Խամրող աստղը

 Խամրող աստղը

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը եւ Բորիանա Աբերգը նոյեմբերի 5-ից Հայաստանում են: Հայ հասարակությունը, ընդդիմադիր դաշտը մեծ հույսեր էին կապում այս այցի հետ: Մենք հետեւում էինք, թե ովքեր են հանդիպում համազեկուցողների հետ, ինչ են խոսում, նրանց ինչն է հետաքրքրում, որպեսզի հասկանայինք, թե ինչ զեկույց է կազմվելու: Տարիներ շարունակ հայ հասարակության առաջադեմ հատվածի հույսը եղել են եվրոպացի դիտորդները, որոնք կնկատեն մեզանում տեղի ունեցող ապօրինությունները եւ կազդեն ՀՀ իշխանությունների վրա. կնկատեն ընտրակեղծիքները, քաղբանտարկյալների հետ կապված հայտարարություններ կանեն, մամուլի եւ խոսքի ազատության հարցերում դեր կխաղան: Երբեմն այդ կառույցների վերաբերմունքը եւ զեկույցները նաեւ վճռորոշ էին լինում:

 Օրինակ, 2008-ի մարտի 1-ից հետո շատ քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին, մյուսների նկատմամբ համաներում կիրառվեց: Այս անգամ էլ հայաստանյան ընդդիմությունն ու քաղհասարակությունը սպասում էին, որ Եվրոպայից ժամանած «ստուգողները» կասեն իրենց վճռական խոսքը եւ կսահմանափակեն ՀՀ իշխանությունների անօրինականությունները: Օրինակ, քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, խոսքի ազատության դեմ ոտնձգությունների դեմը  կառնվի, օրենսդրական հետընթացը կկանխվի:

Սակայն, պարզվեց, մեր սպասումներն անիմաստ են․ երեկ համազեկուցողներից մեկը Նիկոլ Փաշինյանի մոտ ընդունելության ժամանակ ասել է. «Ինչպես Դուք արդեն նշեցիք, Հայաստանը շատ ձեռքբերումներ է ունեցել ժողովրդավարության ոլորտում: Վերջին 3 օրվա ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել հանդիպելու շատ մարդկանց, այցելելու մի շարք կառույցներ... իսկապես ուրախալի է տեսնել, որ Ձեր երկիրը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է»: