ՍԴ-ում 5 ամիս է ուսումնասիրում է Վենետիկի եզրակացությունը

ՍԴ-ում 5 ամիս է ուսումնասիրում է Վենետիկի եզրակացությունը

Սահմանադրական դատարանը 5 ամիս է՝ ուսումնասիրում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հետ։ Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին ՍԴ՝ վիճարկելով այս օրենքի՝ ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանելիությունը, Սահմանադրական դատարանն էլ դիմումի քննությունը կասեցրել էր՝ դիմելով Վենետիկի հանձնաժողովին։

Նշենք նաև, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները խորհրդատվական բնույթի են, որտեղ կա եւ քննադատություն, եւ առաջարկներ, սակայն դրանք պարտադիր կատարման ենթակա չեն եւ ՍԴ-ն այն մինչ այժմ ուսումնասիրում է՝ հասկանալու համար, թե ի՞նչ խորհուրդ է տվել հանձնաժողովը եւ ինչ որոշում կայացնի ինքը։

Մեր հարցին, թե ի՞նչ փուլում է դիմումի քննությունը, արդյոք դիմումի քննությունը վերսկսվե՞լ է, ՍԴ-ից պատասխանեցին, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստացվել է, այժմ ուսումնասիրվում է։ Մինչդեռ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը հրապարակվել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, այն ընդամենը 13 էջ է եւ դրա ուսումնասիրությունը չէր կարող 5 ամիս տեւել։