Անհամբեր էին, թե երբ են Նիկոլին Ազգային ժողովի շենքից դուրս շպրտելու

Անհամբեր էին, թե երբ են Նիկոլին Ազգային ժողովի շենքից դուրս շպրտելու

Երթի ժամանակ, երբ որպես լրագրող կողքից նայում ես ու մեկնաբանում՝ այլ բան է։ Բայց երբ որպես ցուցարար ես  մտնում ու ժամերով քայլում, զրուցում  երթի մասնակիցների հետ, լրիվ այլ բան է։ Դու այնքան բաներ ես իմանում, որ լրագրող ներկայանալու դեպքում, երբեք չէիր իմանա։  Այսօր որպես ցուցարար Ֆրանսիայի հրապարակից տասնյակ հազարավոր մարդկանց հետ (թիվը հարաբերական եմ ասում, չքաղաքականացնել) շարժվեցի ազգային ժողով, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր։ Ասեմ, որ շուրջս խմբվածները ոգևորությամբ սպասում էին , թե երբ են հասնելու ու Ազգային ժողովի շենքից դուրս շպրտելու Նիկոլ Փաշինյանին։ Ոգևորությունը շատ մեծ էր, որ ազատվելու են նրանից։ Շատերի հետ հասցրի մտերմանալ, անմիջականությունս միշտ հրապուրում է մարդկանց։ 

Երբ հասանք ազգային ժողով ու տեսա ճաղերի երկայնքով ձգվող ոստիկանական պատը, դիպուկահարներին, որոնք ոնց որ թե երրորդ հարկում էին տեղակայված, ուլտրաձայնային մեխանիզմները, ինձ այնպես թվաց, թե ինչ որ մի ուժային խումբ երկրի ղեկավարին պաշտպանում է իր ժողովրդից։ Իրոք, շատ ծիծաղելի էր՝ խոսել ժողովրդի անունից, որոշումներ կայացնել ժողովրդի անունից ու վախենալ,  պաշտպանվել ժողովրդից։ Ազգային ժողովի շենքի ավարտից դեպի ձախ, այդտեղով տարիներ առաջ մի քանի անգամ վերաքննիչ պալատ էի գնացել, պաշտպանիչ սաղավարտներով «սպեցնազն էր պատ կազմել» ու ոստիկանական մեքենաներ՝ լցված ոստիկաններով ու Նիկոլի «պաշտպանիչ պարագաներով»։ Ոստիկանական մեքենաներն ու անվտանգային պարագաները Բաղրամյանի ամեն անկյունում կար։

Շուրջս խմբվածներին կատակով ասացի՝ դե ազատվեք Նիկոլից, ո՞նց եք ազատվելու, երբ գերու պես պաշտպանված տանում,  բերում են։ Ո՞նց եք ճեղքելու այդ պատը։ Շուրջս խմբվածներից ոչ մեկի համար դա սարսափելի չէր՝ թող ասեն՝ գնացեք,- ասում էր մի կին,- ես կգնամ ու ճանապարհ կբացեմ։ Մի անգամ մեկ է՝ մեռնելու եմ։ Թող ազգիս համար մի օգտակար բան անեմ ու նոր մեռնեմ։ Ասեմ, որ մարդկանց մեջ վճռականությունը խիստ ընդգծված էր։ Խիստ հիասթափվեցին, երբ հրաման չտրվեց ճեղքել ոստիկանական պատը։ Ու մի շատ կարևոր բան։ Մարդիկ գիտեն, թե ովքեր են սադրողները։ Նրանք ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է մարդիկ ուղարկում, որ բախում առաջանա ժողովրդի ու ոստիկանության միջև։ Այնպես, որ, եթե նման բան լինի, տասնյակ հազարավոր մարդիկ մեղադրելու են Փաշինյանին։

Մի քանի անգամ բախում հրահրվեց, շշեր էին շպրտում,  մարդիկ վանկարկում էին ՝ ոստիկանը Նիկոլ չի ու հարթվում էր։ Ոստիկանների համար երևի վիրավորական է, որ իրենց դնում են Նիկոլի տեղ։ Ցանկանում են վերականգնել իրենց արժանապատվությունը։ Ոստիկաններից մեկը, որի հետ զրույցի էի բռնվել, մի շատ լավ տղա էր, ասում էր՝ այ մայրիկ ջան, նույնիսկ մենք չենք իմանում, թե ով ում կողմից է։ Սադրում են։ Իսկ մարդիկ այդ սադրանքը կապում էին Փաշինյանի հետ։ Ցուցարարներից մեկն ինձ ասաց՝ այ էն երկուսը, սադրիչներ են, հետևում եմ նրանց։ Իրոք քիչ հետո նրանք սադրանք կազմակերպեցին, որն ի պատիվ հանրահավաքի կազմակերպիչների՝ կանխվեց։