5 տարվա սխալ քաղաքականության դառն արդյունքը փոխել չէր կարող ընդամենը 10 օրվա նախագահը

5 տարվա սխալ քաղաքականության դառն արդյունքը փոխել չէր կարող ընդամենը 10 օրվա նախագահը

Արցախի հայաթափումը ձեւակերպումների չտրվող ողբերգություն է, թեպետ այդ մասին շատ է խոսվել եւ դեռ շատ է խոսվելու։ Այս իմաստով կարեւոր են գրողի, հատկապես՝ արցախցի մտավորականի ապրումները եւ գնահատականները։ Զրուցել ենք արցախցի վաստակավոր լրագրող, խմբագիր, թարգմանիչ, գրող Նվարդ Ավագյանի հետ։

- Սեպտեմբերյան հայտնի եւ չարաբաստիկ իրադարձություններից հետո այժմ բնակություն եք հաստատել Հայաստանում։ Կողպել եք Արցախի Ձեր տան դռները, բայց, վստահաբար, ո՛չ երբեք Արցախի վերջին էջը։ Ի՞նչ մտորումներ ունեք այս օրերին։

 -  Թե՛ հիշելու հաճախականությամբ, թե՛ խորքային ծավալով կա մեկ մտորում: Այսինքն` այն մեկը, որ առանձնանում է մյուս բոլորից. ի՞նչ անել (անձամբ ինքդ), որպեսզի պահպանվի հայի արցախցի տեսակը, որի մեջ մտնում են շատ բաներ. անընկրկելիությունը մարտահրավերների առջեւ, դժվարության հաղթահարումն արժանապատվորեն, բնօրրանին յուրաքանչյուր նյարդով կապված լինելը, օտարամույծ հոգեախտերով չվարակվելու ունակությունը, ընտանիքին որպես սրբություն վերաբերվելը, հյուրասեր ու ընկերասեր լինելը, իր մասնավոր լեզուն` բարբառը ետնաբակ չքշելու անհրաժեշտության գիտակցումը, ամեն դժվար պահ ու կացությունից ելք գտնելը... Էլի կարելի է շարունակել, բավարարվենք սրանով: Պահպանել տեսակը՝ դեռ չապրած նոր հազարամյակների համար։

- Հայտնի դիսկուրս կա այն մասին, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը գրչի մեկ հարվածով վճռեց հայկական պատմական բնօրրան-պետության ճակատագիրը՝ ազդարարելով նրա գոյության դադարեցման մասին։ Իսկ ի՞նչ է ասում այս կապակցությամբ լրագրող-գրողը։

 - Որքանով եմ ճիշտ` Շահրամանյանին շատ մոտիկից ճանաչողները կհաստատեն կամ ժխտեն, բայց ես այն կարծիքին եմ, որ նա պաշտոնամոլ անհատ չէ ու գիտեր, որ չի բացառվում ... քավության նոխազի դերում հայտնվելը՝ ուրիշի մեղքերի դիմաց... Պահը հրամայում էր արցախցիների փրկության համար գնալ այդ քայլին` գնաց: Հինգ տարում վարված սխալ քաղաքականության դառն արդյունքը փոխել չէր կարող ընդամենը տասն օրվա նախագահը, եւ այն, ինչ եղավ, եղավ Արցախի ողջ բնակչությանը ցեղասպանության երախը չտալու համար: Իսկ այդպես եղավ, որովհետեւ Արցախը մենմենակ էր մնացել Արեւմուտքի զորեղացրած, նատոյականացվող բանակի, թյուրքական տանդեմի եւ դաշնակցից իներտ դիտորդի վերածված Ռուսաստանի առջեւ... Հայաստանում էլ ունենալով արցախատյաց ու արցախաթող իշխանություն: Կարծում եմ, որ Շահրամանյանն օգնության խնդրագրով է դիմել Հայաստանի ղեկավարին, անկախ նրանից` ուղիղ է դիմել, թե միջնորդավորված, եւ ստացել կտրական մերժում` իբր հրդեհն ավելի չտարածվելու պատճառաբանությամբ: Արցախի նախագահի Հայտարարության` հայտնի  հասցեներից ծամում-վերծամումը, ըստ իս, սեփական մեղքից փախչողների ինքնարդարացման անհաջող փորձ է: Ենթադրենք՝ տասն օր էլ Պաշտպանության բանակը շարունակեց կռվել իրեն ամեն ինչով՝ գուցե եռակի-քառակի գերազանցող թշնամու դեմ, ի՞նչ պիտի փոխվեր դրանով: Ո՞վ պիտի օգնության ձեռք մեկներ Արցախին: Իբր արդեն հրադադար հսյտարարված` ես մեր պատշգամբից լսում էի մեր թաղամասին հարող Կրկժանի կողմերում չլռող հրաձգության ձայնը: Թուրքն արդեն Ստեփանակերտի արվարձաններում էր` շուրջբոլոր, չնայած մեր տղաների թափած ջանքերին եւ արյանը, աննախադեպ թափի ինքնազոհաբերությանը։ Արվել է, ըստ իրավագետների ու միջազգայնագետների, իրավական ուժ չունեցող մի հայտարարություն` արցախցիների գենոֆոնդը փրկելու համար: Հերիք չեղա՞վ տեղի ունեցածի իսկական մեղավորին (ներին) թողած` այլոց գլխին կուժ ու կուլա կոտրելը... 

- ՀՀ իշխանությունները պնդում են, որ Հայաստանում Արցախի պետական ու ցանկացած այլ կառույցի գործունեությունը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Նախ, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։ Օրինակ, ի՞նչ վտանգ կարող է հարուցել Արցախի գրողների միության (որին, ի դեպ, Դուք էլ եք անդամակցում) գործունեությունը մայր Հայաստանում։

 - Սպառնալիքը նույն հորիզոնականում է: Բացատրված ... դրսում նախագծված սցենարը ներսում մինչեւ վերջ իրականացնելու ցանկությամբ եւ օրվա ուժեղներից պատժվելու վախով: Զիջելով անգամ անզիջելին: Վաղն էլ կասեն՝ երկրից հանեք ատոմակայանը: Որպեսզի իրենց համար անվնաս դառնա նոր պատերազմով հարձակվելը: Պիտի ենթարկվեն` հանե՞ն: Ձեռքում եղած իրական ու յուրատիպ այդ «պաշտպանական միջոցը», հաղթաթուղթը ձեռքից տա՞ն: Իրենց ստվերից էլ են վախենում. բոլոր թույլերին հատուկ պահվածք: Իհարկե, կարող են պահպանել Արցախի Գրողների միությունն էլ, մշակութային, ենթամշակութային կազմակերպություններն էլ: Չեն անում` վախենում են: Կամ` իբր վախենում են: Մտքի սթափ թռիչք ունեցող արցախցի բռնագաղթած մտավորականից վախենում են` ինչպես ծոցում տաքացրած օձից կվախենա մարդը ... Այնինչ արցախցի ցանկացած մտավորականի, եւ ոչ միայն` ցանկացած արցախցու ցանկությունն է, որ մայր Հայաստանը բարգավաճի, քանզի չի կարող Հայաստանի շահը նաեւ Արցախի շահը չլինել:

- Ծնվել եք Արցախի Սղնախ գյուղում․ հիշողությունները հաճա՞խ են տանում մանկության օրեր՝ անցյալ-ներկա-ապառնի խորհրդածությունների ճախրանքով, հույզերի եւ ապրումների ուղեբեռով։

- Սղնախը պատմական գյուղ է: Սղնախի արժեքի մասին խոսում է հենց իր անունը` բերդ, ամրոց, պաշտպանակայան... Եվ դա մեզնից լավ գիտեին մեր թշնամիները: Մեր գյուղը թուրքի ոտք չի տեսել` մի կարճ պահի ոչխարների հոտը հովվողից բացի: Սղնախում թուրք չի բնակվել ոչ մի Օրոք... Գյուղի դիրքն անառիկ է` գրեթե ինչպես Շուշին: Ուղիղ գծով երեք կմ է հեռու Շուշիից, Քիրսի դոշին: 44-օրյայում ենթաշրջանի գյուղերից ամենակատաղի մարտերն ընթացել են Սղնախում, լրագրողներն անդրադարձել են դրան: Շատերն են զոհվել գյուղի պաշտպանության մարտերում: Հենց միայն հազիվ 60 ծխանոց գյուղի զավակներից` շուրջ տասը հոգի... Իմ մանկության ու պատանեկության շատ դրվագներ եմ հիշում ... ցերեկո՛վ, իսկ գիշերը... Գիշերը տեսնում եմ առկա մղձավանջային պատկերը` բա՜րձր բլրին հարյուրամյակներով տեղակայված գերեզմանատան իսպառ բացակայությունը: Լուսանկարներից մարդ զարհուրում է. բլուրն էլ, որպես այդպիսին, չկա։ Այնտեղ, արդեն ցածում, գործող քարհանք է` թշնամու ճանշինին սպասարկող։

- Դուք ակտիվ գործունեություն եք ծավալել իբրեւ մանկավարժ, լրագրող, խմբագիր եւ գրող։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել եք «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, իսկ 2008 թ. արժանացել Հանրապետության վաստակավոր լրագրողի կոչման: Այլ պարգեւներ եւս ունեք։ Այս բոլոր մասնագիտություններից ո՞րն եք առավել սրտամոտ համարում եւ ինչո՞ւ։

 - Բուհի պատմաբանասիրական բաժինն եմ ավարտել, բայց ուուցչավարման մի կարճ շրջան չհաշված` հետագա ողջ կյանքում աշխատել լրագրող. շուրջ 50 տարի: Հանրապետական թերթի շարքսյին լրագրողից մինչեւ գլխավոր խմբագրի առաջին տեղակալ: Արժեւորում եմ հատկապես Առաջին պատերազմի տարիներին թերթի պատասխանատու քարտուղար աշխատելուս շրջանը: Թող ծիծաղելի չթվա, եթե ասեմ, որ լինում էր` ռմբակոծության, արկակոծության տակ մեկ-մեկ ինքս էի տպարան տանում համարի մակետները: Գրողների միության անդամ եմ, այո, ե՛ւ Արցախի, ե՛ւ շատ վաղուց` Հայաստանի: Տասնյակից ավելի գրքեր ունեմ` չափածո եւ արձակ, չզարմանաք` երկու չափածո ժողովածու էլ ռուսերեն գրված, բայց գրող լինելը մասնագիտություն չէ ... Եղել եմ լրագրող ու վերջ: Տարիքս չլիներ` հիմա էլ կաշխատեի: Շատ եմ սիրել իմ գործը:

- Տոնի զգացում չունենք բոլորս․ այդուհանդերձ, ի՞նչ մաղթանք-բաղձանք-աղոթք ունեք տարեմուտին ընդառաջ։

- Տարեմուտյան բաղձանքս էլ է մեկը. Արցախի եւ Հայաստանի համար փրկարար լույսի դուռ բացվի... Մնացած ամեն ինչն ինքնին ու աստիճանաբար տեղը կընկնի: Վերադարձ հայրենի բնօրրան` այնտեղ թուրք չլինելու պայմանով: Շատ դժվար խնդիր` չգիտեմ երբ ու ինչպես իրագործվելիք, բայց որ իրագործել անհրաժեշտ է ու երբեւէ իրագործվելու է` չեմ կասկածում, կամ ամենաքիչը` չեմ ուզում կասկածել: Սովոր եմ իրադարձություններին, ընդհանրապես` կյանքին, եւ անգամ մարդկանց, նայել առանց վարդագույն ակնոցի ... Բոլորին համբերության պաշար, հնարավորինս հոգեկան խաղաղություն, ներազգային խոր, գիտակցված համերաշխություն, հայրենիքին նվիրվածություն: Թող բարության պտուղ բերի գալիք Ամանորը` մեր ընդհանուր երկրի, ընդհանուր հայրենիքի համար: