Երկրում իրավիճակն այն չէ, ինչ զեկուցում են վարչապետին

Երկրում իրավիճակն այն չէ, ինչ զեկուցում են վարչապետին
Նիկոլ Փաշինյան

Ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե չի ների դավաճանությունը 2018 թվականի հեղափոխության արժեքներին: «Յա՞, իրո՞ք»:

Ի տարբերություն, ասենք, հայրենիքի դավաճանության, հեղափոխական արժեքների դավաճանությունը որեւէ օրենքով կամ իրավական այլ ակտով սահմանված չէ, որ հասկանաս, թե ով ինչպես դավաճանեց:

Հեղափոխական արժեքներն էլ գրավոր սահմանված չեն, բանավոր հայտարարվել են մի 1 մլն անգամ. ո՛չ կոռուպցիային, մենաշնորհներին, օրենքի իշխանություն եւ այլն: Արժեքներ, որ հեղափոխությամբ ձեւավորված «նոր Հայաստանում» չեն հարգվում հենց առաջին օրվանից: Օրինակներ. հին Հայաստանից պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին, որոնք մշտապես խուսափում են կրճատումներից: Նույնն անում են «նոր Հայաստանի» բարձրաստիճան պաշտոնյաները, անգամ՝ պաշտոնյաների կանայք:

Իրենց ուղղված բոլոր քննադատություններին «նոր Հայաստանի» պաշտոնյաները մի բան են ասում՝ նախկինում էլ դա կար: Բայց հեղափոխության արժեքներից մեկն էլ հին արատավոր բարքերը բացառելն էր: Եվ հեղափոխության պատճառն էլ նրանցից եւ մանավանդ այդ բարքերը կրողներից ազատվելն էր։

Ուրեմն Նիկոլ Փաշինյանին դավաճանել են թիմակիցները, ինչպես Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս կեսարին: 

Անցած տարի, հեղափոխական օրերին վարչապետ Սերժ Սարգսյան-ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան հրապարակային բանավեճի ժամանակ վերջինս առաջինին ասաց. Հայաստանում իրավիճակն այն չի, ինչ ձեզ զեկուցում են: Հեղափոխությունն այս հարցում էլ բան չի փոխել: Երկրում իրավիճակն այն չէ, ինչ զեկուցում են վարչապետին: Երկրում հեղափոխական արժեքներին դավաճանած լիքը պաշտոնյաներ կան, ու վարչապետը չգիտի դրա մասին:

Անդրանիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