Մենք ո՞ւր, թատրոնն ո՞ւր. վիրավորվել են թատրոնի ռեժիսորի խոսքերից

Մենք ո՞ւր, թատրոնն ո՞ւր. վիրավորվել են թատրոնի ռեժիսորի խոսքերից

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ թատրոնի կոլեկտիվի ընդլայնված հանդիպում, որի  բուն թեման Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթն էր։  Հանդիպման ընթացքում թատրոնի գլխավոր ռեժիսոր, տնօրենի ժ/պ Լյուդվիգ Հարությունյանը իր խոսքում դժգոհություն է  հայտնել  քաղաքային  իշխանությունների, մարզից ընտրված պատգամավորների՝ թատրոնի նկատմամբ ունեցած անտարբերության, նրանց վերաբերմունքի  համար: Լյուդվիգ Հարությունյանի խոսքերով նրանք թատրոն են հաճախում միայն այն  ժամանակ, երբ երկրի գլխավոր դեմքերն են թատրոն այցելում։

Օրինակ Շիրակի նախկին մարզպետ, այժմ  պատգամավոր Կարեն Սարուխանյանին վերջին անգամ թատրոնում տեսել են, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էին Գյումրի այցելել՝ ներկայացում դիտելու: Հետաքրքիրն այն է, որ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը համարձակ համեմատություն է արել ՝ ասելով. «Մինչդեռ նախորդ պատգամավորները՝ թե՛ Մարտուն Գրիգորյանը, թե՛ Արման Սահակյանն ու Սուքիաս Ավետիսյանն առիթը բաց չէին թողնում թատրոն այցելելու»….»: Շիրակի նախկին մարզպետն այս խոսքերից ակնհայտ նեղսրտել է: Նա ֆեյսբուքյան էջում հասցրել է  գրառում կատարել. « Թե բա Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը ու Սուքիաս Ավետիսյանը գալիս էին: Հա բա, մենք ո՞ւր, թատրոնն ո՞ւր...Իմ Քաղաքի թատրոն մտնելուց էլ պետք է հատուկ պաշտոնական մտնեմ, կամ մի քանի օր առաջ զանգեմ ասեմ, որ գալիս եմ, իմացեք, գալիս եմ... »: 

Ինչ վերաբերվում է քաղաքային իշխանությանը, Լյուդվիգ Հարությունյանը հիշեցրել է, որ թատրոնի միջազգային օրն անգամ  քաղաքապետարանի կողմից  որևէ  վերաբերմունքի չեն արժանացել: Այստեղ պաշտպանության է անցել քաղաքապետի մամուլի ծառայությունը՝ հանդես գալով հայտարարությամբ: «Ի պատասխան Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի ԺՊ Լյուդվիգ Հարությունյանի հայտարարության, թե մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, թատրոնը որեւէ վերաբերմունք չի տեսել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից, հայտնում ենք, որ մարտի 27-ին ընդառաջ Գյումրու քաղաքապետարանը ստացել է պարգեւատրման ներկայացված դերասանների ցանկ, որոնց անուններով քաղաքապետի անունից պատրաստվել են պատվոգրեր՝ տոնական օրը հանձնելու նպատակով: Քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի եւ մշակույթի ու երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում Լյուդվիգ Հարությունյանը հայտնել է, որ մարտի 27-ին թատրոնը լինելու է Երեւանում և որեւէ տոնական միջոցառում Գյումրիում նախատեսված չէ: 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտոնական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առիթով եւ, առհասարակ, թատրոնը երբեւէ դուրս չի մնացել քաղաքապետի ուշադրությունից. ամենատարբեր առիթներով քաղաքապետը հուշամեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով գնահատել է թատրոնի անձնակազմին և ուրախացել վերջիններիս հաջողություններով: 
Գյումրու քաղաքապետը երբեւէ չի խուսափել և պատրաստակամ է ընդունել թատրոնի անձնակազմին, իսկ թատրոնի ունեցած վերջին հաջողությունների առիթով հնարավոր հանդիպումը եւս բացառված չէր»: 

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին կանցկացվի Գյումրու դրամատիկական  թատրոնի տնօրենի մրցույթ: Թատրոնի անձնակազմը զգուշացնում է, որ իրենց  թեկնածուն  հենց  թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Լյուդվիգ Հարությունյանն է, եւ դրսից  որևէ միջամտություն չեն հանդուրժելու: