Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի «սեւն ու սպիտակը»

Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի «սեւն ու սպիտակը»

Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված երեկվա հարցազրույցն առանձնապես բացառիկ կամ աննախադեպ համարել չի կարելի։ Դա սովորական հարցազրույց էր՝ ուղղված նախեւառաջ ներքին լսարանին։ Ավելին, դա հարցազրույց էր, որն ուղղված էր հատկապես իր կողմնակիցներին եւ վերջիններիս համար, կարելի է ասել, ուղենիշային բնույթ էր կրում։ Չպետք է զարմանալ, երբ առաջիկայում, օրինակ, իշխանական եւ մերձիշխանական-սատելիտային մեդիաքարոզչական «նվագախումբն» ու «երգչախումբը» ներհայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում Փաշինյանի, այսպես ասած, «պաշտպանությունը» ստանձնեն հենց այն թեզիսների շրջանակում, որոնք շարադրեց ու բարձրաձայնեց Փաշինյանը վերոնշյալ հարցազրույցում, որովհետեւ երբ նա, օրինակ, ասում է, թե Աննա Հակոբյանի այցն Ուկրաինա անհարկի է քաղաքականացվում, այդ միտքը դժվար թե կարելի լինի համարել հակադարձում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ով Փաշինյանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել էր «կասկածելի ուղեւորությունների» թեմային, կամ ՌԴ ԱԳ նախարարությանը, որն իր հայտարարությունում ուղղակիորեն՝ հականե-հանվանե էր անդրադարձել այդ այցին։

Սա նկատի ունենալով՝ երեկվա հարցազրույցում ինչ-որ կարեւոր մտքերի կամ թեզիսների որոնումն անիմաստ ժամանակի վատնում կլիներ։ Նույնիսկ ներքին լսարանի ինտելեկտուալ զանգվածի համար դրանք չափազանց պարզունակ են ու քննադատության չեն դիմանում, քանի որ, օրինակ, Ռուսաստանից ոչ պակաս մանրամասնորեն արցախյան ներկայիս իրավիճակի մասին տեղյակ են նաեւ Ֆրանսիան, Գերմանիան եւ Իրանը, ինչի մասին ուղղակիորեն եւ անուղղակիորեն Փարիզից, Բեռլինից եւ Թեհրանից ազդակներ եղել են, սակայն, զարմանալիորեն, նրանց Փաշինյանը համարել է ոչ լիարժեք իրազեկված, որոնց հարկ է համարել զանգահարել ու իրազեկել, իսկ Ռուսաստանի նախագահին զանգահարել հարկ չի համարել, պատճառաբանությամբ, թե նա ամենալավն է իրազեկված։

Մյուս հանգամանքը, որ հատկապես ուշադրություն գրավեց, Փաշինյանի բառապաշարում Արցախի թեմայով խոսելիս որոշակի զգուշավորության պահպանումն էր։ Օրինակ, նա Սամվել Շահրամանյանի մասին խոսելիս չկիրառեց «նախագահ» եզրույթը՝ նրան անվանելով սոսկ Արցախի «ընտրված առաջնորդ»։ Կարելի է ասել, եւ դա նոր բան չէ, որ Փաշինյանը միտումնավոր ամեն կերպ փորձում է Արցախն իր պետական ինստիտուտներով եւ այլն, թեկուզեւ չճանաչված վիճակում, նսեմացնել, Արցախի կարգավիճակն ու նշանակությունն իջեցնել։ Սա, իհարկե, արդեն տարօրինակ էլ չէ, հատկապես, երբ Արցախի ներկայիս ղեկավարին որեւէ կերպ չես համարի Փաշինյանի «սրտի թեկնածուն»։

Ամենայն հավանականությամբ, ի դեպ, Փաշինյանն այս հարցազրույցի թեզերն առավել կամ պակաս չափով, գուցեեւ որոշակիորեն սրբագրած, կներկայացնի ամսի 15-ի հանրահավաքին, որը նրա համար սեփական էլեկտորատի հետ շփվելու եւ առաջիկա հաղթանակը լեգիտիմացնելու միջոց կլինի, որով նա նաեւ դրսի խաղացողներին պետք է ցույց տա, որ ինքը երկրի ներսում ունի բավական լեգիտիմություն՝ շարունակելու իշխանությունն իր ձեռքում պահելը։
Ի դեպ, Փաշինյանի համար ներհայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում իր համար կազմակերպվելիք «պաշտպանությունը», որի մասին խոսեցինք հոդվածի սկզբում, կարեւոր է՝ որպես իր «անելիքի» հաջորդ հանգրվանին անցնելու համար անհրաժեշտ միջանկյալ իրականություն։