Handmade in Artsakh

Handmade in Artsakh

Ռուբեն Վարդանյանը, ով համաձայնել է ստանձնել Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը, միանգամայն իրատեսական և հեռանկարային գաղափարի մասին է գրել ֆեյսբուքյան իր էջում. «Մենք պետք է վերականգնենք արհեստների ու վարպետների հանդեպ հարգանքը»: 

Արհեստագործության զարգացումը կարևորվել է նաև ՀՀ-ում: 2005 թվականի հուլիսի 28-ին, ՀՀ Կառավարության նիստին հավանության արժանացավ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության (այժմ՝ Էկոնոմիկայի)՝ «Հայաստանի Հանրապետությունում արհեստագործության զարգացման հայեցակարգը»:

Արհեստագործությունը կարող է ապահովել ոչ միայն բարձր եկամուտներ, այլև՝ զբաղվածության բարձր մակարդակ: Բացի դրանից, ձեռքի աշխատանքով արտադրված ապրանքներն իրենցից ներկայացնում են տվյալ ժողովրդի նյութականացված մշակույթը:

Ի վերջո, «բրենդ» հասկացությունը ծագում է հին ժամանակներից, երբ արհեստավորն դրոշմում էր դնում իր ստղծած ապրանքը՝ որպես որակի հավաստում և պատասխանատվություն ստանձնում դրա համար:

Ողջ աշխարհում բարձր է գնահատվում ձեռքի աշխատանքը, անկախ նրանից, թե առարկան ինչ նյութից է պատրաստված: Այն տարածված է նաև զարգացած երկրներում: Շուկան բավական մեծ է: Ձեռքի աշխատանքն (handmade) ունի արտահանման նշանակալի ներուժ: Այս առումով, Հատկապաես գրավիչ է Արաբական միացյալ էմիրությունների շուկան: Ներքին շուկայի տեսանկյունից ձեռքի աշխատանքները հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների, ինչպես ձեռքի աշխատանքը գնահատող տեղացիների համար: 

Արցախի առումով, գուցե, արհեստագործության զարգացումը, ինչի համար առկա են նշանակալի նախադրյալներ՝ մշակութային հարուստ ժառանգություն, ավանդույթներ, կարող է արագ արդյունք ապահովել՝ ստեղծված ծանր վիճակն ինչ-որ կերպ մեղմելու և, միաժամանակ, հոգևոր վերելքի համար, քանզի ձեռքի գործում հոգի է դրվում, իսկ ստացված արդյունքները բավականություն են պատճառում ոչ միայն դրանց հեղինակներին, այլև ձեռքի աշխատանքով ստեղծված իրեր օգտագործողներին:

Ոլորտի զարգացման համար կարևորվում է աջակցող ենթակառուցվածքի (ներառյալ արտահանման բնագավառում) ձևավորումը: Մնում է ակնկալել, որ ոչ շատ հեռավոր ապագայում ականատես կլինենք «Handmade in Artsakh» բրենդի կայացմանը:

Գագիկ Վարդանյան