Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, դրա սկիզբը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, դրա սկիզբը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության 23-րդ տարելիցը: 23 տարի առաջ այս օրը Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, սպանդ իրականացրեց՝ ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Այն ժամանակ հանրությունը կասկածներ ուներ, որ բացի ոճրագործներից ահաբեկչության կազմակերպիչներ եւս կան, սակայն մեկ տարուց ավելի տեւած նախաքննության, ապա եռամյա դատաքննության ժամանակ կազմակերպիչների մասով ոչինչ չբացահայտվեց։ Գործից մաս անջատվեց՝ կազմակերպիչների մասով քննությունը շարունակելու համար, սակայն մի քանի տարուց այդ գործը կարճվեց՝ նոր ապացույցներ ձեռք բերելու անհնարինության հիմքով։

2018 թվականի հեղափոխությունից հետո Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներից ոմանց մոտ հույսեր արթնացան, որ հնարավոր է գործի քննությունը շարունակվի եւ կազմակերպիչները բացահայտվեն։ 2019 թվականին՝ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա գործը վերաբացվեց, սակայն 3 տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Թե ում էր ձեռնտու հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ում պատվերով իրականացվեց այն և ինչո՞ւ 2019 թվականից առ այսօր վերաբացված գործի շրջանակներում առաջխաղացում չի նկատվում, «Հրապարակը» զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրու` Անահիտ Բախշյանի հետ:

- 2019 թվականին Ձեր համառ ջանքերով վերաբացվեց հոկտեմբերի 27-ի գործը: Վերջերս էլ բաց նամակով դիմեցիք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հույս հայտնելով, որ նա կհասնի արդյունքների, սակայն որևէ տեղաշարժ, արդյունք տեսանելի չէ: Երկու տարբերակ կա՝ կամ կազմակերպիչներ չկան, կամ՝ գործող իշխանություններին հոկտեմբերի 27-ի բացահայտումը ձեռնտու չէ: Ինչո՞ւ «սայլը» տեղից չի շարժվում….

- Ես էլ ոչ մի տեղաշարժ չեմ տեսնում: Կդժվարանամ ասել, թե այս ամենն ինչով է պայմանավորված: Այսօրվա իրադարձությունները, սահմաններում տիրող իրավիճակը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, Մեղրիով միջանցքի հարցը բացահայտում են հոկտեմբերի 27-ի գործը: Այն, ինչ հենց այսօր կատարվում է Հայաստանում, դրա սկիզբը դրվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, պետության գլխատման այդ չարաբաստիկ օրը: 1999 թվականի հոկտեմբերի 23-ին Անվտանգության խորհրդի նիստում Մեղրիի միջանցքի փոխանակման հարցը Ռոբերտ Քոչարյանի կողմից սեղանին է դրվել, որին կատեգորիկ դեմ են եղել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Լուրջ խոսակցություն է տեղի ունեցել` վեճ, որից հետո Վազգենն ու Կարենը դուռը շրխկացնելով դուրս են եկել խորհրդակցության սենյակից: Դրանից հետո տեղի է ունենում սպանդը պետության դեմ: Կատարվածը Յուրի Բախշյանի դեմ չէր, ոչ էլ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի կամ մնացյալի որ միայն ինձ, Գրետա մայրիկին և Ռիմա Դեմիրճյանին տուժող ճանաչեն, դա հանցագործություն էր Հայոց պետականության դեմ: Վերոնշյալ իրադարձություններն այսօր բացահայտում են հոկտեմբերի 27-ը: Ինձ համար լույսի պես պարզ է, բացահայտված է այն: Հիմա իշխանությունները, դատախազությունը, թե ինչ ձևերով պետք է այդ ամենը բացահայտեն, ես չգիտեմ: Ներքին տականքի մասին էլ չեմ խոսում, որ գիտեին, թե ինչ է սպասվում և ոչինչ չարեցին: Այն բողոքը, որ իմ դատապաշտպանն է գրել, շուրջ 57 էջ է: Այդ բողոքում կան մանրամասներ, որոնք բացահատել է փաստաբանը: Մենք այն ներկայացրել ենք Դատախազություն: Դատախազությունը պարտավոր է և ես պահանջում եմ, որպեսզի յուրաքանչյուր փաստ ուսումնասիրվի և քննվի և առնվազն ներքին տականքը բացահայտվի:

- Դուք մշտապես սլաքներն ուղղում եք Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Եթե Քոչարյանն է կանգնած ոճրագործության ետևում, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչո՞ւ չի բացահայտում, որպեսզի եթե մեղավոր է, պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչո՞ւ են խնայում Քոչարյանին այդ դեպքում….

- Այո, շատ ուղիղ, սլաքներն ուղղվում են դեպի Քոչարյան: Ի՞նչը խանգարեց բացահայտել մարտի 1-ի գործը, երբ բացահայտ Ռոբերտ Քոչարյանի հրամանով բանակը սահմանից հանվել և Երևան էր բերվել: Դա ապացուցված ու հիմնավորված է, հազար ու մի տեղ այդ մասին գրվել է: Ի՞նչը խանգարեց: Մեր չեղած արդարադատությունը, այն նույն արդարադատությունը, որի հիմքերը դրվել են ի սկզբանե կաղ….

- Բայց այսօր Նիկոլ Փաշինյանին ընդդիմանալու համար փաստաբաններ են ձերբակալվում, քաղաքական գործիչներ են բանտարկվում, որոշները դատարաններում մահանում են, ինչպե՞ս է ստացվում, որ երբ ինչ-որ բան Փաշինյանը ցանկանում է, նույն դատական համակարգը ենթարկվում է նրան, այս դեպքում անկարող են….

- Այդ հարցը պետք է տաք վարչապետին: Ինչպե՞ս է ստացվում, որ արդարադատական համակարգը կարգի բերել չի հաջողվում: Դատական համակարգը պետք է անկախ լինի, պարտադիր չէ, որ ենթարկվեն ինչ-որ մեկին: Հեղափոխություն արեցինք, ամրագրեցինք, որ Հայաստանում հաստատվում է հավասարություն, օրենքի առաջ այսուհետ հավասար են բոլորը, սակայն լինում է այսպես: 1999 թվականի նոյեմբերի վերջին Ռոբերտ Քոչարյանն՝ իր տիկնոջ հետ եկան մեր տուն ցավակցելու: Այդ օրը Քոչարյանին ես հարցեր եմ ուղղել, թե ով, ինչպես և այլն: Միամիտ էի շատ այն ժամանակ: Քոչարյանն ինձ խոստացավ, որ բոլոր հնարավոր ձևերով, դրսից մարդկանց բերելով, ուսումնասիրություններ անելով, անպայման բացահայտելու է հոկտեմբերի 27-ի գործը: Ասացի, եթե չբացահայտեք, ժողովուրդը ձեզ է կասկածելու, ասաց` գիտեմ: Ստացվում է, որ ինքը գիտեր, որ կասկածելու են իրեն և ոչինչ չարեց…. կարճվեց գործը:

- Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վստահո՞ւմ եք, հույս ունե՞ք, որ հոկտեմբերի 27-ի գործում արդյունքի կհասնեք:

- Հույս չունեմ, սակայն քանի բերանս շարժվում է, ուղեղս աշխատում է, ես այդ մասին խոսելու եմ: