Միայն ավտոմաքսատունը չէ, որ Գյումրի պետք է տեղափոխել. կարծիք են հայտնում գյումրեցիները

Միայն ավտոմաքսատունը չէ, որ Գյումրի պետք է տեղափոխել. կարծիք են հայտնում գյումրեցիները

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատյան մաքսատուն-վարչություն այցից եւ հայտնի միջադեպից հետո իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար: Վարչապետը, հավանաբար, այս  որոշումը միանգամից կայացրեց, քանի որ ո՛չ Գյումրի այցելության ընթացքում եւ ո՛չ էլ դրանից առաջ նման հայտարարություն չէր արել: 

Գյումրու փողոցներում կատարած մեր հարցումներից պարզ դարձավ, որ գյումրեցիներին գաղափարը դուր է գալիս, սակայն չի ոգևորում: «Ինձ թվում է՝ ավելորդ ոգևորվել պետք չէ: Թող տեղափոխեն, բայց դրանով անգամ մեկ տոկոս չի թեթևանալու այն գլոբալ խնդիրը, որը ծառացած է գյումրեցու առաջ: Գուցե մի երկու աշխատատեղի հարց լուծվի, բայց…: Հնարավոր է՝ վարչապետն իր Գյումրի կատարած վերջին այցից իսկապես տպավորվել է եւ հասկացել, որ Հայաստանը սահմանափակվում է միայն մայրաքաղաք Երևանով»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը: Անցորդներից մեկն էլ նշեց, որ վարչապետի այդ որոշումը Հայաստանը համաչափ զարգացնելուն ուղղված կարևոր քայլ է: «Առհասարակ, կարելի է մաքսային բոլոր տերմինալները տեղափոխել մարզեր: Կստեղծվեն նոր աշխատատեղեր», - ասաց նա: «Ժամանակն է մտածել նաև   նախարարություններից մի քանիսը Գյումրի տեղափոխելու մասին: Ժամանակին առաջարկեցինք մշակույթի, կրթության նախարարներին լուրջ խորհել այդ մասին, եկան, հույսեր ներշնչեցին, ժպտացին ու հեռացան, հիմա նորեկները դա էլ չեն անում. առհասարակ արհամարհում են»,- վրդովված նկատեց թոշակառու դասախոսը՝ ընդգծելով, թե վստահ չէ, որ առաջիկա ամիսներին  ավտոմաքսատունը Երևանից Գյումրի կտեղափոխվի:

«Գիտենք, որ մայրաքաղաքը սահմանամերձ տարածքում չէ, այսինքն՝ մաքսակետեր չկան, ավելին, բավականին հեռու է մաքսակետերից: Այդ դեպքում պատճառը ո՞րն է, որ բոլոր մաքսային պահեստները մայրաքաղաքում են: Պատկերացրեք՝ որքան բեռնատարներ են ամեն օր հարյուրավոր կիլոմետրեր կտրում, մաքսակետերից հասնում մայրաքաղաքի սիրտը: Բայց քանի որ դա լավագույն բիզնեսն է, դրա համար բոլորը կենտրոնացրել են մայրաքաղաքում: 6 թե 7 նման հսկա մաքսային պահեստներ կան, եթե դրանք տեղափոխվեն մարզեր և մաքսակետեր ունեցող վայրերին մոտ, զգալի նշանակություն կունենա և՛ մայրաքաղաքը տրանսպորտից բեռնաթափելու, և՛ մարզերում կյանքն աշխուժացնելու ուղղությամբ… իսկ նմանատիպ տասնյակ օրինակներ կան, միայն թե ցանկություն լինի»,- կարծիք է հայտնում «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը։

Ավելացնենք, որ Հայաստան ավտոմեքենաներ հիմնականում ներկրվում են հարևան Վրաստանից, իսկ Գյումրին վրացական սահմանին շատ ավելի մոտ է: