Թուրքին ինչ տաս, էլի կուզի, դրանք չտես գյոռմամիշ են

Թուրքին ինչ տաս, էլի կուզի, դրանք չտես գյոռմամիշ են

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կիրակի օրվանից Ազատության հրապարակում է եւ հայտարարել է, որ Ազատության հրապարակից չի պատրաստվում տուն գնալ՝ մինչեւ հաջողություն չունենա: Իսկ պայքարի նպատակը Արցախն է։ Կիրակի օրը նրան այցելության էր գնացել «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, նրանք առանձնացել էին եւ զրուցում էին: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ են խոսել Արզաքանցյանն ու Վանեցյանը, եւ մի քանի հարցի պատասխան ևս ստանալ։

- Պարոն Արզաքանցյան, ի՞նչ էիք քննարկում Արթուր Վանեցյանի հետ։

- Հարցրեցի, ինչ նպատակով է հավաքը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես էլ հետաքրքրված էի՝ տեսնեի ինչով են անհանգստացած երկրի խորհրդարանի պատգամավորները։

- Ի՞նչ ասաց, ի՞նչ քայլեր է պատրաստվում անել խորհրդարանական ընդդիմությունը։

- Դե դա իրենց կուսակցության որոշումն է, ամեն մարդ պետք է իր ձևով մտածի։ Էստեղ խոսում եմ ոչ թե որպես կուսակցության ղեկավար, այլ ՀՀ քաղաքացի։ Ամեն մարդ իր կարծիքն ունի, ես հիմա քաղաքական հայտարարություն չեմ կատարել այդ ժամանակ, ոչ թե որևէ բանից քաշվում ենք, ուղղակի ուզում ենք հասկանալ՝ ինչ է կատարվելու այս հանդիպումներից հետո։ Հիմա վարչապետն այս պահին հանդիպում է ունենում Վլադիմիր Պուտինի հետ, տեսնենք ինչ է կատարվում, թե չէ առանց ինֆորմացիա իմանալու՝ վեր կենանք ի՞նչ խոսենք։

- «Պատիվ ունեմ» դաշինքի գործողությունների հետ համաձայն չե՞ք։

- Իրենց որոշումն է, մենք մեր մտածելակերպն ունենք։

- Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե լինեիք իրենց փոխարեն խորհրդարանում՝ որպես ընդդիմություն։

- Գիտեք, քանի որ մենք հիմա էնտեղ չենք ու ընդդիմություն չենք կազմում, չեմ կարող պատասխանել։ Իրենց ուզածն ի՞նչ է՝ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, նույնն էլ իմ ուզածն է, ձեր ուզածն է, բոլորիս ուզածն է, մենք ո՞նց կարող ենք ասել՝ մեր երկիրը գնա մտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Ես դեմ եմ, որ մեր Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ, դառնում է նորից պատերազմ, նորից տարածքներ կորցնել, եթե մենք երկիրը էդպես բաժանելով գնանք՝ ինչի՞ կհասնենք։ Էդքան տարածքները տվեցինք, թող դրանով կշտանան էլ ի՞նչ են ուզում ադրբեջանցիները, թուրքին ինչ տաս էլի կուզի, դրանք չտես գյոռմամիշ են, իսկ հայրենիքի հետ հանաք անել ոչ մեկ իրավունք չունի, ո՛չ մի իշխանություն, ոչ մեկը իրավունք չունի մի մետր հող տալու, հայրենիքը ոչ մի իշխանության ու ոչ մի կուսակցության սեփականություն չի,  մերն է՝ մեր ժողովրդինը։

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չհամաձայնելը կարող է հանգեցնել նոր պատերազմի։

- Նոր պատերազմ, նոր պատերազմ, պատերազմից պիտի փախչե՞նք, ինչ իրենք ուզեն՝ մենք պետք է տա՞նք։

- Եթե պատերազմ լինի, Դուք կգնա՞ք։

- Բա ինչ պիտի անեմ, հո չեմ նստելու թախտին՝ սպասեմ բախտին։ Մի անգամ ծնվել ենք, մի անգամ էլ մահանալու ենք, որ մենք չպայքարենք մեր երկրի համար ո՞վ պիտի պայքարի։ Մենք այստեղ բոլորով պիտի միանանք իրար, կուսակցություն- կուսակցություն խաղացող չպիտի լինի, ճիշտ որոշումներ կայացնենք, կարող է այսօրվա իշխանությունը շփոթվում է՝ ճիշտ որոշում չի կայացնում, մի խելքը լավ է, երկուսն ավելի լավ, դրա համար պետք է հավաքվենք նստենք կլոր սեղանի շուրջ, բոլորիս կարծիքը իշխանությունը պետք է լսի, մենք այս ազգի ներկայացուցիչներն ենք, մենք հենց այնպես չենք եկել քաղաքական դաշտ, հետո ի՞նչ որ մենք շատ ձայն չենք հավաքել, բայց ժողովրդի կամքով ենք չէ՞ կուսակցություն ստեղծել։

- Ինչո՞ւ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ուժերի հանրահավաքին չմասնակցեցիք, բայց առանձին «Պատիվ ունեմ» դաշինքի հավաքին ներկա գտնվեցիք։

- Ես տեղյակ չեմ եղել, հետո՝ եթե հավաք անելու կարիք լինի, պակաս հավաք անող էլ մենք չենք լինի։ Հավաքով հարց չես լուծում, պիտի այսօրվա որոշում կայացնողի հետ հանդիպենք, խոսենք, մենք էլ մերն ասենք։ Էն օրն էլ հավաքվեցին՝ ի՞նչ ստացան, պետք է մեկ բռունցք դառնանք, ճիշտ որոշում կայացնենք, որ թուրքն էլ տեսնի էստեղ հզոր ուժ կա։ Մեր թշնամին ոչ թե ներսի քաղաքական կուսակցություններն են կա՛մ իշխանությունն է այլ՝ թուրքը, պիտի բոլորով ուշքի գանք։