Վերադարձվեց առողջապահության նախկին փոխնախարարի բջջայինն ու հեռախոսահամարը

Վերադարձվեց առողջապահության նախկին փոխնախարարի բջջայինն ու հեռախոսահամարը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։  Այսօր ավարտվեց գրավոր ապացույցների հետազոտման փուլը և սկսեցին հարցաքննել վկաներին: Պաշտպանները որոշեցին դատարանում նոր կարգ սահմանել լրագրողների աշխատանքի համար: Պաշտպանները դատարանին միջնորդեցին, որ դռնբաց դատական նիստին լրագրողներին արգելվի ոչ միայն տեսանակարահանելը, այլ ձայնագրելը՝ ասելով, թե անհրաժեշտության դեպքում կարող ենք կրիչները վերցնել դատարանից: Դատարանը որոշեց թույլատրել ձայնագրել դատական նիստի ընթացքը: Նիստին հարցաքննվեց վկաներից մեկը, մյուս երկուսը չէին ներկայացել։ Բացի սրանից պաշտպանական կողմն էլ դատարանին խնդրեց վերադարձնել Դավթյանին հեռախոսն ու հեռախոսահամարը, որը դատարանը բավարարեց։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որպես ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ ,ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: