Ինչպես ասում են, «բարի ավանդույթները» շարունակվում են

Ինչպես ասում են, «բարի ավանդույթները» շարունակվում են

Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստ չի կայանա: Այս մասին որոշում է կայացրել ԱԺ խորհուրդը, որը երեկ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ արտահերթ նիստ էր գումարել: 10 դեմ եւ 5 կողմ ձայների հարաբերակցությամբ` խորհուրդը համաձայնություն չի տվել այսօր, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը: Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որին միացել էր նաեւ ԲՀԿ-ն։ ԼՀԿ-ն առաջարկում էր արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։ Բայց ԱԺ մեծամասնությունը, կարծես հին ՀՀԿ-ական ավանդույթները շարունակելով, որոշել է մերժել ընդդիմության այս նախաձեռնությունը, որի արդյունքում, բնականաբար, քննադատություններ էին հնչելու իշխանության հասցեին։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հարցին, թե ինչու ԱԺ խորհուրդը մերժեց իրենց առաջարկը, ասաց․ «Պատճառաբանությունը ներկայացվեց, թե ամսի 24-ին, միեւնույն է, խորհրդարանական լսումներ կան՝ անցումային արդարադատության թեմայով, եթե կա ցանկություն, կարող ենք մենք եւ «Լուսավորը» մեր տեսակետն արտահայտել։ Բայց մեր օրակարգը բացարձակապես այլ է, իսկ խորհրդարանական լսումների օրակարգը բացարձակապես այլ է»։

Հարցին, թե հիմա ինքն ինչպես է գնահատում քաղաքական մեծամասնության այս քայլը, Զոհրաբյանն ասաց, որ սա իրենց համար սպասելի էր․ «Արդեն իսկ Լիլիթ Մակունցի հայտարարություններից ինձ համար միանշանակ սպասելի էր, որ այսօրվա նիստում խորհուրդը մերժելու է։ Դե հիմա մենք կփորձենք ամսի 24-ի լսումների ժամանակ այն, ինչ պիտի ասեինք այսօրվա օրակարգով, մեր ասելիքն ասել այդ լսումների ժամանակ»։

Դիտարկմանը, թե նախկինում էլ ՀՀԿ-ն էր այսպես վարվում՝ ինչ իրեն ձեռնտու չէր, մերժում էր, Զոհրաբյանն այսպես արձագանքեց․ «Դե, մենք տեսնում ենք, որ, ինչպես ասում են, «բարի ավանդույթները» շարունակվում են։ Երեւի մեծամասնությունն ինչ-որ հատուկ մագիա ունի, որ երբ որ դառնում են մեծամասնություն, արդեն կարծես թե մոռանում են իրենց ընդդիմադիր օրակարգի ժամանակ քաղաքական գերակայությունները, որոնք կտրուկ տրանսֆորմացիայի են ենթարկվում մեծամասնություն դառնալու դեպքում։ Դա երեւի, ինչ ասեմ, մեծամասնության մանկական հիվանդությունն է, որը բնորոշ է բոլոր մեծամասնություններին։ Կարմրուկի նման մի բան, որ բոլոր քաղաքական մեծամասնությունները դրա միջով անխուսափելիորեն կարծես անցնում են»։

Հիմա եթե ԲՀԿ-ն էլ մի օր դառնա քաղաքական մեծամասնություն, ի՞նքն էլ կվարակվի այդ «կարմրուկով», Զոհրաբյանն ուղիղ չպատասխանեց․ «Դե, եթե ինձ եք հարցնում անձնապես, ես կարծում եմ՝ մարդ պիտի իր քաղաքական, ինստիտուցիոնալ հիշողությունն անպայման պահպանի»։