Հրաժարական տվեց ու չասաց՝ ինչո՞ւ

Հրաժարական տվեց ու չասաց՝ ինչո՞ւ

Օրեր առաջ ընդամենն  երեք ամիս ՀՀ արդարադատության փոխնախարար աշխատած Տիգրան Խաչիկյանի հրաժարականն աննկատ մնաց։ Փոխնախարարը չէր նշել իր հանկարծահաս հրաժարականի պատճառը։ Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նա նշել էր միայն կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական  աննախադեպ  կամքի, այդ պայքարում ներդրած իր մասնաբաժնի մասին։

Փոխարենն աղմուկ բարձրացավ մեկ այլ հրաժարականի շուրջ։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից հրաժարական տված Տիգրան Պասկեւիչյանը նախ ծանուցեց իր հրաժարականի պատճառի մասին, հետո բաց նամակ հղեց ՀՌԽ նախագահին՝ ցույց տալով, թե կարճ ժամանակահատվածում ինչ խնդիրներ է տեսել Հ 1-ում, ինչ քայլեր է փորձել անել դրանք լուծելու ուղղությամբ եւ ինչպես դրանք չեն հաջողվել իրեն։ Այդ խմորն, ինչպես ասում են, դեռ շատ ջուր կվերցնի։ 
Խնդիրը տվյալ դեպքում անաղմուկ կամ աղմուկով հեռացող անձերը չեն, որովհետեւ նրանց փոխարինողներ կան ու կգտնվեն։

 Կարճ ժամանակ առաջ էլ անսպասելի հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երբ վարչապետը երկրում չէր։ Հրաժարականից հետո միայն վարկածներ շրջանառվեցին, ու՝ թեման փակվեց։
Կարելի է հիշել ու զուգահեռներ անցկացնել, որ Հայաստանի անկախության շրջանում, տարբեր իշխանությունների օրոք,  եղել են պաշտոնյաների, խորհրդականների աղմկոտ կամ անաղմուկ հրաժարականներ, նրանց փոխարինել են նորերը։ Մամուլում էլ հաճախ վարկածներ են շրջանառվել հրաժարականների պատճառների մասին, սակայն հանրությանը որեւէ բացատրություն չի ներկայացվել, թե ինչն էր նրանց հեռացման պատճառը, որտեղ եւ որ հարցում էին ձախողել կամ քաղաքական հարցերում ինչ տարաձայնություններ էին ունեցել երկրի ղեկավարների հետ։ 

Այս առումով հատկանշական է, որ ներկա կառավարությունը չպետք է հղում անի նախկին իշխանությունների փորձին, առավել եւս՝ ոչ թափանցիկ գործեալոճին։ 
Եթե մեկը բաց նամակի միջոցով բարձրաձայնում է համակարգում տեղ գտած խնդիրների մասին, մյուսը, ենթադրաբար չկարողանալով լուծել այդ խնդիրները, նախընտրում է լուռ հեռանալ, դրանից խնդիրները չեն վերանում, ոչ էլ հիվանդ ու արատավոր համակարգն է մեկեն ոտքի կանգնում։ 
Ավելորդ է հիշելը, որ թե՛ մամուլում, թե՛ հանրային տարբեր հարթակներում անցած մեկ տարվա ընթացքում քանի անգամ է  հնչել այն հարցը, թե ինչու նոր իշխանությունում տեղ գտան թավշյա հեղափոխության ժամանակ քայլողները, իսկ բազմաթիվ փորձառու կադրեր դուրս մնացին կառավարման համակարգից։

Մեկ տարի առաջ հանրության համար հաճելի նորություն էին  ՀՀ վարչապետի, նախարարների «լայվ» մտնելը, ԱԱԾ պետի՝ կառավարության ամեն նիստից հետո ԶԼՄ-ների հետ անկաշկանդ շփվելն ու նրանց տարաբնույթ հարցերին պատասխանելը։ Մարդիկ մինչ այդ չէին էլ հիշում, թե ով է ԱԱԾ պետը, ուր մնաց, թե նրան այդքան հաճախ տեսնեին ու դեռ հարցերի պատասխաններ ակնկալեին։ 
Թափանցիկ գործեալոճն ու հանրությանը հաշվետու լինելը կատարած քայլերի մասին, կարծում ենք, չպետք է սահմանափակվեն միայն հեղափոխության առաջին տարով, հատկապես, երբ նախկին իշխանությունների գործունեության ֆոնին այդ ամենն ակնահաճո է եւ միայն դրական էֆեկտ ունի։ 

Հիմա եկել է նաեւ հեռացողների, հրաժարական ներկայացնողների, բաց նամակներ գրողների մասին թափանցիկ գործեալոճ, հաշվետվություն ներկայացնելու ժամանակը, որպեսզի օդում կախված չմնա ինչո՞ւ հարցը։