Փաշինյանի անհավանական արկածները «Զվարթնոցում»

Փաշինյանի անհավանական արկածները «Զվարթնոցում»

Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե այս պատմությունը որքանով է համապատասխանում իրականությանը, բայց մի անգամ, ասում են, «Զվարթնոց» օդանավակայանում Նիկոլը տեսնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բարձրացել են ինքնաթիռի թեւերին ու մուրճերով հարվածում են՝ որտեղ պատահի: Հարցնում է.

- Էս ի՞նչ եք անում:
- Առանձնապես ոչինչ, գլուխ ենք արդուկում,- պատասխանում է ամերիկացի համանախագահը:
- Հա, հա, գլուխ ենք արդուկում,- հաստատում է ֆրանսիացին, որ ամերիկացի համանախագահի հետ ինքնաթիռի աջ թեւի վրա էր:
Նիկոլը նայում է ձախ: Ձախ թեւի վրա էլ ռուս համանախագահն էր մուրճով հարվածում ինքնաթիռի թեւին:
- Ներողություն, Դո՞ւք ինչ եք անում:
- Ես էլ եմ գլուխ արդուկում, չե՞ս տեսնում։
Հետո, նկատելով, որ Նիկոլի ձեռքին բան կա, հարցնում է.
- Իսկ դա ի՞նչ է:
- Չագուճ:
- Չագո՞ւճ: Շատ լավ, դե արի նստիր կողքիս՝ միասին գլուխ արդուկենք:

Նիկոլը համաձայնում է ու տեղ զբաղեցնում ռուս համանախագահի կողքին: Սկսում են չորսով գլուխ արդուկել: Որոշ ժամանակ անց ինքնաթիռը խոդի է ընկնում ու շարժվում դեպի թռիչքուղի: Սկսում է թափ հավաքել ու հենց մի փոքր կտրվում է գետնից, համանախագահները թռնում են թեւերից:

Նիկոլը մնում է թեւի վրա մենակ: ՄԽ համանախագահները ներքեւից ձայն են տալիս.
- Նիկո՛լ, թռիր, այ սարսաղ, ջարդուփշուր կլինես, ախր…
- Ես թռնել չգիտեմ,- ձայն է տալիս Նիկոլը վերեւից,- վախըմ եմ, վախըըըըմ…
- Фу б․․.ь,- զայրանում է ռուս համանախագահը,- արա, որ թռնել չգիտեիր, խի՞ էիր գլուխ արդուկում:
Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Բանն այն է, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, մեղմ ասած, ճանտրակուլի է: Կանգնած ենք քաղաքացիական բախումների շեմին՝ այս էլ որերորդ անգամ: Նիկոլին ասում ենք՝ թռի, այ ընգեր, նա էլ թե՝ վախըմ եմ, ու իրեն կորցրած՝ շարունակում է գլուխ արդուկել, մինչեւ քամին քշի՝ պրծնենք: Ու երբ դա տեղի կունենա՝ ոչ ոք չգիտի առայժմ: Ուղեւորները ներսից պատուհանները կոտրում են՝ դե բավական է, վերջ տուր, ինքնաթիռի թեւը կվնասես, բայց Նիկոլի պետքն էլ չէ.
- Ի՞նչ եք խառնվել իրար, միեւնույն է՝ մի օր մեռնելու եք, չէ՞: Այսինքն, արդյունքը նույնն է լինելու, միայն մի տարբերությամբ, որ ինքնաթիռն էլ ձեզ հետ ջարդուփշուր կլինի:
- Идиот,- ներքեւից գոռում է ռուս համանախագահը, թռիր վերջապես, Մոսկվայում եւ ՀԱՊԿ-ում քեզ են սպասում…
- Имни мини… Мне по одному местуууууууу, վախըըըըըմ եմ…

Ինչքա՞ն դեռ կթռչեն Նիկոլն ու ինքնաթիռը՝ կախված է թեւի ամրությունից: Կհաջողվի՞ Նիկոլին իր ձեռքի ժապավենաշուք չագուճչով կոտրել ինքնաթիռի թեւը կամ դուրս քաշել գամերը, թե՞, այնուամենայնիվ, նա չի դիմանա թեւի վրա, ու քամին նրան կքշի: Այստեղ պետք է հիշենք նաեւ ընդդիմությանը, որ թռչում է նույն ինքնաթիռի սալոնում: Եթե ընդդիմությունն ուզում է ինքնաթիռը փրկել եւ ինքն էլ փրկվել ինքնաթիռի մեջ եղած մյուս ուղեւորների հետ, պետք է մի բան մտածի, օրինակ՝ Նիկոլին հրել ինքնաթիռի թեւի վրայից կամ հակառակը՝ պարան նետել նրան, որ ծայրից բռնի, տոտիկ-տոտիկ մոտենա դռանն ու ներս ընկնի: Երկրորդ տարբերակը, իհարկե, ավելի հումանիստական է, բայց ես խիստ կասկածում եմ, որ Նիկոլն այդ տարբերակից կօգտվի: Որ հասնի ինքնաթիռի սրահ՝ կատաղած ուղեւորները բռնելու են շինեն՝ իրենց պատճառած սթրեսի համար:

Բայց, մյուս կողմից էլ, հո չի՞ սպասի այնքան, մինչեւ ինքնաթիռը հասնի 9 հազար մետր բարձրության, որտեղ նույնիսկ շնչել հնարավոր չէ: Մի խոսքով՝ իմ ամենատխուր սպասումները կարող են իրականանալ: Նիկոլն անգամ այս կրիտիկական պահին շարունակում էր գլուխ արդուկել՝ երկու ոտքով եւ մեկ ձեռքով կառչել է էլերոններից ու արդուկում է, արդուկում, արդուկում…

Այստեղ մի շատ հայտնի ՔՊ-ական պատգամավոր ներքեւից բարձրախոսով հայտարարում է.
- Նիկո՛ո՛ո՛լ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ՝ քո համարձակության համար…
Ձայնը հասնում է Նիկոլին:
- Արա, դուք դեբիլ ե՞ք,- ի պատասխան գոռում է Նիկոլը,- չե՞ք տեսնում ինչ ք-ի մեջ եմ, ի՞նչ համարձակություն, փրկե՛ե՛ե՛ք, օգնություն…

Ուղեւորները կրկին կենտրոնանում են ինքնաթիռի ձախ թեւի վրա: Նիկոլը չկա: Բայց դա չի խանգարում, որ ՔՊ-ական երկու պատգամավոր գնան բրիֆինգի ու սովորության ուժով էշ-էշ դուրս տան, թե Նիկոլն Արցախի խնդիրներն ավելի լավ է հասկանում, քան արցախցիներն ու Արցախի ԱԺ-ն: