ԿԳՄՍ նախարարությունը հնարավոր է հրաժարվի QR կոդերից

ԿԳՄՍ նախարարությունը հնարավոր է հրաժարվի QR կոդերից

Օրերս հաքերային հարձակման էին ենթարկվել դպրոցականների համար նախատեսված krtadarak.am եւ krtaditak.am կայքերը։ 5-րդ դասարանի «Մայրենի լեզու» առարկայի QR կոդով, որը նախատեսված էր լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, երեխաները թուրքական էջեր էին բացում, որտեղ Թուրքիայի դրոշ էր եւ գրված էր. «Ի՜նչ բախտավոր է «թուրք եմ» ասողը»։ Երեկ ԿԳՄՍ-ից հայտնեցին, որ էջերը դեռ չեն վերականգնվել, դրանց հասանելիությունը փակվել է։ Երեխաների մայրիկներն այս մասին ահազանգում էին դպրոցների փակ խմբերում, գրում էին տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին, ով գրառում․ «Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց (թուրքական դրոշի նկար)։ Հրատարակչությունը, որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել QR-ները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։ Բայց վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QR-ների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տասն անգամ չափել, հետո նոր տպել։ Լավ է՝ մենակ նկար էր։ Կարող էին վիրուս կախել, պոռնոգրաֆիա, ֆիշինք»։ 

ԿԳՄՍՆ-ի այս հանճարեղ գաղափարը՝ QR կոդի միջոցով աշակերտներին դուրս բերել համացանցի հորիզոններ, որ տեղեկություններ ստանան, այլ բարդություններ էլ է առաջացրել։ Կան կոդեր, որոնք տանում են դեպի բլոգերների մասնավոր էջեր, որոնք կարող են ջնջվել ցանկացած պահի։ Որոշ հրահանգներ, օրինակ, երկրորդ դասարանի մաթեմատիկայի դասագրքում, պետք է լսել QR կոդի միջոցով, որից հետո միայն կարող ես կատարել առաջադրանքները։ Ոչ միայն երկրորդ դասարանցիները, նրանց ծնողներն անգամ չեն կարողանում այդ հրահանգները լսելով ճիշտ պատասխանը ստանալ։ Այնպես որ, տեխնոլոգիական նորամուծություններն ավելի են խճճել դպրոցականների եւ նրանց ծնողների առանց այդ էլ բարդ կյանքը։ 

Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության նախկին պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Աղբալյանը կարծում է, որ նաեւ ուսուցիչների կյանքն է բարդացել։ «Ես ե՛ւ դրան եմ դեմ, ե՛ւ, անկեղծ ասած, էլեկտրոնային մատյաններին եմ դեմ, որը ցանկացած պահի կարող է հաքերային հարձակման ենթարկվել, այդ ամբողջ բազան ջնջվել։ Էլ չեմ ասում, թե ինչ նյութեր այնտեղ կարող են տեղադրվել, որ երեխաները մտնեն նայեն։ Մանավանդ, օրինակ, էլեկտրոնային մատյանների վրա ուսուցիչները բավականին ժամանակ են ծախսում՝ օրական երկու-երեք ժամ` էլեկտրոնային մատյաններ լրացնելու համար։ Այսինքն՝ մի դրույք ուսուցչուհին, որը պարապում է 3-9-րդ դասարան, յուրաքանչյուրում երեք դաս, պատկերացնո՞ւմ եք, ինչ ծավալ է լրացնում»,- նշում է մասնագետը։ Նա հիշեցնում է նաեւ, որ QR կոդերը կոտրելով, կարող են տեղադրել երեխաների համար արգելված նյութեր, որոնք նրանք կարող են նայել։ Չե՞ն պատրաստվում արդյոք հրաժարվել QR կոդ կոչվող վտանգավոր ռիսկային գործիքից։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ այդ հարցը քննարկվում է, եւ ավելի լիարժեք պատասխան կտան ավելի ուշ։