Ընդդիմադիր հեռուստաալիքները միշտ ՀՌՀ-ի թիրախում են

Ընդդիմադիր հեռուստաալիքները միշտ ՀՌՀ-ի թիրախում են

2022 թվականի փետրվարի 20-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի, պամֆլետ ոճով ռեպորտաժը ՀՌՀ-ի կողմից դիտվել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում, և հենց նույն օրը «5-րդ ալիքի» նկատմամբ ՀՌՀ-ն կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 հազար 000 դրամ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը:

Նրա խոսքով` «5-րդ ալիքը» չի պատրաստվում վճարել տուգանքը, քանի որ հեռուստաալիքը որևէ էրոտիկ բնույթի ռեպորտաժ եթեր չի հեռարձակել: Նրա խոսքով` «5-րդ ալիքը» դատական հայց է պատրաստվում ներկայացնել ՀՌՀ-ի դեմ: «Մենք մանկապղծությամբ չենք զբաղվել, սակայն մեզ դրա մեջ են մեղադրում, այն դեպքում, երբ այլ հեռուսաընկերություններ ինչ-ինչ բառապաշարով, ինչ-ինչ հաղորդումներ են եթեր հեռարձակում», - նշում է մեր զրուցակիցը: Նրա պնդմամբ` օրինակ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ 5-րդ ալիքը կրկին ՀՌՀ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել` զուտ այն բանի համար, որ Արամ Վարդևանյանը Հյուսիսային պողոտայում կանգնած հարցազրույց էր տվել այն հատվածում, որտեղ փակցված է եղել «Հայաստան» դաշինքի քարոզչական պաստառը, սակայն 21 թվականին ՀՌՀ-ն փաստորեն փոքր ինչ բարեխիղճ էր գտնվել, սահմանափակվելով զուտ նկատողությամբ:

Մենք փորձեցինք մյուս ընդդիմադիր հեռուստաընկերություններից ևս պարզել, թե ՀՌՀ-ն իրենց վերջին անգամ ե՞րբ և ինչի՞ համար է տուգանել, կամ նկատողություն տվել: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընդամենը 2 շաբաթ է, ինչ զբաղեցնում է հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը և այդ երկու շաբաթվա ընթացքում ՀՌՀ-ի կողմից որևէ սևեռում իրենց նկատմամբ չի նկատել: «Այս ընթացքում չի եղել որևէ նկատողություն, կամ տուգանք: Իմ նշանակումից հետո ՀՌՀ նախագահի հետ հանդիպում եմ ունցել, սակայն որևէ քաղաքական հարց չի քննարկվել: Մենք քննարկել ենք, որ մեր հարաբերությունները պետք է լինեն զուտ մասնագիտական, իրենք օրենքի գործադրում ապահովող, մենք` հանրապետական սփռում ունեցող հեռարձակող», - նշում է Բագրատ Եսայանը: Հայկական երկրորդ հեռուստաալիքից էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք ՀՌՀ-ի հսկողության տիրույթում չեն այլեւս` նախորդ մրցույթի ժամանակ ՀՌՀ-ն մերժել է նրանց հայտը եւ զրկել համապետական եթերից:

Մենք տեղեկացանք, որ մի քանի անգամ տուգանվել է նաեւ «Ֆրինյուզ» իշխանական ալիքը, որոնցից մեկը վերաբերել է Գնել Սարգսյանի եթերից հնչեցրած սպառնալիքներին, թեեւ այդ ալիքը դիտողներն ասում են, որ նշված անձի բոլոր «Ազատ շփումները» կարող են դառնալ տուգանվելու հիմնավոր պատճառ` եթե ՀՌՀ-ն անաչառ լինի եւ կատարի իր բուն պարտականությունները: