Մերժվածը ո՞վ է․․․ 

Մերժվածը ո՞վ է․․․ 

Մամուլում փոքրիկ թվացող մի միջադեպ  արձանագրվեց, թե ինչպես Շվեյցարիայի հայ համայնքը դիմավորեց Զարեհ Սինանյանին․ «Մենք ասում ենք «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ դուք արեցիք` «Արցախը Ադրբեջան է և վերջ»։ Հեռացեք, այստեղ կոմֆորտի զոնա չկա ձեզ համար»։ Բայց ես այս արտահայտության մասին չեմ ուզում խոսել, որովհետև նման որակում տալը նորություն չէ և եթե մարդիկ նույնիսկ չեն արտահայտվում, դժվար թե գտնվի մի արժանապատիվ հայ, որ նույն բանը չմտածի։

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը այդպես էլ չընդունվեց հայերի կողմից։ Լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, որը կամուրջ էր Հայաստանի ու Սփյուռքի միջև և այդ գործը հանձնարարվեց մեկին, ով  մանրամասն կատարեց տնային առաջադրանքները։ Անդունդ գոյացավ Հայաստանի ու Սփյուռքի մեջ։ Գաղտնիք չէ, թե որ պետությունն էր ամենաշատը տառապում սփյուռքացավով և հիմա արդեն պարզ  է, թե ինչու իշխանություն եկողի առաջին քայլը նախարարությունը լուծարելն էր։ 

Միջադեպեր կարող են շատ լինել, բայց ինձ զարմացրեց, որ Զարեհ Սինանյանը հակադարձել է, թե խոսող սփյուռքահայը «մերժված է» և «30 տարի չընտրված իշխանության ներկայացուցիչ է»։ Եվ այս  մարդը կոչվում է Սփյուռքի հանձնակատա՞ր։ Սփյուռքահայը մերժված է Զարեհի կողմից, որովհետև չի՞ ընդունում իր տերերի ասածը՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»։ Թող ինքը իր տերերի ասածն  ընդունի, դա իր առաքելությունն  է,  իր տնային առաջադրանքը դա է եղել, ինքը դրա համար է բերվել։ Եթե ինքը, ինչպես իր կենսագրականում է գրված, Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, ինչու՞ է վիրավորվում, երբ Արցախից են խոսում։ Դրոշը պարզած  սփյուռքահայի խոսքն եմ մեջբերում․ «Դուք անգամ Արցախի դրոշին չեք կարողանում նայել»։

Կենսագրականում ի՞նչ նպատակով է ժամանակին տեղադրվել ու առ այսօր պահպանվում, որ ինքը պաշտպանել է Արցախի շահերը։ Այդ ժամանակ դա նրան «դզու՞մ էր» և չի՞ հասցրել մաքրել։ Այն ժամանակ Արցա՞խ կար։ Սփյուռքի հանձնակատարը իրավունք չունի «քաղաքացուն մերժված համարել», որովհետև նման քաղաքացիների հզոր բանակի  մերժումով է, որ այսօր Արցախը հայաթափվել է, չկա։ Պետք է հասկանալ՝ մերժվածը ո՞վ է, դու՞ք, թե քաղաքացին։