«Հրապարակ». Չկան այդպիսի փողեր, որոնցով ինձ հնարավոր լիներ գնել

«Հրապարակ». Չկան այդպիսի փողեր, որոնցով ինձ հնարավոր լիներ գնել

«Մենք ասում ենք՝ Սարգսյան, ենթադրում ենք՝ Նիկոլ, Մենք ասում ենք ՝ Նիկոլ, ենթադրում ենք՝ Սերժ»,- ռուսաստանյան հայտնի բլոգեր, մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը 2 օր առաջ այսպես է վերափոխել Մայակովսկու հայտնի տողերը` գրելով 2018 թվականի իշխանափոխության մասին։ Այս գրառմանը հետեւել են մի քանի այլ ֆեյսբուքյան գրառումներ, որ «Նիկոլի կյանքի ասեղը Սերժի սրտում է», որ Սերժ Սարգսյանն է բերել Նիկոլին, եւ պետք է դուրս գալ փողոց՝ երկուսին էլ սրբել ու նոր ընտրություններ անել։ Եվ սկսվել է իսկական ֆեյսբուքյան պատերազմ։

Բնականաբար, հանրապետականները սա չէին կարող անպատասխան թողնել։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առաջիններից է ընդունել ֆեյսբուքյան մարտահրավերը եւ նույն ձեւաչափով ու ռուսերեն արձագանքել, թե Գաբրիելյանովի մոտ գարնանային սրացումներ են, որ նա անառողջ հակում ունի երրորդ նախագահի անձի հանդեպ, եւ որ նրա վերջին «փսխուքը» լուրջ մեկնաբանել չի կարելի, ավելի լավ կլինի, որ նա չթափի իր արտաթորանքն առանց այդ էլ աղտոտված հանրային տարածք ու ջուր չպղտորի եւ այլն՝ այս ոգով։ 

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ շարունակել է գարնանային սրացման թեման, Գաբրիելյանովին անվանել է մեդիաառնետ՝ անհայրենիք ու ծեր, որն ուրիշ զբաղմունք չունի, քան Սերժ Սարգսյանին վարկաբեկելը։ 

«Մասնակցությունը պատերազմում եւ նրա որեւէ նվաճում չեն արդարացնի նրա դավաճան լինելը։ Այո՝ կռվել է, այո՝ հերոս է, բայց հանուն գումարի եւ ընտանիքի բարեկեցության, նա դավաճանել է հայրենիքը։ Դուք չեք կարող հակառակն ապացուցել,- ՀՀԿ-ականների խոսքերի տակ չմնաց Գաբրիելյանովը՝ դիմելով Սերժ Սարգսյանի համախոհներին։- Ինչքան էլ փորձեք, Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ։ Սա ես չեմ ասել … Սա ասել է դավաճանը»։ Մենք մի քանի հարց ուղղեցինք բլոգերին, փորձեցինք հասկանալ՝ ունի՞ արդյոք ապացույցներ, թե՞ սա պարզապես դատողություն է, որպիսիք այսօր դաշտում քիչ չեն։ 

- Այդ թեզը՝ որ Սերժն է Փաշինյանին բերել, Հայաստանում վերջին տարիներին ամեն բակի բեսեդկում կարելի է լսել։ Ինչո՞ւ եք հիմա խոսում դրա մասին։ 

- Մինչեւ վերջին պահը ես չէի հավատում դրան։ Մտածում էի, որ ղարաբաղցին չի դավաճանի իր հայրենիքը, որտեղ նրա պապերն են թաղված… Բայց մեկ շաբաթ առաջ ինձ փաստաթղթեր ցույց տվեցին, որոնցից հետեւում է, որ Սերժ Սարգսյանն աշխատել է ամերիկացիների հետ՝ 2005 թվականից։ Ես շոկի մեջ էի։ Ես կարդացի։ Դրանք ԱՄՆ դեսպանատան ցուցումներն էին, որոնք նա ստացել էր՝ Սահակաշվիլուն Հայաստանում ոսկե մեդալ տալու, որը բարձր պարգեւ է։ 

- Կհրապարակե՞ք այդ փաստաթղթերը։

- Առայժմ թույլ չեն տալիս հրապարակել։

-  Չե՞ք կասկածում այդ փաստաթղթերի իսկությանը։

- Նման բաներով կատակ չեն անում։ Լսել եմ նաեւ Վովա Գասպարյանի հետ նրա զրույցի գաղտնալսումը։ Մարդիկ, ովքեր ճանաչում են Վովային, ասում են, որ դա 100 տոկոսով նրա ձայնն է։

- Ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը մտածված հանձներ իշխանությունը։ Դուք է՞լ եք կարծում, որ դա արեց, որպեսզի Ղարաբաղի հետ կապված ցավոտ լուծումների պատասխանատվությունը գցի իր վրայից։

- Կարծում եմ, սա բարդ ամերիկյան խաղ էր՝ Ռուսաստանը Հայաստանից ու Ղարաբաղից դուրս մղելուն ուղղված։ Սերժին ուլտիմատում են ներկայացրել՝ կա՛մ նրա եւ փեսայի հաշիվները, կա՛մ նա անում է այն, ինչ ասում են իրեն։ Եվ նա կատարեց իր ընտրությունը։ Ամերիկացիների մոտ այդ սխեմաները մշակված են։ Պորոշենկոն թալանում է երկիրը, հետո նրա ֆոնին Զելենսկին հերոս է երեւում ու կտրում է կապերը Ռուսաստանի հետ։ Նույնն էլ այստեղ է։ Պարզապես ամերիկացիները չհաշվարկեցին, թե որքանով են հայերն ինտեգրված ռուսներին։ 

- Այո, հիմա «ամբողջ Մոսկվան» այստեղ է, Երեւանի կենտրոնում ավելի շատ ռուսաստանցի կա, քան տեղացի։ Մեր ժողովուրդը խոր ակնածանք ունի Ռուսաստանի եւ այնտեղից եկած մարդկանց հանդեպ։

- Ես կարծում եմ՝ Փաշինյանի օրերը հաշված են։ Ավարտը մոտ է, եւ Նիկոլն ու Սերժը հասկանում են դա։ Ահա ինչու են Սերժի մարդիկ նյարդայնանում։

- Իսկ դրա գի՞նը։ Սերժ Սարգսյանը կգնա՞ր դրան՝ այդ գնով պահելով փողերը, ունեցվածքը՝ հաշվի առնելով այս կեղտի ու խայտառակ ատելության հոսքը, որ իշխանափոխության օրերին ու դրանից հետո լցվեց հանրապետականների վրա։

- Նա կատարեց ընտրություն։ Հավանաբար, բարդ է նրա եւ նրա փեսայի համար ճոխ կյանքից հրաժարվելը։

- Ձեզ մեղադրում են, որ Դուք ծախվել եք, որ երրորդ ճամբարից, օրինակ, Քոչարյանի ճամբարից եք կառավարվում։ 

- Ես թքած ունեմ։ Չկան այդպիսի փողեր, որոնցով ինձ հնարավոր լիներ գնել։