ՌԴ-ն միշտ պաշտպանել է ՀՀ-ին, բայց Արևմուտքում որոշել են Երևանին պաշտպանել մեզնից․ Զախարովա

ՌԴ-ն միշտ պաշտպանել է ՀՀ-ին, բայց Արևմուտքում որոշել են Երևանին պաշտպանել մեզնից․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը մեկ անգամ չէ, որ օգնության է հասել Հայաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի Դաշնության մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել Հայաստանին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա պնդմամբ, հենց սա է այն «թափանցիկության թեստը», որն անցել է Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում։

«Դա շատ թանկ արժեք ունի։ Եվ սրանք այն անվերջ բլա-բլա-բլա, դատարկ խոսքերը, խոստումները չեն, որոնք պատմականորեն տվել և միշտ տալիս են արևմտյան շատ երկրները Հայաստանին, Երևանին, թե կպաշտպանեն, կօգնեն և այլն։ Եվ չգիտես ինչու՝ կպաշտպանեն Ռուսաստանից, որն իսկապես դադարեցրեց արյունահեղությունը, որն իսկապես ֆինանսական և տնտեսական օգնություն տվեց, փոխարենը ոչինչ չպահանջելով»,- ասել է Զախարովան։

«Եվ ես իսկապես չեմ ուզում, որ հիմա Հայաստանի ժողովրդին ինչ-որ հակառուսական օրակարգ պարտադրվի տեղեկատվական տեխնոլոգիաների և ագրեսիվ հռետորաբանության շնորհիվ։ Մենք միշտ այնտեղ ենք լինելու, միշտ օգնելու ենք, միշտ բաց սրտով և մաքուր հոգով ենք վերաբերվելու Հայաստանին, այս երկրի ժողովրդին»,- եզրափակել է նա։