Այն, ինչ շահավետ է Բաքվի համար, շահավետ է անձամբ Նիկոլի համար

Այն, ինչ շահավետ է Բաքվի համար, շահավետ է անձամբ Նիկոլի համար

«Բանակցությունների սեղանին սուր հարցեր են դրվելու ու քննարկվելու: Կողմերը պետք է փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը»: Բրյուսելում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախօրեին նման կարծիք էր հայտնել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊԿ-ական նախագահ Աղաջանյանը: 
Իսկ հիմա տեսնենք, թե իրականացվել է, արդյոք, նիկոլական ուսապարկի ակնկալիքը:

Բայց նախ ճշտենք, թե որոնք են վերջինիս հիշատակած սուր կետերը: Ենթադրում եմ, որ թեկուզ «ուսապարկային» տեսակետից, առաջնայինը Ղարաբաղի, ինչպես իրենք են ասում, կարգավիճակի հարցն է: Որին հետևում են ՀՀ-ից Արցախ գնացող գազատարի խափանումների, արցախյան մի շարք բնակավայրերի բնակիչների նկատմամբ ռազմական և հոգեբանական ագրեսիայի ու նաև Քարագլուխ բարձունքի մի մասը գրավելու հարցերը: Այնուհետև գալիս են կոնկրետ Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերը՝ ադրբեջանական զինվորականների շուրջ մեկ տարվա առկայությունը ՀՀ սուվերեն տարածքում, Բաքվի բանտերում մեր ռազմագերիների  գտնվելը, ադրբեջանական շարունակվող սադրանքները ՀՀ-ի նկատմամբ և այլն: Էլ չեմ խոսում Նիկոլի կողմից արդեն հանձնված Գորիս-Կապան մայրուղու մասին:

Այդ ամենը, բնականաբար, ադրբեջանցիների կողմից եռակողմ հայտարարության դրույթների խախտումների շարքից են: Եվ եթե առաջնորդվենք ՔՊԿ-ական ուսապարկի խոսքով, ապա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Բրյուսելում պետք է քննարկեր հենց այդ սուր հարցերը: Արվե՞լ է արդյոք դա: Տեսնենք, թե ինչ են գրում լրատվամիջոցներն այդ առումով:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր միջնորդությամբ ու մասնակցությամբ Բրյուսելում Նիկոլի և Իլհամի հանդիպումը գնահատել է որպես «գերազանց և շատ արդյունավետ»: Վերջիններս  պայմանավորվել են մինչև ապրիլի վերջը ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով՝ վերապահելով դրան նաև սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովման հարցերը: ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Քննարկվել է նաև հաղորդակցությունների և տրանսպորտային կապերի վերականգնման հարցը։ Ընդգծվել է բոլոր հումանիտար խնդիրների, այդ թվում՝ գերիների ազատ արձակման, անհայտ կորածների որոնման, ականազերծման ջանքերի, լուծման անհրաժեշտությունը: 

Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»։ Իսկ կոնկրետ Քարագլխի բարձունքի առումով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ասելով Բրյուսելյան հարթակում «կոնկրետ այդ թեմայի հետագա քննարկումը» ինքը «պատեհ չի համարել» այն պատճառաբանությամբ, որովհետև խոսքը «ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է»:

Փաստորեն ստացվում է, որ ուսապարկային մեծամասնությամբ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը տեղյակ չէր, որ հանդիպմանը նախորդող ոչ լավագույն ֆոնը չի վերաբերել կոնկրետ Փարուխի դեպքին: (Թեև, պետք է ասվի, որ սուր հարցերի առումով որևէ կոնկրետացում չէր արվել): Այլապես ինքն էլ կիմանար, որ այն գտնվում է «ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում», ինչը նշանակում է, որ Բրյուսելում քննարկվելիք հարց չէր: Անկեղծ ասած, ինձ էլ էր թվում, որ Քարագլխի հարցն, այնուամենայնիվ, Իլհամ Ալիևի հետ քննարկելիք հարց էր՝ դա տեղի ունենար Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահի հովանավորությամբ: Թե Մոսկվայում՝ ՌԴ նախագահի հովանավորությամբ: Կամ թեկուզ լուսնի վրա՝ այլմոլորակայինների հովանավորությամբ: 

Ի դեպ, 4 ժամից ավելի Իլհամի հետ բանակցած Նիկոլի դուխը չի հերիքել, որպեսզի անդրադառնա նաև Արցախի կարգավիճակի խնդրին: Ենթադրում եմ, որ երբ Նիկոլը փորձել է խոսակցություն բացել այդ թեմայով, նրա երբեմնի «կիրթ» գործընկերը կտրել է խոսքը՝ ասելով, որ Ադրբեջանում նման տարածք չկա, իսկ եվրոպացի չինովնիկն էլ համաձայնվել է Իլհամի հետ: Հանուն Արցախի կռիվ չէր անելու, չէ՞, Իլհամի հետ: Բայց որպեսզի Նիկոլը խնդիր չունենա, բանակցությունների վերաբերյալ հաղորդագրությունում հիշատակվել է խաղաղության ապագա պայմանագրում «անհրաժեշտ բոլոր հարցերին» անդրադառնալու մասին: Ստացվում է, որ երկրի ղեկավարի մակարդակով Հայաստանն ի զորու չեղավ Արցախի կարգավիճակի խնդիրը ներառել բանակցությունների մեջ, բայց դա կարող է կատարել նրա ստորադասը՝ ԱԳ նախարարը: Ինչպիսի՜ հանճարեղ մտածողություն… 

Այնպես որ, ինչպես միշտ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այլ կարծիքի է մեզ հետաքրքրող հարցերի շրջանակի առումովր: Եվ նա ճիշտ է:  Ճիշտ է մինչև այն պահը իհարկե, երբ ինքը կհեռացվի իր պաշտոնից: Իսկ մինչ այդ նա, իր ասելով, հետևողականորեն շարունակելու է առաջ տանել «խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը»: Այնուամենայնիվ, արդեն գիտակցում է, որ դա միայն իրենից չէ կախված: Թեև պնդում է, որ ինքը աշխատանքի իր մասը պետք է հետևողականորեն իրագործի: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է անելու, եթե դիմացինը չվարվի նույն կերպ:

Իսկապես, ինչ լուր ունենք նրա երբեմնի «կիրթ» գործընկերոջից: Տանո՞ւմ է, արդյոք, նա աշխատանքի իր մասը: Թե՞ աշխատում է լրիվ այլ ուղղությամբ: Այդ հարցը պարզելուն մեզ կօգնի Բրյուսելի հանդիպման արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը: Ըստ դրա, Բրյուսելում ձեռք բերված համաձաւյնությունները համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Փաստորեն ստացվում է, որ Բրյուսելում կյանքի է կոչվել որպես «vin-vin» (երկկողմանի օգտավետ՝ անգլերենով հաղթել կամ շահել բառի թարգմանությամբ) հայտնի՝ բանակցությունների Հարվարդյան մոդելը: Այսինքն, այն, ինչ բանակցել է Իլհամը, շահավետ է Ադրբեջանի համար: Սակայն նույնը, դժբախտաբար, չենք կարող ասել մեր առումով: Ընդամենը կարող ենք արձանագրել, որ բրյուսելյան հանդիպումը շահավետ էր անձամբ Նիկոլի համար: Իսկ կյանքը ցույց է տվել, որ անձամբ նրա համար շահավետը խիստ վտանգավոր է Հայաստանի համար:

Այսպիսով, արձանագրենք՝ Նիկոլը «դուխով» չեղավ այնքան, որպեսզի Բրյուսելում Իլհամին պարտադրեր բանակցել Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Բնական է, որ չի լինի նաև հետագայում, որպեսզի «անհրաժեշտ բոլոր հարցերի» շրջանակում ստիպի թշնամի երկրին անդրադառնալ Ղարաբաղի կարգավիճակի հարցին: Հատկապես որ նման հարց այլևս գոյություն չունի Ադրբեջանի օրակարգում: Եվ ուրեմն այդ հարցը կարող ենք համարել փակված: Եթե, իհարկե, Նիկոլը մնա վարչապետի պաշտոնում: