Չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է

Չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է

Պողպատյա մանդատը ստանալուն պես Նիկոլ Փաշինյանը լծվել է նախընտրական խոստումները կյանքի կոչելու գործին։ Ինչպեսեւ խոստացել էր՝ ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական վենդետան սկսված է։ Բնականաբար, առաջին պլանում Սյունիքի համայնքապետերն են, Փաշինյանը չի կարողանում մարսել սյունյաց ողջույնները, դրանից բացի՝ համայնքապետերն ընդգրկված են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ցուցակում։ Դեռեւս հունիսին Սյունիք կատարած նախընտրական այցի ընթացքում Փաշինյանը խոստացավ՝ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք-չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»,- ուղիղ ասել էր Փաշինյանը՝ ի պատասխան այն լուրերին, թե կոմբինատի ղեկավարությունն արգելել է աշխատակիցներին մասնակցել Սյունիքում Փաշինյանի նախընտրական հանդիպումներին։ Կապանի հրապարակում Նիկոլ Փաշինյանը խոստացավ խլել կոմբինատը եւ դարձնել ժողովրդի սեփականությունը։ Ինչպես հայտնի է, դա մասնավոր սեփականություն է, եւ կոմբինատում բաժնեմաս ունի նաեւ «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Էն տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն Զանգեզուրի կոմբինատում, էդ բոլոր փայերն անցնելու են ժողովրդին եւ կառավարությանը։ Հիմա հարցնելու եք՝ բա ո՞նց ենք անելու․ հանգիստ, հանգիստ, չագուճով ենք անելու»,- խոստանում էր Փաշինյանը՝ աշխարհին զարմացնելով։

Արդեն մի քանի օր է՝ իշխանությունը զբաղվում է սյունյաց համայնքապետերով՝ Քարահունջի, Որոտանի, Մեղրիի ղեկավարները կալանավորվել են, իրենց հերթին են սպասում Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանը եւ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Զուգահեռ՝ խորհրդարան է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ մի նախագիծ, որի նպատակը մեկն է՝ ճնշել կոմբինատին, ավելացնել հարկային բեռը։ Նախագիծը հրատապ քննարկման է ներկայացվել, որ գործող ԱԺ-ն ընդունի, եւ երեկ առաջին ընթերցումով ընդունվեց, այսօր կընդունվի ամբողջությամբ եւ օրենքի տեսք կստանա։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար տուրք սահմանել:

Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի եւ ոլորտի հետագա զարգացման համար։ Իմքայլականները երեկվա քննարկմանը չէին թաքցնում, որ նախագիծը մշակվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից գումար կորզելու նպատակով։

«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նախագծի հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց՝ ԶՊՄԿ-ն որքա՞ն հարկ է տարեկան վճարում, եւ տուրքի բարձրացումից հետո որքա՞ն են ավելանալու վճարվող հարկերը: «Այս նախագծով առաջիկա 6 ամիսներին մենք պետական բյուջե կմուտքագրենք, մեր հաշվարկներով, մոտավորապես 35 միլիարդ դրամ գումար, ինչը շատ անհրաժեշտ է մեր բյուջեին»,- պատասխանեց նախարարը։

Գաբրիելյանը չթաքցրեց՝ սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումներից մեկն է, որն իրականանում է: «Տարիներ շարունակ սպասված է եղել այս նախագիծը բոլորի կողմից: Այն նախագծերը, որոնք կենթադրեին հանքերից ստացած եկամուտների թեկուզ չնչին նվազեցում, նախկինում չեն բերվել: Ես կարծում եմ՝ մի պարզ պատճառով, որովհետեւ այդ հանքի սեփականատերերը դահլիճում նստած են եղել ժամանակին: Սեփական գրպանին չհարվածելու համար նման նախագծեր չեն բերվել»։ Ապա ակնարկեց կոմբինատի ազգայնացման մասին, թե այդ դեպքում «միգուցե կառավարման հետ կապված խնդիրներ լինեին, վատ ուղերձ կլիներ օտարերկրյա ներդրողներին, իսկ այս տարբերակով ազգայնացվում է ՀՀ ընդերքը»: 

Գաբրիելյանի հաջորդ հարցին՝ քննարկվո՞ւմ է տարբերակ, որ կոմբինատից փոխհատուցում տրվի հարակից բնակավայրերին՝ հաշվի առնելով կոմբինատի աշխատանքի վնասակարությունը, Քերոբյանը պատասխանեց. «Քննարկվել է ռոյալթիների մի մասը համայնքներին տրամադրելու նախագիծ, որն այդպես էլ չի ընդունվել: Ըստ այդ նախագծի՝ ռոյալթիների ամբողջ գումարի 2 տոկոսը պետք է գնար ազդակիր համայնքներին: Կարծում եմ՝ ռոյալթիների վերանայման համակարգում մենք լրացուցիչ կանդրադառնանք այդ հարցին, քանի որ այդ համայնքներն ավելի վատ բնապահպանական միջավայրում են: Միգուցե անհրաժեշտություն կա այդ համայնքներում ավելի բարձր որակով առողջապահական համակարգ ներդնել»։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը իշխանականների խոսքում ԶՊՄԿ-ն ազգայնացնելու ուղիղ ակնարկ է նկատել։ «Բիզնեսմենը, որ այսօր նախարար է դարձել, ի՞նչ է կարծում՝ դա լա՞վ ազդակ է միջազգային ներդրողների համար, երբ դու արտաքին ներդրողներին պատկանող կապիտալով ընկերությունը պատրաստվում ես ազգայնացնել: Ե՛վ պողպատե մանդատը, ե՛ւ մուրճի կոնցեպտը մի քիչ տարակուսելի են, եւ այսօր տեսանք, որ պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացնեն, ուրիշ ոչինչ»,- ասաց Գրիգորյանը՝ նկատելով, որ խոստանում էին թալանված փողերը ժողովրդին վերադարձնել, բայց ԱԺ-ն քննարկում է պատգամավորների աշխատավարձը բարձրացնելու հարցը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության գալով՝ արդեն աչք է ունեցել կոմբինատի վրա եւ առաջին իսկ օրվանից փորձել է խլել այդ բիզնեսը, սակայն մինչ օրս չի հաջողել եւ հիմա էլ հարկային տեռորով է փորձում խլել մասնավոր բիզնեսը։ Լուրեր են շրջանառվում, որ ԶՊՄԿ-ում փայատեր դառնալու ծրագրեր ունի Խաչատուր Սուքիասյանը։