Ընկեր գայլը գիտի՝ ում ուտի

Ընկեր գայլը գիտի՝ ում ուտի

Որ Պուտինը նախագահական ընտրություններում  ռեկորդային թվերով առաջատար կլինի, կարծում եմ քչերն են  կասկածել։ Տարբեր առիթներով նշել եմ, որ եթե ղեկավարն առաջնորդվում է իր երկրի շահերով, գերակա է համարում պետականությունը, չի ընկրկում, բարձր է պահում իր ժողովրդի ոգին, նա չի կարող սեփական երկրում չունենալ աջակցություն։ Նա չի կարող չվայելել սեփական ժողովրդի սերը։ Հիմա տարբեր անկյուններից, հատկապես Հայաստանից  կլսվեն իշխանության կողմից հրահրված մռլտոցներ, չկասկածեք, որ մռլտալու են նրանք, ովքեր իրենց երկրում սեր չեն վայելում, չունեն ժողովրդի աջակցությունը և Ռուսաստանին են համարում իրենց թշնամին։

15 տարի առաջ, երբ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հաղթեց նախագահական ընտրություններում, Հիլարի Քլինթոնը հայտարարեց որ  Պուտինն անհոգի է։ Այս կերպ է նախագահը պատասխանել Հիլարի Քլինթոնին․ «Կարծում եմ, որ պետական գործիչը նվազագույնը գլուխ պետք է ունենա և միջպետական հարաբերություններ կառուցելու ժամանակ պետք է ղեկավարվի ոչ թե էմոցիաներով, այլ իր երկրի հիմնարար շահերով»: 2006 թ. խոսելով ԱՄՆ մասին`

Պուտինը հիշել է ասացվածք.«Ընկեր գայլը գիտի՝ ում ուտի: Ուտում է ու ոչ ոքի չի լսում»: Երկրի ղեկավարը պիտի հասկանա, որ ուտում են թույլին, հիվանդին, չպաշտպանվողին։ Եթե դա չհասկանա, և իր թուլությունը, տկարությունը պատճառ բռնի, որ իրենց պետք է պաշտպանել ու խաղաղություն նվիրել, նրան կուտեն։ Այսօր Հայաստանն այդ վիճակում է։ Առայժմ վիճարկում են, թե որ պատառն ով է ուտելու։ Եվ ուտելու պրոցեսը, որ խաղաղության գործընթաց են համարում, դրան է տանում։ Նիկոլ Փաշինյանն ընդամենը որոշում է՝ ու՞մ բերանը մտցնի Հայաստանը, որ իրեն կուլ չտան։ Սա է աղետալին, երբ մի երկրին համարում ես, բարեկամ, մյուսին թշնամի։ Պետք է առաջնորդվել այն շահով, թե ուժեղ երկրի  հետ քո շահերը համադրելով՝ ինչպե՞ս փրկվես ուտվելուց։ Թուլանալով, երկրի հիմքը քանդելով խնդրել գործընկերջը, որ երկիրդ պահի, դա այնքան զավեշտալի է, որ Պուտինը, այլոք նույնպես, ասում են՝ դու հանձնում, ինձ ասում ես՝ պաշտպանի՞ր․․․ Պուտինի «Ընկեր գայլը գիտի՝ ում ուտի» արտահայտությունը նաև այլ բան է նշանակում։ Երբ նա ասում է , որ Բայդենը Ռուսաստանի համար ավելի գերադասելի է», դա խոր իմաստ ունի։ Լավ է, ուղղակի հրաշալի է, երբ ընկեր գայլը թույլ է լինում, սխալներ է թույլ տալիս, չի հաշվարկում, թե ում կարելի է ուտել։  Այդ առումով Բայդենը նրա համար ուղղակի գտածո է։