Կլինեն դատավորներ, որ կհասկանան ու կհեռանան

Կլինեն դատավորներ, որ կհասկանան ու կհեռանան

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ․

- Պարոն Աղազարյան, Ձեր խորհրդարանական գործընկերները եւ ոչ միայն, ասում են, որ դատարանները շրջափակելու գործադիր իշխանության քայլը դաշույնով ուղիղ հարված էր տնտեսական հեղափոխությանը, ի՞նչ պետք է մտածեն ներդրողները՝ տեսնելով, որ վարչապետն ու իր թիմն իրենց համար ոչ ցանկալի որոշման պարագայում շրջափակել են դատարանների շենքերը։

- Աշխարհում էսօր չկա մարդ, որ այսօր Հայաստանի մասին քիչ թե շատ տեղեկություն ունի եւ չիմանա, որ դատական համակարգն այս պահին ամենակոռումպացված համակարգն է, որովհետեւ այնպիսի կուռ համակարգ է ներկայացնում, որ հեղափոխության ալիքն էլ չազդեց այդ համակարգի վրա։ Անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ այդ մարդիկ չեն կարող փոխվել, հետեւաբար, պետք է նաեւ վիրահատական միջամտություններ անել։ Հետեւաբար, սա ոչ թե դաշույնով հարված էր տնտեսական հեղափոխության վրա, այլ լույսի շող էր, որ պետք է ճանապարհ բացի տնտեսական հեղափոխության առաջ։

- Ի՞նչ լույսի շող էր, այդ հարձակումից հետո հիմա փոխվելո՞ւ են դատավորները։

- Մենք նախատեսում ենք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հնարավորություն կտան պարզելու, թե այս կամ այն դատավորը, ենթադրենք, ինչպես է ձեռք բերել հարստություններ, որն էլ իրավական հետեւանք կունենա։ Խոսքն անցումային արդարադատության մասին է, իհարկե՝ միանգամից ամբողջ գործիքակազմը, օրենսդրական փաթեթը չի կիրառվի, բայց քայլ առ քայլ գնալու ենք դրան։

- Իսկ առանց դատարանները շրջափակելու հնարավոր չէ՞ր օրենսդրական ճանապարհով լուծում տալ հարցին, որպեսզի ձեզ այսօր չմեղադրեին, որ գործադիր իշխանությունը եւ օրենսդիրները դատական իշխանությանը ճնշելու հակասահմանադրական քայլ են անում։

- Այդ ակցիայի նպատակն այն էր, որ գուցե դրանից հետո որոշ դատավորներ սկսեն աշխատել նորմալ ռեժիմով։ 

- Նրանց աչքը վախեցրիք։

- Չէինք վախեցնում, ուղղակի զգոնության կոչ ենք անում, կլինեն դատավորներ, որ կհասկանան՝ ի վիճակի չեն հանդուրժել այն իրողությունը, որը կա, ու կհեռանան։

- Չե՞ք համարում, որ հակաօրինական ճանապարհով եք փորձել դաստիարակել դատավորներին, խոչընդոտել դատական պրոցեսներին։

- Բայց ի՞նչն էր հակասահմանադրական, եթե մի քանի ժամով կասեցվել է դատական պրոցեսը, դա ոչ մի սարսափելի հետեւանք չէր կարող ունենալ այն գործընթացների վրա, որոնք դատավորներն իրականացնում են։ Սա քաղաքական ակցիա էր, որ՝ ժողովուրդ ջան, այս խնդիրները կան, եկեք միասին լուծենք։

- Դատական համակարգն ինչպե՞ս է արձագանքում այդ քաղաքական, ժողովրդական ակցիային։ Ինչպես Դուք եք ասում՝ կարծես այնքան էլ չեն վախեցել, եթե չասենք ճիշտ հակառակը՝ որոշ դատավորներ բացահայտ պատերազմ են հայտարարել գործադիրին, հարցազրույցներ, գրառումներ, Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցվեց, ուղարկվել է ՍԴ ու նման բաներ։

- Պատերազմը շատ ավելի լավ է, քան սաբոտաժը, այո, մենք գիտենք, որ իրենք չեն կարող հին կաղապարից դուրս գալ, եւ հիմա այս ակտի արդյունքում դուրս եկավ, որ իրենք ոչ թե սաբոտաժ են անում, այլ հանդիսանում են հակահեղափոխության հենքը, եւ, հետեւաբար, դուրս եկավ, որ մենք պատերազմի մեջ ենք իրար հետ։

Եթե դատավոր կա, որ կարող է պատահի 83 միլիոն դրամի նվեր ստանա որպես դատավոր եւ չանհանգստանա դրանից, մենք մտածելու շատ բան ունենք։

- Պարոն Աղազարյան, իրավական բոլոր գործիքակազմը իշխանությունն ունի, ի՞նչն է խանգարում նրան, որ եթե մարդը Ձեր ասած չափի նվեր է ստացել, եւ դա անօրինական է, պատժվի։

- Պետական հաստատությունների միջին օղակների աշխատողները թաքուն սպասումների մեջ են՝ հին ժամանակները հետ բերելու երազանքով։ Դա ակնհայտ է, միջին օղակի չինովնիկն էսօր կաշառք չի վերցնում, բայց գործն էլ չի անում կարգին, որպեսզի դժգոհություն առաջացնեն քաղաքացիների մոտ, քաղաքացին կասի՝ այ մարդ, ավելի լավ չէ՞ր առաջվա պես 200 դոլար կաշառքը վերցներ, գործս աներ։ Եվ այդ օղակն այսպիսով ակումուլացնում է դժգոհությունը, որ հարմար պահի իրենց ղեկավարությունը կամ համախմբող ուժերը կարողանան առաջ գնան։

- Բոլոր նախարարները Ձեր թիմից են, եթե պետական աշխատողը, քաղծառայողը պատշաճ չի կատարում իր աշխատանքը, օրենքով պատժի ձեւեր կան, ազատվեք նմաններից, որպեսզի անընդհատ ձեզ թշնամիներ չգտնեք ու պայքարեք իրենց դեմ։

- Դա շատ դժվար ճանապարհ է, երեք անգամ հանձնարարություն պիտի չկատարեն, որ նկատողությունով հանես, բայց չես կարող մասսայաբար հանել, հարյուրավոր դեպքեր կան։

- Փաստորեն, իշխանության առջեւ միշտ խոչընդոտներ են լինելու, ու դրա համար է, որ ուշանում է նաեւ տնտեսական հեղափոխությունը։

- Ոչ, կոշտ միջոցներ են կիրառվում, որպեսզի դուրս գանք այն ճանապարհին, որը նախանշել ենք, եթե այդ ընթացքում մեր քաղաքական հակառակորդներն էդպիսի կրիտիկական մասսա հավաքեն փողոցում, որ ակնհայտ կլինի՝ ժողովուրդը մեզնից դժգոհ է, մենք կհեռանանք։

- Հեղափոխության երկրորդ փուլին, ինչպես ասաց Փաշինյանը, ընդամենը 1100 մարդ մասնակցեց․ դատարանների դիմաց ակցիայի մասին է խոսքը։

- Որովհետեւ դա ակցիա էր, որը նպատակ ուներ ուղերձ հղել ժողովրդին, որ մենք այդ բաներով զբաղվում ենք՝ չանհանգստանաք։

- Նիկոլ Փաշինյանի՝ դատական բարեփոխումների մասին ելույթի երկրորդ հատվածի մասին ի՞նչ կասեք՝ Արցախի հետ հարաբերություններից խոսեց, դավադիր պատերազմ հրահրողներ է նա տեսնում այնտեղ։

- Այդ ամբողջ գործընթացը կապված է Քոչարյանի մերձավոր մի հսկայական շրջապատի հետ, որոնք անհանգստություն ունեն, որ Քոչարյանի դատավարության ընթացքում շատ բաներ կպարզվեն նաեւ իրենց մասին, եւ դրանով է պայմանավորված այդ հատվածը։

- Սերժ Սարգսյանի մասի՞ն է, որն Արցախում է։

- Այո, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շրջապատում բոլորի։

- Իրե՞նք են դավադիր պատերազմ հրահրում, ինչի մասին խոսում էր Փաշինյանը։

- Ես ուրիշ ձեւակերպում կտայի մի քիչ։ Հնարավոր է իրենց անհանգստությունների, գործողությունների արդյունքում ունենանք այդ պատերազմը, հետապնդելով իրենց անձնական շահերը, դրանք վեր դասելով պետականից, կարող են տանել պատերազմի։