Կորոնավիրուսը՝ քաղաքական պայքարի գործիք

Կորոնավիրուսը՝ քաղաքական պայքարի գործիք

Կորոնավիրուսի համաճարակի մասին տեղեկատվությունն Ադրբեջանում հավասարեցվել է պետական գաղտնիքի: Կառավարության արտակարգ շտաբը վարակակիրների եւ բուժում ստացողների մասին շատ ժլատ տեղեկություններ է հաղորդում: Իրական պատկերը մնում է գրաքննության արգելքի տակ: Վերահսկվում են նույնիսկ սոցիալական ցանցերը: Բաքվում արտակարգ դրությունը վերահսկում են ներքին զորքերը: Դա ինքնին վկայում է վտանգի իրական չափերի մասին: Ուշագրավ է, որ Իլհամ Ալիեւը դադարեցրել է կենդանի շփումները կառավարության անդամների հետ եւ խորհրդակցություններ է անցկացնում տեսակապի միջոցով:

Վերջին նման միջոցառումը նվիրված էր առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական արդյունքներին: Ալիեւի ելույթը նյարդային էր: Նա սուր քննադատության ենթարկեց միջազգային ինչ-որ ուժերի, որոնք, իր ասելով, Ադրբեջանում նոր հինգերորդ զորասյուն են կազմավորում, որպեսզի հրահրեն ներքին անկայունություն: Ալիեւը կոնկրետ անուններ չհնչեցրեց, բայց նրա խոսքից հասկացվեց, որ իշխանությունը փորձ է արել հասնելու քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ երկխոսության հրավիրելով ընդդիմադիր կուսակցություններին: Որոշ ուժեր համաձայնել են, մինչդեռ արմատական ընդդիմություն հանդիսացող Ժողովրդական ճակատը եւ Մուսավաթը հրաժարվել են: Ալիեւն այդ երկու կուսակցություններին անվանեց հակաժողովրդական եւ Ադրբեջանին թշնամի:

Ակնհայտ էր, որ նա ուղիղ հրահանգ է իջեցնում, որպեսզի պատկան մարմինները խստացնեն ճնշումները: Ադրբեջանական քաղաքական վտարանդիության աղբյուները խոսում են անցած օրերին Բաքվում եւ այլ քաղաքկներում իրականացված ձերբակալությունների մասին: Պատճառաբանությունը ստանդարտ է՝ նրանք խախտել են արտակարգ դրության ռեժիմը: Ըստ սահմանված կարգի, Ադրբեջանում մարդիկ իրենց բնակարանից եւ տնից դուրս գալու համար պետք է բջջային հեռախոսից հաղորդագրություն ուղարկեն ոստիկանության մերձակա բաժին, նույն եղանակով թույլտվություն ստանան, ապա նոր հայտնվեն դրսում: Ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ իշխանությունները գտել են ընդդիմադիրներին պատժելու շատ պարզ ձեւ. Բջջային կապի օպերատորն անջատում է անցնակալի անձի հեռախոսը, վերջինս զրկվում է հաղորդագրության միջոցով տնից դուրս գալու թույլտվության հնարավորությունից, բայց հացի, դեղորայքի կամ այլ խիստ անհրաժեշտ ապրանք ձեռք բերելու անհրաժեշտությունը նրան ստիպում է դուրս գալ փողոց, որտեղ էլ նրան «սիրալիր դիմավորում է» ոստիկանության ներկայացուցիչը եւ «ուղեկցում» մեկուսարան: Նման վիճակում է հայտնվել նույնիսկ Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին, որի բջջային եւ բնակարանի հեռախոսներն անջատված են արդեն մի քանի օր: Քերիմլիի մերձավոր շրջապատից հայտնի է դարձել, որ նա եւ ընտանիքի անդամները չունեն սնունդ, դեղեր գնելու հնարավորություն: Ոստիկանությունը Քերիմլիի բնակարանի մոտ շուրօրյա հերթապահություն է տանում եւ ձերբակալում բոլոր նրանց, որ փորձում են սնունդ եւ դեղորայք հասցնել նրան եւ ընտանիքի անդամներին:Կորոնավիրուսը պատճառ է հանդիսացել, որպեսզի ընդդիմության առաջնորդը փաստացի ենթարկվի տնային կալանքի եւ դանդաղ սովամահության: Իրավապաշտպան կազմակերպություններն արտասահմանում ստորագրահավաք են նախաձեռնել՝ ի պաշտպանություն Ալի Քերիմլիի եւ մյուս ընդդիմադիրների, որոնք ենթարկվում են քաղաքական հալածանքների: «Եվրոպայի խորհրդի ցանկացած բանաձեւ ինձ համար թղթի կտորի արժեք ունի»- այդ նախաձեռնությանը հակադարձել է Իլհամ Ալիեւը: