ, կյանքը հայրենիքի համար տված զինծառայողների ծնողներ, իր թիմակիցներ, տարեց եւ հիվանդ մարդիկ:
Բայց այս բոլորից ամենաանհանդուրժելին զոհված հերոսների ծնողների դեմ կիրառվող հետապնդումներն են` նրա համար, որ նրանք քննադատում են այս իշխանություններին եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են իրենց զավակներին մահվան բերան տանելու համար: Նախ Գայանե Հակոբյանը դատապարտվեց իբրև թե Աշոտ Փաշինյանին առևանգելու համար, հիմա Գարիկ Գալեյանն է կանգնել դատարանի առաջ` մարիխուանա օգտագործելու մեղադրանքով: Թեպետ խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով, սակայն Գալեյանին արգելել էին այցելել իր որդու` Մխիթար Գալեյանի շիրիմին, Եռաբլուր եւ մի քանի օր առաջ նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց` սրտի կաթվածով:
Իրավապաշտպան Նարե Արամյանի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Գալեյանի հետ, մարդու իրավունքների ոտնահարման ցցուն դեպք է: Նրա դիտարկմամբ`Հայաստանը կոնկրետ քայլերով հետնահանջ է արձանագրում դատաիրավական համակարգում` առաջխաղացման փոխարեն. «Գարիկ Գալեյանին տնային կալանքի ենթարկելը, արգելելը, որ նա իր որդու շիրիմին այցելի, մարդու իրավունքների ցցուն խախտման օրինակ է: Քաղաքական պատճառները տեսանելի են: Մարդը զոհվածի հայր լինելուց զատ ունի նաև առողջական մի շարք խնդիրներ: Սա փաստում է ոչ համաչափ ուժի կիրառման մասին: Այս իշխանություններն այնպես են անում, որ մարդիկ վերջնականապես քայքայվեն ու անկարող դառնան` լքելով կամ այս կյանքը, կամ երկիրը: Տեղի ունեցողն անհասկանալի է բոլոր կողմերի` իրավական և բարոյական տեսանկյուններից: Ոչ մի կերպ այս ամենը չի կարող արդարացվել: Իրավապահների կեցվածքը նույնպես չունի արդարացում: Տասնյակ տարիներ այդ մարդիկ վերապատրաստվել են, աշխատանքներ են տարել, որպեսզի նպաստեն իրավական պետության զարգացմանը, սակայն հետնահանջ ենք ապրում այսօր: Հայաստանը ցայտուն օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի իրավական պետությունը»,- նշում է Արամյանը:
Իշխանությունները պնդում են, որ օրենքի առաջ բոլորն են հավասար. «Հարցի բարոյական կողմն է դա, որին անդրադառնալ ընդհանրապես չեմ ուզում: Նման բարոյալքված ու ստորաքարշ վիճակում մենք երբեք չենք եղել ու գնալով «կատարելագործվում» ենք: Տեղի են ունենում ոչ իրավաչափ ու անհամաչափ գործողություններ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ: Առավել ողբերգական է, որ մենք այնքան ենք իջել, այնպիսի անկում ենք ապրել, որ զոհվածի ծնողի, բռնի տեղահանված, ցեղասպանված մեր հայրենակիցների հանդեպ չունենք տարրական հարգանք: Մարդիկ իրենց կյանքն են նվիրել մեզ համար…. անտարբեր մոտեցումն անդին է ամեն ինչից», - ասում նա:
Օրվա իշխանությունները մի ժամանակ մարիխուանայի գովազդով էին զբաղվում, սակայն այսօր զոհվածի հորը դատում են իբրև թե մարիխուանա օգտագործելու համար. «Սովորաբար նման քաղաքական դեպքերում շինծու հանգամանքներ են անհրաժեշտ լինում, ինչու, որովհետև մարիխուանայի օգտագործումը իրավական որևէ հետևանք չի կարող ունենալ քաղաքացու համար: Այլ հարց է, թե անձը մարիխուանա է իրացնում: Երբ իրենց ձեռնտու է խոսել տնտեսության զարգացումից, մարդու ազատությունից, իշխանությունները մարիխուանայի օգտագործումը նորմալ են համարում, սակայն երբ խոսքը վերաբերում է ընդդիմադիր անձին դատելուն, ապա դառնում են այդ արժեքների դեմ պայքարողներ: Եթե դիտարկենք իրական ժողովրդավար երկրների փորձն, ապա ժողովրդավար երկրներում շատ վաղուց թմրամիջոց օգտագործելու համար մարդիկ չեն դատապարտվում, հատկապես այն դեպքում, երբ չկան ապացույցներ: Մարդը դեռևս անմեղ է, անմեղ է այնքան ժամանակ, քանի դատարանը չի վճռել: Ինչպե՞ս կարող են ժողովրդավար երկրում` առանց դատարանի վճռի, զոհվածի հորը կալանավորեն` մարիխուանա օգագործելու համար: Մենք փաստորեն շատ հեռու ենք ժողովրդավարությունից, եթե այս տեմպերով գնանք, դժվար էլ երբևէ դառնանք ժողովրդավար երկիր», - ասաց Նարե Արամյանը:
Կարծիքներ