Արմեն Տեր-Սահակյանի գործով տեղաշարժ կա

Արմեն Տեր-Սահակյանի գործով տեղաշարժ կա

Ապրիլի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվել էր Արմեն Տեր-Սահակյանի գործով դատարանի որոշումը։

Դատարանը  բավարարել էր  Տեր-Սահակյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանի և նրա ներկայացուցիչ Արտակ Գալստյանի բողոքը։

Որոշմամբ արձանագրվել էր, որ ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի կողմից 2019 թ. հունվարի 11-ին կայացված թիվ 4 որոշման համար հիմք հանդիսացած զեկույցներով թույլ է տրվել Տեր-Սահակյանի իրավունքների խախտում։

Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում, այն ստանալու պահից տասնօրյա ժամկետում։ Տեր-Սահակյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե դատախազությունն արդեն բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, նշեց, որ դեռ որոշումները չեն ստացել, այսինքն՝ տասնօրյա ժամկետի հոսքը դեռ չի սկսվել․
«Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ անձը կարող է բողոք ներկայացնել դատարանի որոշումը ստանալու պահից տասնօրյա ժամկետում, այսինքն՝ կարող ենք ասել, որ այդ տասնօրյա ժամկետի հոսքը դեռևս չի սկսել։ Արմեն Տեր-Սահակյանն այսօր նոր ստացել է դատարանի որոշումը, վաղը կամ մյուս օրը մենք կստանանք։ Քանի որ դատական ակտը վերաբերում է նաև քրեակատարողական ծառայության և պրոբացիոն ծառայության կողմից տրված զեկույցներին, ապա պետք է իրենք էլ ստանան որոշումները, և տեսնենք՝ դատախազությունը կբողոքարկի՞, թե՞ ոչ»,- ասաց Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ որոշումը չբողոքարկելու պարագայում քրեակատարողական ծառայությունը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան՝ արդեն վաղաժամկետ ազատման վերաբերյալ․

«Սա, կարելի է ասել, առաջին փուլն է, դրական որոշումից հետո քրեակատարողական հիմնարկը Արմեն Տեր-Սահակյանին պետք է ներկայացնի վաղաժամկետ ազատման միջնորդություն, դատարանը քննարկման առարկա դարձնի ներկայացված միջնորդությունը, և վերջնական որոշմամբ արձանագրվի՝ Արմեն Տեր-Սահակյանը վաղաժամկետ ազատվո՞ւմ է, թե՞ ոչ»։