Սիրելի Ալեն և Անժել

Սիրելի Ալեն և Անժել

Լավ, ես ի՞նչ անեմ, որ Ալեն Սիմոնյանն ու Անժելա Թովմասյանը հաշտվեն: Սկզբունքորեն տարիքս ներում է երկուսին էլ խիստ խոսքեր ասել, կոչ անել՝ հանդարտվել և սեղանի շուրջ քննարկել ծագող հարցերը: Պարզապես վստահ չեմ, որ «հակամարտող» կողմերը ականջ կդնեն իմ հորդորներին: Էն էլ կա, որ երբ միջամտում ես կնոջ ու տղամարդու վեճին, սովորաբար վերջում դու ես մեղավոր դուրս գալիս: Ի՞նչ իմանաս, թե ինչ տալիք-առնելիք ունեն իրարից: Խնդրեմ, Ալեն Սիմոնյանն էլի դատի է տվել Անժելին, իսկ Անժելն էլ այս անգամ այնպիսի մի բան չի ասել, որ վիրավորական կլիներ այս օրերի որևէ քաղաքական գործչի համար: Դե արի ու հասկացիր հիմա՝ Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ է կպել Անժելա Թովմասյանից, ի՞նչ է ուզում: Գոնե փող չուզեր, այ մարդ: Գրել են՝ ՀՀ ԱԺ նախագահը պահանջում է, որ դատական ծախսերը դնեն Անժելայի ուսերին: Բա սա հայ տղամարդու անելու բա՞ն է:

Անժել ջան, դու էլ մի քիչ քո հալով սթրվի, էլի: Հյուրեր ես կանչում, թող հյուրերդ ասեն այդ նույն բաները, ինչո՞ւ ես քեզ առաջ գցում՝ Ալենը սենց, Ալենը նենց… Ալենն էլ՝ հյուրերիդ թողած՝ քեզ է դատի տալիս: Ալենը հո չի՞ նստելու և ուսումնասիրելու, թե որտեղից քեզ այդ տեղեկությունները: Նա խիստ զբաղված մարդ է, նույնիսկ չգիտի էլ, թե ժողովուրդը, որ իրեն ընտրել է, ինչ կարծիքի է իր մասին այսօր: Անժել ջան, դու էդ մարդուն ավելորդ տեղը բզբզում ես, որ ի՞նչ անես: Կարելի է, չէ՞, նրա վիճակի մեջ էլ մտնել: Բոլորը արտահերթ ընտրություններից են խոսում, սահմանադրական փոփոխություններից, Նիկոլի մնալ-չմնալուց:

ՔՊ-ում շատ խառն են, հասկանո՞ւմ ես, նյարդային վիճակ է, ստեպ-ստեպ շունը տերը չի ճանաչում՝ բա դատի կտան, բա ի՞նչ կանեն: Հիմա էլ առաջվանը չէ, որ ում դատի էին տալիս, դառնում էր հանրության աչքի լույսը: Հանրության պետքն էլ չէ արդեն, թե ով ում դատի տվեց: Այդ իմաստով ոչ դատի տվողն է շահում, ոչ դատի տրվողը: Չես տեսնո՞ւմ, որ անգամ լրագրողական համայնքն է անտարբեր դարձել այս իշխանությունների և լրագրողների դատական վեճերի հանդեպ: Անժել ջան, ուզում եմ ասել՝ ոչ Ալենին արած քո PR-ն է աշխատում, ոչ էլ Ալենի՝ քեզ արած PR-ը: Դուք ասում, դուք լսում եք, դուք դատում, դուք դատվում եք: Անհարմար է, էլի: Ձեր երկուսի փոխարեն ես եմ ամաչում: