«Թավշից» մինչեւ աղետ. Հայաստանի հեղափոխության (ան)կանխատեսելի պտուղները

«Թավշից» մինչեւ աղետ. Հայաստանի հեղափոխության (ան)կանխատեսելի պտուղները

Պատկերացրեք կույր, խուլ, հաշմանդամ, դիվահար 
մարդկանց մի ամբոխ, եւ հանկարծ այդ ամբոխից տրվում է
հարց՝ ի՞նչ անել։ Միակ ողջամիտ պատասխանն է՝ փնտրեք 
ապաքինություն. քանի դեռ չեք բուժվել, անելիք չունեք եւ 
քանի դեռ ձեւանում եք առողջ, ձեզ համար չկա ապաքինում:

Վլադիմիր Սոլովյով, 19-րդ դարի ռուս փիլիսոփա

Անձի կայացման տարիքում անտեսված կամ մերժված լինելը նրան պատճառում է խոր վիրավորանք ու զայրույթ, ինչը որդի պես ներսից ուտում ու մթագնում է նրա գիտակցությունը։ Այսպես է ձեւավորվել Հայաստանի ներկա կառավարիչների բարդութավորումը: Իշխանավորման 6 տարիներին վերջիններիս հոգեբանական բարդույթներն ավելի են սրել այն նվաստացումները, որոնց նրանք շարունակաբար ենթարկվում են արտաքին աշխարհում՝ առավել եւս, որ այդ ամենն ուղեկցվում է այդ նույն արտաքին աշխարհի կողմից հավանության, աջակցության, խղճահարության եւ կարեկցանքի էժանագին դրսեւորումներով։ Բանագնացների տկարությունն ինքնին զավեշտալի չէր լինի, եթե այդ ամենը չքողարկվեր որպես ձեռքբերում եւ հաղթանակ:

Վիրավորանքը երիտհեղափոխականներից հունցել է մոլեռանդ պաշտոնամոլների մի խայտաբղետ խմբակ: Զայրույթից ծնված տառապանքները դեռ հեղափոխությունից առաջ կոդավորել էին նրանց անցյալի դեմ «վերջին կռվի» ու «մեծ պայքարի»: Չունենալով ստեղծարար գործունեության կենսափորձ, հմտություն, անգամ պարզ հակում՝ նրանք բոլշեւիկյան մոլեռանդությամբ 2018-ի ապրիլից լծվեցին «հին աշխարհը» հիմնովին քանդելու գործին՝ շինելով իրենց երեւակայած «նոր աշխարհը»: Սակայն արդիականացման կարգախոսի ներքո հանրային գործընթացները վերափոխելու խառնաշփոթ փորձերը, ինչպես մեկ դար առաջ պատահեց բոլշեւիկների պարագայում, շուտով կորցրին թվացյալ անմեղությունը եւ հեղեցին չարիք: 

Տիրապետության դառը պտուղները քողարկելու նպատակով նրանք դիմել են անգամ հայ ժողովրդի պատմությունը գռեհկորեն վերանայելու եւ հոգեւոր ոլորտը թիրախավորելու աներեւակայելի միջոցների: Հայաստանյայց առաքելական եկեղեցու նկատմամբ նրանց թշնամական դրսեւորումներում եւս ակնհայտ են բոլշեւիզմի (ու ավելի հին՝ յակոբինիզմի) ախտանիշները, ու դա է խանգարում հայ ռեւիզիոնիստներին՝ գիտակցելու, որ Եկեղեցու հիվանդությունները հետեւանք են հանրային արատների: Խորացած բարդույթները թույլ չեն տալիս նրանց հասկանալու, որ մեր ժողովրդի մոնումենտալ ու ողբերգական պատմությունը՝ հարուցելով թե՛ հիացմունք եւ թե՛ սարսափ, չի կարող հանդիսանալ ռացիոնալ գնահատման առարկա եւ ենթարկվել կամայական վերանայման։ Սերունդների հետ ներդաշնակ կապը որոշում է ոչ միայն անձի, այլեւ ազգի արժանապատվությունը: Եթե հրաժարվենք մեր նախնիներից, մարդկության պատմության մեջ մեր ուրույն դերից ու տեղից՝ կդադարենք լինել նույնիսկ ազգագրագետների համար ուսումնասիրության նյութ։ 

Անցյալի ոչնչացման մոլագար դրսեւորմամբ ուղեկցվող պատմական նիհիլիզմը դիվահարություն է։ Մեր համոզմունքների, ավանդույթների, արժեքների, առասպելների, բնակության պատմական վայրերի գլխապատառ հրաժարմամբ մեզ զրկում են այն ամենից, ինչը մեզ պահել է որպես ազգ։ Մնում է ընդօրինակեն Աթաթուրքին եւ «բարեփոխեն» նաեւ Հայոց գիրը: Դա մեզ արագորեն կկտրի մեր անցյալից եւ այն կփոխարինի tabula rasa-ով: «Սեփական կետից» սկսած ղարաբաղյան քաղաքականության կործանարար հետեւանքները դաս չեղան, հիմա էլ փորձում են «մաքուր էջի» քարոզով օտարել իրարից «պատմական» Հայաստանը եւ «իրական» Հայաստանը։ 
Արդեն տագնապալի չափերի հասած ազգի պատմության մեծածախ վաճառքը խաթարել է մեր հասարակության հենասյուները, դարձրել այն դյուրաբեկ ու խոցելի ներքին եւ արտաքին մանիպուլյատիվ երերումների հանդեպ։ Անկում են ապրում հանրային բարքերը։ Դրան մեծապես նպաստեցին 2018թ. «հեղափոխության»՝ այժմ մոռացվածության մատնված կեղծ կարգախոսները, որոնք առանց որեւէ մտավոր ջանքերի յուրացրեց հայության մի ամբողջ զանգված։ Հեղափոխականները չխորշեցին անգամ մեռելներին օգտագործել՝ ողջերին ճնշելու համար։ Հեղափոխության գլխավոր բեմահարթակից իբրեւ զոհված հերոսի պապ հանդես եկածը «թավշի» մարմնավորումն էր։ Նման սրբապղծությունից հետո ցանկացած հայհոյանք ու սուտ դադարեց լինել անարգանք։ Սրա ապացույցն էր օրենսդիր մարմնի ղեկավարի անհետեւանք թքելն իր թիկնազորի բուղաների կողմից ազատությունից զրկված քաղաքացու վրա։ Դրանով իսկ, քաղաքական լեգիտիմությունը Հայաստանում մեկընդմիշտ ձերբազատվեց բարոյական եւ արժեքային որեւէ բովանդակությունից։ 

