Պուտինը կիրառում է «գազային» ճնշման լծակ Եվրոպայի նկատմամբ

Պուտինը կիրառում է «գազային» ճնշման լծակ Եվրոպայի նկատմամբ

Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դադարեցնում է Բուլղարիայի եւ Լեհաստանի գազամատակարարումը։ Պատճառն այն է, որ այս երկրների գազային օպերատորները՝ բուլղարական Bulgargaz-ն ու լեհական PGNiG-ը, հրաժարվել են ռուբլով վճարել գազի դիմաց։ Այս հայտարարությունից հետո գազի գինը եվրոպական շուկայում նկատելիորեն բարձրացավ՝ հասնելով 1000 խմ-ի դիմաց մինչեւ 1184 դոլարի։ Եթե ուշադիր լինենք, ապա իրադարձությունների նման զարգացումը լիովին կանխատեսելի էր, քանի որ մարտի 31-ին դեռ Ռուսաստանի նախագահը ստորագրել էր հրամանագիր, որով ապրիլի 1-ից Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների համար գազի մատակարարումների դիմաց վճարումները գանձվելու են ռուսական ռուբլով։ 

Ի դեպ, Ավստրիան ու կարծես նաեւ Վատիկանը համաձայնել են այս պայմանին։ Ռուսական գազային ընկերությունը նաեւ զգուշացրել է, որ երկրների կողմից տարանցիկ ճանապարհով ռուսաստանյան գազի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցիկ մատակարարումները կկրճատվեն համապատասխան ծավալով։ Գազի տարանցումն ընկերությունում խոստացել են վերսկսել այն պահից, երբ նշված ընկերությունները կկատարեն ռուբլով վճարում։
Ըստ էության, կարող ենք ասել, որ Ռուսաստանը, սպասելով այն բանին, մինչեւ Արեւմուտքն իր «սանկցիոն փոթորիկը» հասցնի որոշակի հանգրվանի, սկսել է պատասխան կոշտ քայլեր ձեռնարկել։ Ու Եվրոպայում սա կարծես թե հասկանում են։

Իրականում Եվրոպան, մեծ հաշվով, փախչելու տեղ պարզապես չունի։ Լեհաստանը, իհարկե, կարող է Նորվեգիայից գազ գնել՝ հույս ունենալով, որ հոկտեմբերին այդ երկու երկրների միջեւ գազատարը պատրաստ կլինի, բայց դե՝ մյուս երկրների պարագան այլ է։ Գերմանիան, օրինակ, որպես ԵՄ տնտեսական լոկոմոտիվ, այլընտրանք չունի գրեթե, Ավստրիան՝ նույնպես, Ֆրանսիան էլ սկսել է հասկանալ պահի լրջությունը։ Ու պատահական չէ, որ ինչպես Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսն է նշում՝ վկայակոչելով «Գազպրոմին» մոտ կանգնած իր աղբյուրին, ռուսներից գազ գնող եվրոպական 10 ընկերություններ արդեն հաշիվներ են բացել «Գազպրոմբանկ»-ում՝ գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարելու նպատակով։

Ընդհանուր առմամբ, Մոսկվան սեփական գազատարներով հեղուկ գազ է մատակարարում եվրոպական 23 երկրի, որոնցից 21-ը ներառված է Ռուսաստանի կառավարության կողմից հրապարակված ոչ բարեկամական պետությունների ցանկում։ Մյուս կողմից, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ էներգետիկան վաղուց այլեւս զուտ տնտեսական ֆակտորից դարձել է քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործոն, որով Ռուսաստանը հարկ եղած դեպքում փորձում է որոշակի ճնշումներ գործադրել ու հասնել ցանկալի արդյունքների։ Ու հիմա կարծես թե Ռուսաստանը հերթական անգամ փորձում է այս լծակն օգտագործել։

Պուտինին հազիվ թե հնարավոր լինի համարել ոչ խելացի մարդ։ Ավելի քան երկու տասնամյակ լինելով ռուսական պետության ղեկին՝ նա շատ լավ է հասկանում համաշխարհային տնտեսության եվրոպական հատվածի կառուցվածքը, թույլ ու ուժեղ կողմերը, հասկանում է նաեւ, թե ռուսական պետությունը՝ որպես հումքի մատակարար, ինչ արժեք ունի Եվրոպայի համար։ Ու հիմա, երբ «արեւմտյան սանկցիոն փոթորիկը» կարծես թե հասել է տրամաբանական այն հանգրվանին, որից այն կողմ գնալն անիմաստ է դառնում, սկսել է իր արշավը։

Ունի՞ արդյոք Ռուսաստանն իրավունք այդպես վարվելու։ Իհարկե․ մեծ հաշվով, քաղաքականության մեջ բարոյականությունը որպես կատեգորիա գոյություն չունի, իսկ Պուտինն առաջին հերթին իր պետության, իր ժողովրդի ազգային ու գեոպոլիտիկ շահերն է հետապնդում ամենուր։