Հուդայի վերջը կախաղանն է, դեռ ոչ մի դավաճան իր մահով չի հեռացել

Հուդայի վերջը կախաղանն է, դեռ ոչ մի դավաճան իր մահով չի հեռացել

Այն բանից հետո, երբ վարչապետն այցելեց Տավուշի մարզ ու տեղի բնակիչներին երաշխիքներ տվեց, որ սահմանազատման աշխատանքներն իրենց ուզած ձեւով են լուծվելու, մի քանի օր հետո տեղի ունեցավ ճիշտ հակառակը` զինվորականները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու տարածքում արդեն սկսել են ականազերծման աշխատանքները, իսկ Կիրանց գյուղում չափագրում կատարողներն էլ նշել են, որ Ադրբեջանին հանձնվելիք միջպետական մայրուղու փոխարեն գյուղի միջով նոր ճանապարհ կառուցելու համար քանդվելու են ոչ միայն գյուղի տները, այլեւ գյուղի եկեղեցին ու դպրոցը: 

Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը ցավով արձանագրում է, որ կորուստների այս շղթան դեռ շարունակվելու է. «Մի դավաճան կա, որ սիրում էր ասել` «ըստ օդում կախված լուրերի», հիմա, «ըստ օդում կախված լուրերի», Տավուշից որ պրծավ, անցնելու է Տիգրանաշենին ու Սյունիքին: Եվ երբ միջանցքը տա, այդ գյուղերն էլ են դուրս գալու, մոտ 5 գյուղի մասին է խոսքը (Անգեղակոթ, Բալաք, Շաղաթ եւ այլն), 5 կմ-անոց բուֆերային գոտիով է ճանապարհը, եւ այդ մարդկանց էլ է տնավեր անելու: Հիմա ոմանց ուղեղը լցրել են, թե թուրքերի հետ առեւտուր կանեք, կապրեք, բայց անգրագետ մարդուն չես կարող հասկացնել, որ վաղը դու էլ ես տնավեր լինելու. հիմա Տավուշին նայիր` հասկացիր»:  

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Արդյո՞ք այդպես է, «Բազմիցս ասել եմ, որ երբեք գառը գայլի հետ չի կարող անվտանգ լինել, ավելին` սելջուկ-թուրքական արշավանքները չեն էլ ավարտվել, քանի որ մինչեւ հիմա հային կոտորում են: Եթե թուրքը լիներ Հայաստանի ղեկավար, ի՞նչ կաներ` նույն բանը, չէ՞: Հիսուսն ասում է` սատանան ստախոս է եւ մարդասպան: Ես Քրիստոսի խոսքով եմ ասում, թե ինքն ով է` ստախոս ու մարդասպան` սատանայի առաքյալը: Նախ եղավ պատերազմ՝ հանուն պարտության, որից հետո ինչքան ստրատեգիական բարձունքներ կային, տվեց թուրքին, Սյունիքը հիմա թուրքի կրակի տակ է, նույնը՝ Վայոց Ձորը ու հիմա էլ՝ արդեն Տավուշը: Իսկ Տավուշի դեպքում ի՞նչ է ուզում անել, որը թուրքի գործելաոճն է` կոմունիկացիաներից կտրել․ գազատարը, նաեւ գնացքի ճանապարհը տալու է թուրքին: Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, նույն բանը Տավուշում է անելու: Բայց եթե իրեն թվում է, որ իրեն անվտանգային երաշխիքներ են տվել, ուրեմն ինքը փրկվելու է` սխալվում է: Ինքը կառավարության շենքից կերպարանափոխված գնալու է դժոխք, իսկ Հուդայի վերջը կախաղանն է, դեռ ոչ մի դավաճան իր մահով չի հեռացել այս աշխարհից, իրեն էլ է նույնը սպասվում, բայց այստեղ խնդիրը միայն ինքը չէ, նայեք տեսեք, թե ինչ հսկայական համակարգ է գործում: Անընդհատ ասում է` եթե չտանք, կռիվ է լինելու, հայրենասեր մարդն այդպես չի անում, այլ զինում է, ասում է` ժողովուրդ, հաց ու պանիր ենք ուտելու, բայց հայրենիք ենք ստեղծելու»:

Անդրադառնալով այս օրերին տավուշյան գյուղերի ճանապարհները փակած մի քանի հարյուր մարդկանց, Տեր Ահարոնը ցավով նկատում է, որ ոչ մի բան չեն կարողանալու անել, քանի որ բոլոր ուժային կառույցները գործում են Հայաստանի դեմ. «Եթե ուժային կառույցները չգործեին Հայաստանի դեմ, նա ոչ մի բան չէր կարողանա անել, դրա համար եմ ասում` սա հանցախումբ է, որ գործում է Հայաստանի դեմ: Մարդիկ դուրս չեն գալիս փողոց, գիտեն, թե իրենց չի հասնելու, ամբողջ խնդիրը սրանում է: Երբ Տավուշում ընտրություններ էին, ու շատերը զգուշացնում էին, որ եթե սրան ընտրեք` հանձնելու է գյուղերը, մարդիկ, միեւնույն է, գնացին ու իրեն ընտրեցին, հիմա ինչո՞ւ են բողոքում, իրենց դահիճին ընտրել են, ուրեմն թող պատրաստ լինեն գիլյոտինին: Մի այսպիսի պատմություն կա․ ընտրություն է լինում, եւ օձը հմայում է գորտերին, որ իրեն ձայն տան: Գորտերը գնում՝ օձին ընտրում են իրենց թագավոր, օձը սկսում է այդ գորտերին ուտել: Սրանք հավաքվում են ու որոշում են գնալ բողոքել, գորտերից մեկն օձին ասում է՝ ինչո՞ւ ես մեզ ուտում, օձն ասում է` լավ եմ անում, ինձ եք ընտրել, ես էլ ուտում եմ։ Գորտերից մեկը հակադարձում է` բայց ես քեզ չեմ ընտրել, օձը պատասխանում է` քեզ էլ եմ ուտելու, գորտն ասում է` ինձ ինչի՞ ես ուտելու, ասում է՝ որովհետեւ ինձ չես ընտրել...: Հիմա մենք այս կարգավիճակի մեջ ենք հայտնվել, ու երբ մարդն ընտրում է դահիճին, պետք է պատրաստ լինի նաեւ գիլյոտինին: Հիմա․ ես բազմիցս հորդորել եմ՝ սիրելի հայրենակիցներ, ոտքի կանգնեք, սիրելի ոստիկաններ, լավ իմացեք՝ ձեր չարագործությունները, այդ պատուհասը, ի վերջո, ձեր ընտանիքի անդամների մեջ եք տեսնելու, դուք այսօր ազգին այն ցավն եք պատճառում, որ անհնար է՝ այդ ցավը հետո ձեր ոսկորների վրա չզգաք, որովհետեւ սա հայրենիք է, եւ մենք պարտավոր ենք այն պաշտպանելու»: 

Տեր Ահարոնը մատնանշում է փրկության ճանապարհը, այն է` ազգը պետք է միավորվի, որովհետեւ «այն մարդիկ, ովքեր ազգի դեմ են գործում, նրանք դանդաղ գործող ռումբ են եւ իրենց ճանապարհին ամեն ինչ պայթեցնելով՝ գալու են: Ողջ ազգը պետք է ոտքի կանգնի, իսկ այնտեղ՝ Տավուշում, քիչ մարդիկ են հավաքված, ինչո՞ւ հիմա հրապարակը լիքը չէ, ինչո՞ւ չեն կազմակերպում, որ մարդիկ դուրս գան փողոց, չէ՞ որ մենք, այսպես կոչված, ընդդիմություն ունենք: Եթե հայրենասեր ընդդիմություն կա, թող դուրս գան եւ հասարակությանը միավորեն, ոչ թե ցույց ցրող աշխատեն կամ հանրապետականներին ընտրեն` ջրից դուրս գալով, նորից կրակն ընկնեն, որովհետեւ դրանց պարագլուխն ասաց, որ ինքը Նիկոլին չի պարտվել, այլ ավելի հզոր ուժերի, իսկ 2014-ի սահմանադրությունն էլ փոխվեց հենց սրա համար, թող դա չհերքեն: Հանրապետականներն էլ, ընդդիմությունն էլ նույն դեւի տարբեր գլուխներն են: Նրանք արմատն են, սա ծառի պտուղն է: Սրտի ցավ եմ ապրում, հատկապես որ գիտեմ, թե հետո ինչ է լինելու: Ես դեռ 2018-ին եմ ասել` ինչ է մեզ սպասվում, սա որ քայլում էր, մեջքի հետեւը կրակ էի տեսնում, հազար տեղ եմ զանգել, զգուշացրել, բայց մարդիկ գնացին ու ընտրեցին օսմանցուն: Նայում տեսնում ես՝ Ալիեւն ինչ է խոսում, հետո նայում ես, թե սա ինչ է ասում` նույն բանը, ոչ մի տարբերություն. Ալիեւն ասում է՝ հայ եկեղեցին ռեւանշիստ է, որին հաջորդում են եկեղեցու ու եկեղեցականների դեմ ուղղված նրա հայտարարությունները: Հիմա ինքն անում է այն, ինչ ժամանակին արել են մոնղոլ-թաթարները, սելջուկ թուրքերը, արաբները, այսինքն՝ ինքը պայքարում է ոչ թե եկեղեցու, այլ մեր ինքնության դեմ: Եկեղեցին ցեղասպանության զոհերին ճանաչում է հանուն հավատի նահատակվածներ, իսկ ինքը ձեռ է առնում այդ զոհերին: Խորհուրդ կտամ՝ Հայտնության գիրքը կարդա, որտեղ ասվում է․ նրանք, Աստծո գահի առաջ կանգնած, ասում էին` Սուրբ, Սուրբ, երբ պիտի մեր վրեժն առնես: Այնպես որ, թող սպասի Աստծո ցասմանն ու վրեժին: Յուրաքանչյուր ճորտ ուզում է հաճոյանալ իր տիրոջը, հիմա սա թուրքի, օսմանցու ճորտ է, պարզ չէ՞, թե ինքն ում պիտի ծառայի` օսմանցուն»: 

Այդուհանդերձ, ցանկացած արհավիրք, ըստ Տեր հոր, հնարավոր է կանխել, եթե ազգը միավորվի. «Սատանան վախենում է միավորումից, դրա ուժից, դրա համար ընդդիմությունը ցույց ցրող է աշխատում, եւ թող իրենց սուրբ կով չներկայացնեն: Ներքին ճնշում է պետք, բայց դա էլ չկա: Դրա համար եմ ասում, որ սա հանցախումբ է, նա ո՞վ է, որ մենակ այդքան բանն անի: Ես մեր ազգին մաղթում եմ իմաստնություն, որ Աստծուն ապաշխարեն ու խնդրեն՝ մեր միջից մի թագավոր հանի»: