Երիտասարդության ուժով բերած իշխանությունը երիտասարդության ուժով էլ պետք է հեռանա

Երիտասարդության ուժով բերած իշխանությունը երիտասարդության ուժով էլ պետք է հեռանա

Մոտ երկու շաբաթ ձգվող ընդդիմության հավաքները թևակոխել են երկրորդ փուլ՝ վերածվել են անհնազանդության ակցիաների․ փակվում են փողոցներ, նստացույց, հացադու, գործադուլներ են սկսվում, համալսարանականները փորձում են դասադուլներ կազմակերպել՝ ցույց տալով իրենց անհամաձայնությունը։ Շատերն այս օրերին հետահայաց հիշում են ոչ հեռավոր անցյալի «պատմական» իրադարձությունները՝ 2018 թվականի հեղափոխության օրերը։ Վերհիշում են այդ օրերի ուսանողական ընդվզումները, համատարած դասադուլներն ու անժամկետ ակցիաները՝ այն դեպքում, որ մենք չէինք կորցրել Արցախի 75%-ը, վտանգված չէր  մնացյալ հատվածը, Սյունիքի դարպասներն բացված չէին թշնամու առջև։ Բայց նման վճռական պայքարի, ընդվզումների արդյունքում Սերժ Սարգսյանը իշխանությունը ապրիլի 24-ի նախօրեին «հանձնեց» Նիկոլ Փաշինյանին՝ վախենալով արյունահեղությունից եւ բախումներից։ 

«5165 շարժման» անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զրույցներ է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ և տեղյակ է, որ նրանց կաշկանդում են, փորձում են ներկա-բացականերով ու համալսարանից դուրս թողնելու սպառնալիքներով վախեցնել․ «Լարված իրավիճակ է վերևից՝ ռեկտորատից հետևում են ու հրահանգված է, որ ուշադրություն դարձնեն ուսանողների հաճախելիության վրա»։ Իսկ 2018-ի այս օրերին այն օրերի հեղափոխականները՝ ներկայիս իշխանությունները ներխուժում էին համալսարաններ եւ աղաղակում էին, որ բուհերն ապաքաղաքական կառույցներ են՝ ուսանողն այլևս չի լինելու կաշկանդված, պիտի լինի պահանջատեր ու իրավատեր եւ պետք է դասադուլ անի ու իշխանափոխություն իրականացնի։ Եւ համալսարանների այն ժամանակվա ղեկավարությունները՝ ռեկտորով, դեկաններով ու դասախոսներով, չէին կարողանում սրան խանգարել։ Ավելին՝ իրենց մեծ մասն էլ էր միանում փողոցային պայքարին։ Մինչդեռ այն ժամանակ ընդամենը խոսք էր գնում Սերժ Սարգսյանի վերարտադրության, այժմ երկրի ինքնիշխանության ու պետականության համար է կռիվը գնում։ 

Մենուա Սողոմոնյանը հիշում է՝  այն ժամանակ էլ, երբ դասախոսում էր ԵՊՀ-ում ու սկսվեցին Նիկոլ Փաշինյանի և իր համակիրների ընդվզումները, ուսանողների վրա նման ճնշումներ չէր գործադրվում․ «Երբ սրանց խունտան ներխուժեց համալսարան և մենք դուռը փակել էինք, որովհետև հարայ- հրոցով, սուլոցներով եկել լցվել էին համալսարան։ Դուռը փակեցինք, որպեսզի բախումներ տեղի չունենա, դա մեծ քննարկման թեմա դարձավ, թե ինչի են համալսարանում դուռ փակում ուսանողների առջև, իսկ դրանից հետո, երբ որ ուսանողները սկսեցին դասադուլ անել, ես շատ լավ հիշում եմ՝ բավական տևական ժամանակ դասերը տապալվել էին․ 1-2 շաբաթ ուսումնական պարապմունքները երկարացվեցին, որպեսզի բաց թողնվածը լրացնենք։ Այն ժամանակ ռեկտորը՝ Արամ Սիմոնյանը նման որոշում կայացրեց, քանի որ դասախոսներն իրենց կամքով էին դուրս եկել դասադուլի, հաշվի առնելով, որ այդպես համաժողովրդական բնույթի շարժում էր, երկարացրեցին ուսումնական պարապմունքերի ժամանակը և ուսանողները ժամանակ ունեցան լրացնել, բայց դասերից դուրս գալու համար հաշվառում՝ ներկա-բացակա անել չի եղել»։

Սողոմոնյանը նշում է, ուսանողնությունը, ովքեր ցանկություն ունեն պայքարելու հանուն Հայաստանի ու Արցախի, բայց փորձում են նրանց կաշկանդել, ճնշել՝ կարող են այլ ձևերով պայքարել, տարբեր ձևով մասնակցել ․ «Իհարկե, ճիշտ կլինի ուսանողությունը դուրս գա՝ դրանով հստակ ցույց տալով իր դեմ լինելը գործող իշխանությունների կողմից Արցախի հարցում որդեգրած կործանարար  քաղաքականությանը։ Անգամ, եթե մարդիկ չեն ուզում դուրս գալ դասերի ժամանակ, ապա երեկոյան ժամերին՝ դասերից հետո նրանք ունեն այդ հնարավորությունը գալու։ Ես ուզում եմ հիշեցնել, ավելի ճիշտ զգուշացնել, որ, եթե այս ճակատագրական հարցում էլ են ինչ-ինչ նկատառումներով առաջնորդվում, կործանարար դիսկուրսների թակարդն ընկնում, ապա հետո ոչ միայն ուսանողների, երիտասարդության՝ ովքեր հենց այդ  ինչ-ինչ նկատառումների պատճառով այսօր փողոց դուրս չեն գալիս, նրանց խղճին է ծանրանալու Արցախի կորուստը։ Հարյուր հազարավոր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ գալու են այստեղ՝ անտուն, նստելու են պայուսակներով, վերմակ-դոշակներով։ Քանի դեռ ուշ չէ, հնարավորություն ունենք կասեցնելու այդ կործանարար ընթացքը, բոլորին կոչ եմ անում իրենց գոնե ֆիզիկական ներկայությամբ լինել Ազատության հրապարակում և դրանով ցույց տալ իրենց անհամաձայնությունը և դրանով ցույց տալ, որ դեմ են այս իշխանություններին։ Երիտասարդության ուժով բերած իշխանությունը երիտասարդության ուժով էլ պետք է հեռանա»։