Քեռիս ինձ կրծքով է կերակրել

Քեռիս ինձ կրծքով է կերակրել

Իր հրաժարականի «հայրենասիրական» պատճառները բացատրելուց հետո Մարուքյանին թվում է, թե հանրությունը կասի՝ կեցցես։ Ինքը չգիտե՞ր, որ ՔՊ-ի հետ այդքան ներդաշնակ ու կլասիկ քայլելուց հետո ոչ մեկը չի հավատալու պաշտոնից հրաժարվելու իր պատճառաբանություններին ու հայտնվելու է հանրության թիրախում։ Լավ էլ գիտեր, բայց ուրիշ ելք չուներ։ Հրամանը մնում է հրաման։ Անել այն, ինչ հրաման իջեցվում է։ Իրեն թվում է, թե ինքը ժողովրդից ավելի խելոք է և պրիմիտիվ քայլերով կարող է նրա «սիրտը շահել»։ Կասեն՝ վա՜յ «խեղճ տղա», սա էլ չդիմացավ։ Բայց դե տեսնում եք, նրա պաշտոնից հրաժարվելուն ոչ ոք ուշադրություն չի դարձնում, գումարած դրան՝ հայհոյում են։ Այս տեսարանին համարժեք զուգահեռ եմ ուզում անցկացնել։ Աշակերտներիցս մեկը, ով մի քանի օր դպրոց չէր եկել, պատճառաբանեց՝ քեռիս մահացել է։ Փոքր քաղաք է, քեռուն ճանաչում էի, ասացի կզանգեմ։ Կարմրեց ու կմկմաց։ Գոնե մի աշակերտի չափ կարմրելու, ամաչելու հատկություն ունենան։

Հետո, երբ առանձին զրուցեցի նրա հետ և ասացի՝ քեռիդ ջահել տղա է, ինչու՞ ես նման բան ասում, չէ՞ որ նա քեզ «լավ նվերներ է անում», մի նոր սուտ ասաց՝ ես քեռուս չեմ սիրում։ Հիմա Մարուքյանն է։ Ուզում է հավատացնել, որ ինքը «նվերների մեջ լողացնող» քեռի Նիկոլին չի սիրում։ Այն նույն Նիկոլին, որ մինչև Հայաստանի վարչապետի որոշմամբ հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելը, պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ում համարում էր «ազգակործան պատուհաս»։ Դե ե՛կ ժողովուրդ ու մի հայհոյիր։ Հասկացանք, որ իրավաբանական կրթություն ունես, բայց նման կրթություն ունենալը դեռ չի նշանակում, որ հարմար ձևերով ու փաստարկներով պիտի մարդկանց «գլուխը հարդուկես»։ 

Խոսքը կառուցելիս միայն իրավական գիտելիք ունենալը բավարար չէ, որ կարողանաս մարդկանց խաբել ու ասել, որ քեռուդ չես սիրում, դեմ ես։ Կա մարդկային հոգեբանություն, որը որսում է խոսքի տակ եղած անհանգստությունը։ Էդմոն Մարուքյանին լսենք, թե ինչ է ասում քեռու մասին ․ «Ասում են՝ իշխանական նավը խորտակվում է և այդ նավը լքում են։ Իշխանական նավը չի խորտակվում, իշխանությունը Երևանի ընտրություններում 32 տոկոս ձայն է հավաքել, դա նշանակում է, որ մարզերում ավելին կարող է հավաքել։ Հետևաբար, իշխանության գործերը, ներքաղաքական իմաստով, վատ չեն»։ Տեսեք «ո՜նց է իրեն կոտորում»՝ քեռիս չի հեռանա, նրան սիրում են, մարզերում ավելի շատ են սիրում․․․ Քեռուս գործերը վատ չեն․․․ 

Այսինքն ի՞նչ է ուզում այս մարդը, մնում է, ինչպես հանրահայտ ֆիլմում, ասի՝ քեռիս ինձ կրծքով է կերակրել․․․ Հորս արև, նա չի հեռանա։ Եթե ավելացնենք նաև այն, որ ասում է․ «Միանշանակ ասում եմ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում, սահմանադրական հանրաքվե, մինչև ընտրությունները, գոնե այս պահի դրությամբ, չի սպասվում», ամեն ինչ տեղը կընկնի։ Ինքը գիտի, որ իր քեռին արտահերթ խորհրդարանական ընտրությունով իրեն վտանգի տակ չի դնի։ Առավել լավ գիտի, գոնե այս պահի դրությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն սպասվում․․․ Էլ ի՞նչ գիտի, չի շարունակում։ Ցանկացած հոգեբան նրա այս խոսքերից հետո կեզրակացնի, որ նա իրեն ապահով է զգում և հրաժարվել է պաշտոնից՝ իր ապահով կյանքը շարունակելու համար։