Դանիել Իոաննիսյանը հերքում է Վահրամ Աթանեսյանի հրապարակումը

Դանիել Իոաննիսյանը հերքում է Վահրամ Աթանեսյանի հրապարակումը

Երեկ մենք հրապարակել էինք Արցախի քաղաքացի, ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի հասարակական գործիչ Վահրամ Աթանեսյանի հոդվածը՝ «Արցախում «Դանիել-Յուգենդ» է ստեղծվում» վերնագրով։ 

Այսօր Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ից մի վրդովված տեքստ են ուղարկել մեզ «Հերքում» խորագրով, որտեղ «Հրապարակի՞ հասցեին լուտանքներ են տեղացել։ Մինչդեռ հոդվածը կոնկրետ հեղինակ ունի, ով ապրելով Արցախում, դիտարկումներ է արել, կարծիք հայտնել, հարցադրումներ արել, ինչը, փաստորեն, ըստ Դ․Իոաննիսյանի՝ արգելված է։ Մենք հավատարիմ մնալով բոլորին հարթակ տրամադրելու մեր քաղաքականությանը, հրապարակում ենք նաեւ Իոաննիսյանի պատասխանը, բայց կոռեկտության կոչ ենք անում բոլորին։

««Հրապարակ» օրաթերթի կայքը՝ Hraparak.am-ը ապրիլի 13-ին հրապարակել է «Արցախում «Դանիել-Յուգենդց» է ստեղծվում» վերնագրով մի հոդված, որի մեջ տեղ գտած՝ Արցախում ընտրություններին հետևող դիտորդական առաքելությունների և մասնավորապես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մասին պնդումներն ամբողջովին սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ հոդվածի տրամաբանության, «Հայաստանի կառավարության կողմից հայաստանյան երկու ՀԿ-ներին պետական բյուջեից հատկացված միջոցներով կազմավորվել են հանրային կարծիքի ուսումնասիրության և մեթոդական աջակցության խմբեր, որոնք քարոզարշավի ամբողջ ընթացքում զբաղված են եղել հօգուտ Մասիս Մայիլյանի հոգեորսությամբ», ինչի համար «առատորեն վարձատրվել են»։ Բացի սա, ըստ «Հրապարակի», Արցախում Հայաստանի կողմից տրամադրված գումարների մեծ մասը ծախսվել է ինչ-որ «Դանիել-յուրգենդ» խմբերի վրա (ակնհայտ նմանություն է տարվում ֆաշիստական Գերմանիայում գործած «Հիտլեր-յուգենդ» խմբերի հետ)։
Սա հերթական կեղծիքն ու ապատեղեկատվությունն է, որը տարածվում է Արցախում ընտրություններին հետևող դիտորդական առաքելությունների վերաբերյալ։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից հայաստանյան երկու դիտորդական առաքելություններին տրամադրված դրամաշնորհային միջոցները ծախսվել են միայն ու բացառապես դիտորդության և ընտրությունների հանրային իրազեկման ծրագրերի վրա։

Որևէ լումա, որևէ կոպեկ այդ գումարից չի ծախսվել որևէ այլ նպատակի համար։ Իսկ երբ թերթը գրում է, թե «Արցախի պատկան մարմինները և Հայաստանի կառավարությունն ու հանրությունը պետք է լումա առ լումա հաշվետվություն պահանջեն Դանիել Իոաննիսյանից՝ որտե՞ղ, ի՞նչ նպատակով և ինչքա՞ն գումար է ծախսել», ապա անհրաժեշտ է հիասթափեցնել հոդվածի հեղինակներին․ ստացված գումարները ծախսվել են ամենաթափանցիկ կերպով։ Դրամաշնորհից արված բոլոր վճարումները, աշխատավարձերը, հոնորարները գրանցված են Արցախի հարկային մարմիններում, և Արցախի հարկային մարմինները շատ լավ գիտեն ու տեսնում են, թե ինչպես են նպատակային ծախսվում այդ միջոցները՝ ովքեր, երբ, որքան և ինչի համար են վարձատրվում»։