Խառնվել է ամեն ինչ` հայրենասիրության առաջնային ցուցիչ է հռչակվել հարկերի վճարումը, պատիվը նենգափոխվել է սնափառությամբ, ինքնահաստատումը՝ ինքնաստվածացմամբ, արդարադատությունը՝ վրեժխնդրությամբ։ Գիտակցված ինքնազսպման պակասը վաղուց է եղել մեր արատը։ Սակայն մարդկային, տարածքային եւ բարոյական աղետալի կորուստներից հետո շարունակվող ֆիզիոլոգիական բնազդների ներկայիս մոլեգին օրգիան մեր մեծագույն ամոթն է ու յուրաքանչյուրիս ճակատին դաջված խարանը։

Ապստամբության առաջնորդը, ով որպես ընդդիմադիր ժամանակին խոսում էր պետականության ինստիտուցիոնալ անկատարության մասին, իր գլխավորած կառավարության գործողություններով ու անգործությամբ սրեց առկա խնդիրները: Դա առավել ցայտուն դրսեւորվում է իրավունքի գերակայության սկզբունքի բացահայտ արհամարհմամբ, որ քողարկվեց ապակողմնորոշիչ կոչով, թե հեղափոխության արդյունքում իշխանությունն անցել է «երեք միլիոն վարչապետներին», ուրեմն` պետական կառավարման հակակշիռների եւ զսպումների որեւէ մեխանիզմ ավելորդություն է։ Հայկական հեղափոխությունը, ինչպեսեւ շատ հեղափոխություններ, որոնք իրականացվել են հանուն ազատության եւ արդարության, օգտագործվեց զուտ իշխանությունը զավթելու եւ միանձնյա կառավարումը հաստատելու նպատակով:

2020թ. պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը եւ դրան հետեւած աղետալի կորուստներն ավելի խորացրին հետհեղափոխական հանրային պառակտումը եւ առավել խեղաթյուրեցին Հայաստանի քաղաքականությունը։ Իր իսկ դեմ պատերազմի մեջ ներքաշված հասարակությունը չի կարող մասնակցել պետության ինստիտուցիոնալ զարգացմանը։ Իշխանության եւ ընդդիմության միջեւ պայքարը կատարելապես վերածվել է «զրոյական գումարով խաղի». կողմերից յուրաքանչյուրը ձգտում է ոչնչացնել մյուսին եւ ամենափոքր փոխզիջումը համարում պարտություն: Նման պայմաններում քաղաքակիրթ էթիկետը չի ընձեռում որեւէ հնարավորություն՝ դիմակայելու ներկա ռեժիմի հարուցած էքզիստենցիալ մարտահրավերներին: 

Քաղաքականության վրա ազդելու հասարակության բացարձակ անկարողությունն առատորեն սնում է Հայաստանում հաստատված վարչախմբին, որը «Economist Intelligence Unit» (EIU) վերլուծական կառույցի ներկայացրած «Ժողովրդավարության ցուցիչի» վերջին զեկույցը գնահատել է «հիբրիդային ռեժիմ»։ Այս խմբում դասված երկրներում «Ընտրություններն ունեն էական խախտումներ, ինչը թույլ չի տալիս գնահատել դրանք որպես ազատ եւ արդար: Ընդդիմադիր կուսակցությունների եւ թեկնածուների վրա իշխանության ճնշումը կրում է սովորական բնույթ: Կառավարության գործունեության, քաղաքական մշակույթի եւ քաղաքական մասնակցություն լուրջ թերություններն ավելի տարածված են թերի ժողովրդավարությունների համեմատ։ Կոռուպցիան հակված է դառնալու համատարած, իսկ օրենքի գերակայությունը` թույլ: Տկար է քաղաքացիական հասարակությունը։ Որպես կանոն, տեղի են ունենում ոտնձգություններ եւ ճնշումներ լրագրողների նկատմամբ, իսկ դատական համակարգն անկախ չէ» (*):
2018-ի «թավշյա հեղափոխությունը» ոչինչ չստեղծեց։ Դրան հետեւող հոգեբանական աղետալի փլուզումը պարզապես դեն նետեց ստի ծածկոցը եւ, ինչպես ճառագայթային հետազոտության արդյունքում, ի հայտ բերեց մեր գոյության փտածությունը։ Երբ բարքերն այսքան ընկած են, ապարդյուն են փորձերը՝ շտկել այն օրենքներով: Ապաշխարել է պետք, այլ ոչ թե տոնել հեղափոխությունը։

(*) EIU-ն ընտրական գործընթացների եւ բազմակարծության, կառավարության գործունեության, քաղաքական մասնակցության, քաղաքական մշակույթի եւ քաղաքացիական ազատությունների գնահատման հիման վրա երկրները դասակարգում է ըստ հետեւյալ տեսակների. լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ եւ ավտորիտար ռեժիմ:


Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան