Ադեկվատության պահանջ

Ադեկվատության պահանջ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կարծիքով այսօր հնարավորություն կա կանխելու Արցախի ամբողջական էթնիկ զտումները: Ինչպես նաև պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։ Դա Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է: Եվ որպեսզի այն տեղի ունենա՝ ընդամենը անհրաժեշտ է «X» սոցցանցում (նախկինում՝ Թվիթեր) շրջափակման կազմակերպիչներին դիմել «Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը» գրառմամբ: Ինչով էլ կկանխվեն Արցախի ամբողջական էթնիկ զտումները: Ինչպես նաև կապահովվի՝ սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու՝ 120 հազար հայի իրավունքը:

Մարդ չգիտի՝ լա թե խնդա: Որովհետև որևէ մեկը չի կարծում, չէ՞, որ հենց Իլհամը կարդա Էդմոնի  գրառումը, ապա անմիջապես կվազի ու կկատարի նրա պահանջը: Որովհետև նման գրառում կատարողը պետք ունենար նաև այն գործոնը կամ գործիքը, որով կպարտադրվեր նման պահանջի կատարումը: Իսկ Էդմոնը, բնականաբար, չունի նման գործոն կամ գործիք: Նույնիսկ Էդմոնին այդ պաշտոնին նշանակողը չունի՝ ո՜ւր մնաց, թե Էդմոնն ունենար… Ու ստացվում է, որ բան էր՝ գրել է…

Իսկ մեկ ուրիշն էլ՝ արդեն արցախցի, դեպի Հակարիի կամուրջ ավտոբուսներով երթ է կազմակերպում՝ չգիտես որտեղից վառելիք հայթայթելով: Կարծես թե Արցախում այդ վառելիքն ավելի ազգօգուտ բանի համար չէր կարելի օգտագործել: Եթե, իհարկե, Բաբայան Սամվելին պետնախարարի պաշտոնին նշանակելուն աջակցելն ազգօգուտ բան չէ: Ու հետն էլ ռուս խաղաղապահների ղեկավարությունից պահանջում է իրեն (իրենց) տեղյակ պահել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու ավտոբուսային երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: Ստացվեց երկրորդ կոռնիձորյան դյուցազներգությունը (էպոպեան). առաջին անհրաժեշտության պարագաներով լցնելով շուրջ 20 բեռնատար՝ Նիկոլը հասցրեց նրանց սահմանագլուխ ու նույն խաղաղապահներից պահանջեց, որպեսզի վերջիններս ադրբեջանցիներից պահանջեն ապահովելու շարասյան մուտքը Լաչինի միջանցք: Ոնց չմտածես, որ այս ամենը, հաստատ, մի կենտրոնից է մշակվում ու կազմակերպվում:

Մարդ արդեն սկսում է մտածել՝ ադեկվատ են սրանք, թե ոչ: Ավտոմեքենա վարելու իրավունքի վկայականն ի՞նչ է՝ ընդամենը թղթի կտոր: Բայց դա տրամադրելու համար պահանջվում է համապատասխան բժշկական կառույցից համապատասխան տեղեկանքի առկայություն: Իսկ պարտադիր չէ՞սեփական պետության հեղինակության և իր անվտանգությունն ապահովող մեկ այլ պետության հեղինակության պահպանման տեսակետից ադեկվատ լինելը: Ոնց գցում-բռնում եմ՝ այդ հարցի առումով մենք գտնվում ենք ծուռ հայելիների թագավորությունում:

Լավ, կոնկրետ տվյալ հարցում պետության ղեկավարի ոչ ադեկվատությունն ընդամենը հերթական անգամ նվազեցնելու է համարյա զրոյական նիշին հասած մեր պետության հեղինակությունը: Բայց արցախյան երթն ավելի վտանգավոր է. Իլհամը պահանջում է, որպեսզի ցրվի Արցախի պետական ապարատը և իր ներկայացուցչի հետ բանակացեն շարքային արցախցիները: Շարքային արցախցիներից մեկն էլ տվյալ դեպքում նախատեսում է երթի կազմակերպում, մեկ այլ, բայց ոչ շարքային, արցախցի (թե՞ նախկին արցախցի) էլ ապահովում է վառելիք: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է ապահովում վառելիքը՝Արցախում դրա բացակայության պարագայում: Ու որոշվում է կայացվում 150-200 հոգով գնալ բանակցությունների: Ու դա դեռ բավարար չէ՝ մի հատ էլ ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությունից պահանջում է ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը: Չհասկացա, զորախմբի ղեկավարությունը ենթարկվում է ՌԴ ՊՆ-ին, թե՞ շարքային կամ ոչ շարքային արցախցիներին…