Դատարանը Հայկակ Արշամյանին դեղին քարտ է ցույց տվել

Դատարանը Հայկակ Արշամյանին դեղին քարտ է ցույց տվել

2012 թվականի փետրվարից «Հայաստան» համահայկական հիմնադրամում աշխատող Աննա Մանուկյանը, ով Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի ծրագրերն է համակարգել, Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի 2022 թվականի մայիսի 18-ի թիվ 6 հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Եւ դիմել է դատարան․
Ապրիլի 4-ի վճռով դատարանը՝ Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է նրա հայցը՝ պարտադրելով վերականգնել Մանուկյանին նախկին աշխատանքում եւ փոխհատուցում վճարել, ինչպես նաեւ փաստաբանի ծախսերը փոխհատուցել։

Դատարանի վճռում մատնանշված է նաեւ աշխատանքից ազատման պատճառը, որն, ըստ հայցվորի քաղաքական է․
Մանուկյանը դատարանին տեղեկացրել է, որ «Աշխատանքային տաս տարիների ընթացքում երբեք չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, աշխատանքային ներքին կարգապահության կանոնների և/կամ աշխատանքի ոչ բարեխիղճ կատարման որևէ փաստ չի արձանագրվել: Առաջին անգամ կարգապահական տույժի ենթարկվել է 2021թ. հունիսի 2-ին, այնուհետև՝ 2021թ. հունիսի 25-ին: Կարգապահական տույժերը կիրառվել են ենթադրյալ ուշացումների հիմքով, բայց կրել են քաղաքական այլախոհության զսպման նպատակ, ինչը հաստատվում է կարգապահական տույժերի կիրառման ժամանակահատվածով՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին հաջորդող մեկ ամսվա ընթացքում: Ավելին՝ ենթադրյալ ուշացումների նման և ավելի շատ ժամաքանակ ունեցող որևէ այլ աշխատակից կարգապահական տույժի չի ենթարկվել: Աշխատանքային ժամերի ավարտից հետո պարբերաբար մասնակցել է կազմակերպված հանրահավաքներին, որոնք մեկնարկվել են ժամը 19:00-ից հետո, իսկ աշխատանքային ժամը «Հայաստան» համահայկական հիմնադրամում ավարտվել է 18:00-ին, որի համար մի քանի անգամ բանավոր նախազգուշացվել է»:  

Պարզ ասած՝ Հիմնադրամի աշխատակիցը մասնակցել է հանրահավաքներին, որի պատճառով էլ իշխանության դրածո Հայկակ Արշամյանը նրան ազատել է աշխատանքից։ Դատարանը գտել է, որ հայցը հիմնավոր է, ենթակա է բավարարման եւ պարտադրել է Հիմնադրամի տնօրենին վերականգնել աշխատողի խախտված իրավունքները։ Նշենք, որ աշխատակիցը աշխատանքից ազատվելուց հետո ելույթ է ունեցել հանրահավաքներին։