Ինչի կհանգեցնի Հայաստանի համար սկսված այս գործընթացը 

Ինչի կհանգեցնի Հայաստանի համար սկսված այս գործընթացը 

Հայաստանի գործող իշխանություններն իրենց սատելիտների հետ թեեւ ամեն գնով հակառակն են փորձում ապացուցել ժողովրդին, սակայն իրականում այն գործընթացը, որն իրականացվում է ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ բան չէ, քան Հայաստանի պետականության վերջնական կազմաքանդում։ Ու դա հասկանալու համար առանձնապես մեծ խելք ու փորձ ունենալ պետք չէ։ Ընդամենը բավական է վերհիշել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր խմբագրություններով հանդերձ։ Ի դեպ, Հայաստանի իշխանությունները թեեւ այս հայտարարությունը մեղմ ասած «չսիրեցին», սակայն իրականում ներկայիս բոլոր գործընթացները, մեծ հաշվով, այդ հայտարարության մեջ ամրագրված դրույթների շրջանակներում են ընթանում։ Եւ ուրեմն, վերադառնալով սկզբում մեր կողմից արձանագրած թեզին, փորձենք ավելի մանրամասնել։ 

Արդեն առիթ ունեցել ենք «Հրապարակի» էջերում գրելու, որ գործընթացը միայն Տավուշով չի սահմանափակվելու, ընդգրկելու է նաեւ Գեղարքունիքը, Սյունիքը եւ այլն։ Ավելին, այսպես կոչված, «սահմանազատման-սահմանագծման» գործընթացին, խաղաղության կամ հաշտության պրոցեսի շրջանակում, հաջորդելու է նաեւ փախստականների վերադարձը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, փախստականների վերադարձ ասելով, սովորաբար հասկանում էին, որ խոսքը ԼՂ-ին է վերաբերում։ Սակայն իրականում հարցը հատկապես Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձին է վերաբերում։ Հատկապես ադրբեջանական մեդիան ու ադրբեջանական փորձագիտական-վերլուծական շրջանակների տեսակետները եթե ուսումնասիրենք, պարզ կդառնա, որ արդեն տեւական ժամանակ հենց այդ թեզն է առաջ մղվում՝ քայլ առ քայլ, հետեւողական ու համակարգված կերպով։ 

Սա թերեւս պակաս վատթարագույն իրողություն չի լինելու, քան ներկայիս գործընթացը։ Ինչու։ Որովհետեւ այն ենթադրում է, որ թերեւս 1988 թվականի դրությամբ Հայաստանում պետք է վերականգնվի, այսպես ասած, «ադրբեջանական տարրը», այսինքն՝ այն գյուղերը, որոնք խորհրդային ժամանակներում եղել են ադրբեջանաբնակ, պետք է վերստին դառնան ադրբեջանաբնակ, թեկուզեւ Հայաստանի իրավազորության ներքո։

Իսկ դա կարելի է որակել որպես «հայկական պետականության վերջնական կազմաքանդում», որովհետեւ դա նշանակում է պոտենցիալ կերպով մի քանի տասնյակ հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում, բնակչության ընդհանուր ժողովրդագրական-էթնիկ կազմի խաթարում, այսպես ասած, հայաստանցի ադրբեջանցիների՝ երկրի կյանքում քաղաքական գործոն դարձնել։ Ուշադրություն դարձրեք՝ մենք չենք քննարկում գույքային կորուստների վերականգնման, փոխհատուցումների եւ այլ հարցերին, որոնք կարող են առաջանալ, այլ քննարկում ենք զուտ պետական ժողովրդագրական, էթնիկ կազմերի խաթարման եւ քաղաքական հետեւանքների հարցը։